Լրահոս
Օրվա լրահոսը

Քուչակցի կինն ահազանգում է՝ բարակ, թեք ասֆալտը վնասում է իր առանձնատունը

Սեպտեմբեր 12,2025 14:00

«Ասֆալտը թեք են արել։ Ջուրը լրիվ լցվում է մեր տան տակ։ Հիմա իմ տան պատերը լրիվ ուռել են, թափվում են տան մեջ»,-«Առավոտին» ահազանգում է Քուչակ գյուղի 12-րդ փողոցի բնակիչ Կարինե Ծատրյանը։

«Մեր տան դիմաց գտնվող ճանապարհն ասֆալտապատել են։ Մենք գնացինք համայնքապետարան՝ ճշտելու ասֆալտի հաստությունը։ Համայնքապետն ասաց, որ պետք է 8 սմ լինի։ Պրոյեկտ կազմողը, որը եկել էր ստուգելու, քանի որ մենք դիմել էինք ոստիկանություն, ասաց, որ համայնքապետը սխալվել է, պրոյեկտում 5 սմ է գրված։ Մենք չափում ենք, տեսնում, որ ասֆալտը 3 սմ է», – մանրամասնում է Քուչակի բնակիչը։

Նոր ասֆալտապատումը 2024-ին է ավարտվել։ Երբ աշխատանքները պետք է սկսեին, այդ ժամանակ Կարինեն ամուսնու հետ բնակվում էր Ռուսաստանում։ Տեղեկանալով սպասվող ասֆալտապատման մասին՝ ինքն ու ամուսինը շտապել են Հայաստան՝ հետեւելու իրենց տանը կից կատարվելիք շինարարությանը։

«Մենք եկանք, ասացինք, որ եթե բարակ անեն, (հոսող) ջուրը լցվելու է մեր տան տակ, մեր տունը լրիվ ջրի՝ անձրեւաջրի, ոռոգման ջրի մեջ կլինի։ Նրանք վստահեցրին, որ էնպես կանեն, որ շատ լավ կլինի։ Փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ, ուղարկեցին Ռուսաստան», – վերհիշում է մեր զրուցակիցը։

 

Եկանք, տեսնենք՝ ի՜նչ

Ամիսներ անց վերադառնում են Հայաստան։ «Մենք եկանք, եւ տեսնենք՝ ի՜նչ. ամբողջ ասֆալտապատումը թեք է արվել: Գնացինք (Ապարան խոշորացված համայնքի) համայնքապետարան, խոսեցինք անձամբ համայնքապետի հետ։ Նա ասաց, որ ցիստեռն կուղարկի, կգան, կստուգեն՝ եթե ասֆալտի վրա լցված ջուրը գա դեպի քո տուն, մենք դա կուղղենք»,-պատմում է Քուչակի բնակիչը, հեգնում՝ «Առ այսօր ուղղում են»։

Ցիստեռնով փորձարկումից որոշ ժամանակ անց տիկին Կարինեն եւ ամուսինը կրկին այցելել են համայնքապետ Կարեն Եղիազարյանին, որը 2017 թվականից է զբաղեցնում համայնքի ղեկավարի պաշտոնը, անկուսակցական է եւ իշխող ՔՊ թիմակից չէ։ Եղիազարյանն ուղիղ ասել է՝ չի ուղղելու ճանապարհը։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ լաբորատորիական հետազոտությունը անհամապատասխանություն չի հայտնաբերել։ «Դա սուտ է», – առարկում է տիկին Կարինեն։

«Քուչակ գյուղում ահավոր պրոբլեմ է»

Ըստ քուչակցի կնոջ՝ ճանապարհի վերանորոգումը ոչ միայն հանգեցրել է անհաջող ասֆալտապատման, այլ նաեւ վեր է հանել նոր խնդիրներ։

«Քուչակ գյուղում ահավոր պրոբլեմ է։ Էնքան անորակ բաներ են անում։ Կարճ ասած՝ փողերի լվացման հետ գործ ունենք», – կարծում է տիկին Կարինեն։

Փողոցի հարեւանությամբ դպրոց է գտնվում, ուստի փողոցից երեխաներ շատ են օգտվում։ 12-րդ փողոցի բնակիչն անհանգիստ է. «Անցորդների, երեխաների համար մայթ գոյություն չունի։ Մի թեթեւ ասֆալտ են արել։ Մեքենաներ կան, որ այդ 6-7 մետր լայնությամբ ճանապարհը 90-100 արագությամբ են անցնում։ Ասում ենք՝ արհեստական անհարթություններ տեղադրե՛ք, համայնքապետարանից ասում են՝ դա մեր գործը չէ… Անպայման մեկի երեխան պետք է մեքենայի տակ ընկնի՞…»։

Ճանապարհը վերանորոգելիս տրակտորները խճաքարերը հրել են դեպի տներ եւ այգիներ, վնասվել են բնակիչների ծառերը, «ջախջախելով, ջարդելով իջել են, մեր ցանկապատը փչացրել են»։

Գյուղի բնակիչը մտահոգվում է. «Հոսանքի լարերը կապել են գազի սյուների վրա։ Աստված չանի, անձրեւ գա։ Մեր երեխեքն են խաղում, իմ թոռներն են խաղում… Ահավոր վիճակ է»։

 

«Եթե խնդիր կա, ասֆալտապատողին կասենք, կուղղեն». Կարապետյան

«Տեղյակ չենք»,-«Առավոտի» թղթակցի հարցին՝ տեղյա՞կ են, որ ըստ Քուչակի բնակչի՝ թեք եւ բարակ ասֆալտի պատճառով հոսող ջուրը վնասում է տունը, ասաց Ապարանի համայնքապետի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանը՝ միեւնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով շուտափույթ լուծում տալ խնդրին։

«Ասֆալտը երաշխիքի մեջ է։ Եթե խնդիր կա, ասֆալտապատողին կասենք, կուղղեն», -վստահեցրեց Կարապետյանը, որը խոստացավ կապվել Քուչակի վարչական ղեկավարի հետ՝ ճշտելու, թե ինչ խնդիրներ կան։ Կարապետյանը տեղեկացրեց, որ նույն օրը՝ սեպտեմբերի 8-ին, աշխատակիցներ կուղարկի Քուչակ՝ արձանագրելու բարձրաձայնված խնդիրը։ Այնուամենայնիվ, սեպտեմբերի 10-ի դրությամբ նման այց չի իրականացվել, «Առավոտին» հայտնեց տիկին Կարինեն։

«Ասֆալտի հաստության խնդիր լինել չի կարող։ Դա լաբորատորիայում ստուգվում է, չի կարող բարակ լինել»,-սեպտեմբերի 8-ի հեռախոսազրույցում պնդել է ՏԻՄ պաշտոնյան։ Ըստ նրա՝ հնարավոր է, որ բնակիչը չափել է ասֆալտի քերուկը, որը կարող է հիմնական ասֆալտից բարակ լինել։

Ասֆալտապատման շրջանակներում վնասված ծառերի, բակերի մասին Արկադի Կարապետյանը տեղեկություն չուներ։

Կարինե Ծատրյանը հակադարձում է Կարապետյանի հավաստիացումներին, ասում է՝ «Սուտ է»։

Վարչական ղեկավարը փորձել է լուծում գտնել

Բնակչի բողոքի աթռիվ մենք կապվեցինք Քուչակի վարչական տարածքի ղեկավար Խաչիկ Շաբոյանի հետ։ Նա ընդգծեց, որ լինելով քուչակցի՝ սրտացավ է իր գյուղացիների բողոքների հանդեպ եւ փորձել է հանգուցալուծել Ծատրյանի բարձրաձայնած անհարմարությունը։ Շաբոյանի խոսքով՝ ասֆալտապատման ժամանակ նրա կարգադրությամբ խողովակ է անցկացվել, որպեսզի ջրահեռացումն իրականանա եւ չհոսի դեպի տներ։

Քաղաքացու տեսանկյունից, սակայն, խողովակը պրոյեկտի մաս չի կազմում, եւ ոռոգման ջրի համար է։

Բարակ ասֆալտի պնդման կապակցությամբ վարչական տարածքի ղեկավարը չբացառեց, որ ասֆալտի եզրային մասերը կարող են ավելի բարակ լինել, բայց հավաստիացրեց, որ ճանապարհի հիմնական մասում, ինչպես նախատեսված է եղել պրոյեկտում, ասֆալտի հաստությունը 5 սմ-ից պակաս չէ։

Գործը ոստիկանությունում է

Խնդիրը չլուծված է մնում արդեն 1,5 տարի։ Կարինե Ծատրյանը վրդովված է. տունը շարունակ խեղվում է։ Համայնքային իշխանությունը, չնայած խնդիրները շտկելու պատրաստակամության վստահեցումներին, առայժմ խոսքից չի անցել գործի։

Տիկին Կարինեից հետաքրքրվեցինք՝ փորձե՞լ է պարզաբանում ստանալ ոլորտը համակարգող, սուբվենցիան տրամադրած պետական գերատեսչությունից՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

Նա պատասխանեց, որ ոստիկանություն է դիմել։

Քանի որ ոստիկանության ներկայացուցիչը պրոյեկտ կազմողի հետ այցելել է խնդրահարույց ճանապարհ, ոստիկանությունից խնդրել են հետ վերցնել դիմումը, բայց Կարինե Ծատրյանը չի համաձայնել։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.09.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930