Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշտվելու համար պետք է երկու կողմի ցանկությունը

Սեպտեմբեր 12,2025 10:00

Ադրբեջանական էթնոսի ներկայացուցիչները մեր թշնամիները չեն: Համենայնդեպս, ես նրանց այդպես չեմ ընկալում: Երբ մեր պետությունների միջեւ քաղաքական հարաբերությունները իսկապես կարգավորվեն, մենք եւ նրանք պետք է ամեն ինչ անենք՝ դեպի իրական հաշտեցում գնալու համար:

Բայց քաղաքական հարաբերություններն ամենեւին կարգավորված չեն, ու Հայաստան եւ Ադրբեջան պետություններն այս պահին մնում են թշնամիներ: Այդ փաստը կարող են չընդունել միայն այն իշխանությունները, որոնց ղեկավարությամբ Հայաստանը պարտություն է կրել, եւ որոնք, դրա հետեւանքով, կատարում են հաղթող կողմի պահանջները:

Այո, պատերազմի ժամանակ հայերն ու ադրբեջանցիներն իրար սպանել են: Բայց Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքականության մեջ սիմետրիա չկա: Ադրբեջանցիներն են Սումգայիթում սպանել, խոշտանգել եւ բռնաբարել հայ կանանց ու աղջիկներին: Ադրբեջանցիներն են Բաքվում հայերին ցած նետել բազմահարկ շենքերից: Ադրբեջանցի սպան է կացնահարել քնած հայ սպային եւ իր երկրում հերոսացվել: Ադրբեջանական դպրոցներում են առ այսօր ատելություն սերմանում հայերի հանդեպ: Ադրբեջանի բանտերում են այսօր պահվում ու խոշտանգվում մեր հայրենակիցները: Ադրբեջանի նախագահը, նույնիսկ «խաղաղության հաստատումից» հետո, շարունակում է սպառնալ Հայաստանին եւ կոչ է անում իր քաղաքացիներին երբեք չմոռանալ «հայերի չարագործությունները»: Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն է խոսում «Էջմիածնի ղազիաթի» եւ ադրբեջանցիների՝ «իրենց հողերը վերադառնալու» մասին:

Այսինքն՝ հարեւան երկրի քաղաքականությունը շարունակում է լինել թշնամական: Այս պայմաններում Հայաստանի իշխանությունների «խաղաղասեր» հռետորաբանությունը հնչում է առնվազն անհեթեթ: Որովհետեւ հակառակ կողմն իրական խաղաղության համար ոչ մի քայլ չի ձեռնարկում եւ չի էլ ձեռնարկի, քանի դեռ Հայաստանում իշխանության գլխին են իրենց կողմից պարտության մատնված ղեկավարները:

 

Հաշտություն պետք է լինի եւ անպայման լինելու է: Բայց ոչ այս իշխանությունների օրոք:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930