Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը Լիբանանի դեսպանին կոչ Ուղղեց` հայ գերիներու հարցը արծարծելու ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու խորհուրդի նիստին. «Ազդակ»

Սեպտեմբեր 12,2025 08:30

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու խորհուրդի Ժընեւի մէջ 60-րդ նիստի առիթով, նամակ մը յղեց ՄԱԿ-ի Ժընեւի կեդրոնատեղիին մէջ Լիբանանի դեսպան Քարոլին Զիատէին` Ազրպէյճանի մէջ պահուող հայ պատանդներու վերաբերեալ:

Հայ դատի մարմինը դեսպանին ուշադրութեան յանձնեց, որ, հակառակ Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ խաղաղութեան հաստատման ուղղութեամբ նոր զարգացումներուն, որոնք յանգեցան Արցախի հարցով զբաղելու լիազօրուած ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի լուծարման, այդ խմբակի ստեղծման հիմնական պատճառը` Արցախի հայերու իրաւունքներու եւ անվտանգութեան հարցը, Պաքուի եւ Անգարայի պնդումներուն հակառակ, կը մնայ չլուծուած, ուստի միջազգային ընտանիքը եւ մասնաւորաբար ՄԱԿ-ը պէտք է այդ հարցին մէջ ներգրաւուած մնան:

Մարմինը յայտնեց, թէ Ազրպէյճանի մէջ ապօրինաբար պահուող հայ գերիներու առանց նախապայմաններու եւ անմիջական ազատ արձակումը կը շարունակէ մնալ մարդասիրական յստակ հրամայական մը:

Հայ դատի մարմինը դեսպանին ուշադրութեան յանձնեց պարագան այդ գերիներուն մէջ եղող Լիբանանի քաղաքացի Վիգէն Իւլճեքեանին, որ մայիս 2025-էն ի վեր հացադուլի դիմած է` իբրեւ բողոք իր կալանքի ապօրինութեան ու անմարդկային պայմաններուն դէմ:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Ժընեւի մէջ Լիբանանի դեսպանին կոչ ուղղեց` Ժընեւի մէջ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու խորհուրդի նիստին արծարծելու Լիբանանի քաղաքացի Իւլճեքեանի եւ մնացեալ հայ գերիներու հարցը:

Հայ դատի մարմինը նաեւ այս գծով հաղորդագրութիւն մը յղեց լիբանանեան լրատուամիջոցներուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930