Հարցազրույց ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Մարինա Ղազարյանի հետ
– Ասում են` ՔՊ-ում արդեն նախընտրական աժիոտաժի մեջ են, ցուցակի համար թեժ մարտեր են մղվում, Դուք, ըստ Ձեզ, կլինե՞ք անցողիկ տեղերում, օրինակ, Փաշինյանը հիմա ո՞ր արժանիքներին է նախապատվություն տալու` ցուցակ գրելու ժամանակ։
– Ինքը միայնակ չի կազմելու ցուցակը, կլինի վարչություն, տարածքային խորհուրդներ, եւ ցուցակը կկազմվի։ Ես ողջունում եմ, որ երիտասարդներ են գալիս, մտնում ցուցակի մեջ, ես ցանկացած աշխատանք կկատարեմ, եթե գտնեն, որ պետք է լինեմ, կլինեմ, եթե` ոչ, ես չեմ ընկճվում, ճանապարհը կտամ երիտասարդներին, բայց ես միշտ կլինեմ թիմի հետ։ Այսօր մեր նկատմամբ վստահությունն ավելի մեծ է, քան պատերազմից հետո, հավատացեք, եւ ես կարծում եմ, որ հիմա ավելի բարձր տոկոսներ ենք ստանալու, քանի որ մեր ասածը, որ գնում ենք խաղաղության, գործնական քայլերով ցույց ենք տվել։
– Արցախի կորստի՞ գնով։
Կարդացեք նաև
– Հայաստանի Հանրապետությունը չի մեղավոր, որ Արցախը չկա, սա շատ երկար թեմա է, ես էլ եմ ցավում, ես էլ 2018 թվականին վստահ էի, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, բայց հետո, երբ խորացել եմ այդ թեմայի մեջ․․․ ցավում եմ, որ Արցախը չկա, ես դպրոցում աշխատել եմ, եւ միշտ ինձ համար հարցական էր՝ ինչո՞ւ 1994 թվականին մենք չենք կնքել հաշտության պայմանագիր, ինչու չէ` պիտի կապիտուլյացիայի ենթարկեինք Ադրբեջանին։
– Եկեղեցու դեմ իշխանության արշավը ո՛չ առաջ է գնում, ո՛չ էլ դուրս է գալիս օրակարգից, Դուք ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում։
– Ես շատ կուզեմ, որ արշավն իր ավարտին հասնի, կարծում եմ, որ Եկեղեցին խելացի կգտնվի եւ ինքը կհանգուցալուծի, չի սպասի մեր միջամտությանը։ Եկեղեցին` որպես Եկեղեցի, ես շատ-շատ սիրում եմ, բայց անձնավորությունները չպետք է մտնեն քաղաքական դաշտ։ Սրբազանները չպետք է զբաղվեին քաղաքականությամբ, իրենք մտել են այդ դաշտը։ Ես եկեղեցի հիմա չեմ մտնում, չեմ կարողանում։ Հա, ես ուզում եմ մեր եկեղեցին մաքրվի այդպիսի անձերից։ Հա, Տաթեւ մտնում եմ, Կապան մտնում եմ, բայց չեմ գնում պատարագների։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում