Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի դատարանը ընդունեց, որ հայցվորը՝ Ստեփանակերտում ծնված 58- ամյա հայուհին Ադրբեջանում կարող է ենթարկվել խտրականության եւ ֆիզիկական բռնության, ուստի արտաքսումը դադարեցվեց. «Ազգ»

Սեպտեմբեր 12,2025 10:50

«Ազգը» հաղորդել էր, որ սեպտեմբերի 1-ին Գերմանիայի Հյուսիս Հռենոս Վեստֆալիայի Գելզենքիրհենի դատարանը, փաստաբանի հրատապ միջնորդությունն ընդունելով, առժամյա կանխել է Գերմանիայի ներգաղթի եւ փախստականների գերատեսչության (BAMF)՝ ԼՂ-ից բռնագաղթած՝ Գերմանիայում ապաստանի հայցը մերժած հայուհու Ադրբեջան հարկադրյալ արտաքսումը:  Մանրամասներ է ներկայացնում վերոհիշյալ գործով փաստաբան Խաչատուր (Քրիստիան) Մխիթարյանը, որը Գերմանահայ իրավաբանների միության վարչության անդամ է:

–Պարոն Մխիթարյան, 2024-ի սեպտեմբերի 16-ի որոշմամբ Գերմանիայի Կասել քաղաքի դատարանը պարտավորեցրել էր Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությանը Արցախից (ԼՂ-ից) բռնի արտաքսված հայցվորներին փախստականի կարգավիճակ շնորհել՝ ԳԴՀ «Ապաստանի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն: Արդեն նախադեպը կա, ինչու՞ այն չի կիրառվում մնացած՝ Գերմանիայում ապաստան հայցող արցախցիների պարագայում: Ձեր հայցվորին՝ 58-ամյա կնոջը մերժել են փախստականի կարգավիճակ տրամադրել, եւ նրան, որքան էլ տարօրինակ է, կարող էին Ադրբեջան արտաքսել: Ձեր հրատապ միջնորդության շնորհիվ նա դեռ Գերմանիայում է:

-Նախ եւ առաջ պետք է նշել, որ 2024 թ. սեպտեմբերի 16-ի Կասելի վարչական դատարանի երկու վճիռներն (խոսքը վերաբերում է նույն ընտանիքի անդամներին, պարզապես մայրն առանձին վարույթ ուներ, տղան եւ ընտանիքն՝ առանձին: Նույն դատական նիստի ժամանակ որոշումը կայացվեց, նույն օրը հրապարակվեց՝ ստացան փախստականի կարգավիճակ) արդեն եղել են մի շարք վարչական դատական գործընթացների առարկա, օրինակ՝ Վյուրցբուրգի եւ Գիսենի վարչական դատարաններում, ինչպես նաեւ ձեր կողմից մեջբերված Գելզենկիրհենի վարչական դատարանի վարույթում, եւ համապատասխանաբար գնահատվել են՝ թե՛ հայցվորի քաղաքացիության հարցի, թե՛ հայերի նկատմամբ խտրականության հարցի առումով:

Դրա արդյունքում ես ավելի քան 10 վարչական գործերում՝ օգտագործելով նաեւ Կասելի վարչական դատարանի որոշումները, որոնք հիմնված էին Հայաստանի իրավական իրավիճակի վերաբերյալ իմ ներկայացրած տեղեկությունների վրա, հաջողության եմ հասել բոլոր հրատապ վարույթների շրջանակներում: Սակայն սա չի նշանակում, որ Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությունը (ՆՓԴԳ, այսուհետ՝ գերատեսչությունը- Ան.Հ.) դրական իմաստով դասեր է քաղել այդ որոշումներից: Մինչ այդ, գերատեսչությունը ՀՀ-ն դիտարկել էր՝ որպես հայցադիմողների ծագման երկիր:

Երբ տվյալ գործերում ներկայացրի հավաստագրեր ՀՀ քաղաքացիություն չունենալու մասին, դա հանգեցրեց գործերի վերջնական կամ ժամանակավոր հաջողության, քանի որ գերատեսչությունը մեծ մասամբ իրավասու չէր վերադարձը Հայաստան ստուգելու, այլ պարտավոր էր ուսումնասիրելու Ադրբեջան վերադարձի հնարավորությունը, քանի որ Արցախը (ԼՂ) 2023 թ. էթնիկ զտումից հետո փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ է: Սա է պատճառը, որ ձեր նշած գործում գերատեսչությունը փորձեց ստուգել Ստեփանակերտից 58-ամյա հայցվորի վերադարձը Ադրբեջան: Հակառակ դեպքում գերատեսչությունը կրկին դատական գործընթացում պարտվելու էր:

Սակայն փոխանակ ընդունելու, որ Ադրբեջանում առկա է խտրականություն, Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությունը հայցվորին սպառնաց Ադրբեջան արտաքսմամբ՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, որոնց համաձայն նա կարող էր ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն եւ խաղաղ ապրել այնտեղ: Սա չէր կարող անառարկելի մնալ: Ես ներկայացրի շտապ դիմում, եւ դատարանը ընդունեց, որ հայցվորը՝ Ստեփանակերտում ծնված 58- ամյա հայուհին Ադրբեջանում կարող է ենթարկվել խտրականության եւ ֆիզիկական բռնության, ուստի արտաքսումը դադարեցվեց: Փախստականի կարգավիճակի հարցը դեռեւս հստակ չէ:

 – Ձեր արցախցի հայցվորների մեջ քանի՞սն են փախստականի կարգավիճակ ստացել:

-Ունեմ 15-ից ավել դատական գործընթաց, որ վերաբերում են Արցախից բռնագաղթած անձանց, նրանց ընտանիքներին: Մինչեւ հիմա վերջնական որոշում, վճիռ կայացրել է Կասելի վարչական դատարանը: Ունեցել եմ 3 տարբեր ընտանիքների վերաբերյալ որոշումներ, երբ դաշնային գերատեսչությունը նրանց կարգավիճակի մասին փաստերը հաշվի առնելով հետ է վերցրել իր որոշումը, բայց նույն ժամանակ չի տրամադրել դրական որոշում՝ այն վերապահելով հետագայի համար:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Խաչատուր (Քրիստիան) Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930