Կենտրոնական բանկը որոշել է նույնականացնել բանկերի ու այլ ֆինանսական ընկերությունների տերմինալներով վճարումներ կատարող անձանց՝ համոզված լինելու, որ քաղաքացիները չեն դիմում խարդախության։ Քաղաքացիների կենսաչափական տվյալների բացակայության պայմաններում այս պահանջը փաստացի անիրականանալի է եւ քաղաքացուն զրկելու է տերմինալներով տարրական փոխանցումներ կատարելու հնարավորությունից, ինչպես նաեւ՝ պետության «դամոկլյան սուրը» կախվելու է ողջ ֆինանսական համակարգի վրա։
Ըստ ներկայացվող պահանջի՝ տերմինալների վրա պետք է տեղադրվի տեսախցիկ, ու քաղաքացու պատկերը պետք է համեմատվի «ԷԿԵՆԳ» համակարգում պահվող լուսանկարի հետ։ Սակայն անտեսվում է փաստը, որ անձնագրի լուսանկարը կենսաչափական տվյալ չէ։ Այս դեպքում տեղի է ունենալու թերի նույնականացում, ինչն իր հերթին անվտանգության առումով կառաջացնի լրջագույն խնդիրներ։ Իսկ ֆինանսական կառույցները ստիպված են լինելու հավաքագրել կենսաչափական տվյալների սեփական բազա, եւ նույնականացումն իրականացնել յուրաքանչյուրը յուրովի։ Սա էլ իր հերթին շիլաշփոթի կվերածի նույնականացման ամբողջ գործընթացը։ Այստեղ նաեւ հարց է առաջանում, թե արդյո՞ք ընտրական տարվա նախաշեմին կառավարությունն ու դրամատունը գործում են համաձայնեցված։
…Բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան. օրինակ, թե ինչ իրավունքով են մասնավոր ֆինանսական կազմակերպությունները հասանելիություն ստանալու քաղաքացիների տվյալներին։ Ինչպե՞ս է տեղի ունենալու քաղաքացիների նույնականացումը` ավտոմատ կարգո՞վ, թե՞ օպերատորները պետք է տերմինալին մոտեցած մարդու պատկերն «աչքաչափով» արագ համեմատեն նրա անձնագրի լուսանկարի հետ ու թույլ տան կամ չտան գործարքն իրականացնել։
Հայաստանում գործող տասնյակ հազարավոր տերմինալներով, այդ թվում՝ նաեւ բանկերում, ամեն օր իրականացվում են միլիոնից ավելի գործարքներ. քանի՞ օպերատոր է պետք՝ այդ ողջ հոսքը սպասարկելու համար։ Ի՞նչ անել, եթե համակարգը հրաժարվում է ճանաչել քաղաքացուն՝ դիմագծերն են փոխվել, մորուք է պահել, սափրվել է, շպարն այլ է եւ այլն։ Ի՞նչ պետք է անի, օրինակ, հիվանդանոցում վիրահատության համար վճարող մարդը, որին տերմինալը հրաժարվում է նույնականացնել։ Եթե տերմինալով վճարումներն անհնարին դառնան, պատրա՞ստ են արդյոք հարյուրավոր գյուղերի բնակիչներ, ովքեր չունեն ժամանակակից հեռախոսներ, գալ քաղաքներ՝ տարրական վճարումներ կատարելու, իսկ բանկերը` առերեսվեն վարկերի ու կոմունալ վճարների ուշացումների հետ։
Կարդացեք նաև
Արդյո՞ք փոստային ծառայություններն ու բանկերը պատրաստ են իրականացնել օրական մեկ միլիոնից ավելի լրացուցիչ գործարքներ։ Տեսախցիկների տեղադրումն ի՞նչ լրացուցիչ ներդրում է ենթադրում բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների կողմից, ու որքա՞ն է այդ ներդրումը թանկացնելու միջնորդավճարներն ու ծառայությունների գինը։ Ինչպե՞ս են պայքարելու անխուսափելիորեն ավելանալիք կանխիկ անվերահսկելի հոսքերի դեմ եւ այլն:
Արեգ Մարգարյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում