Shamshyan.com.Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:05-ի սահմաններում չինական արտադրության էլեկտրական ավտոմեքենան Արգավանդի խաչմերուկից դեպի Երևան ընթանալիս, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը ու բետոնե պաշտպանիչ պատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով երկաթե էլեկտրասյունը տապալվել ու փակել է դեպի Էջմիածին տանող ճանապարհահատվածի մեծ մասը և բետոնե պատնեշն է շպրտվել։ Վնասվել են նաև տապալված էլեկտրասյան վրա տեղադրված ինտերնետ կապի համար օգտագործվող մալուխները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի թաց լինելն է եղել։ Հրշեջ-փրկարարները այնուհետև կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Վթարից հետո ավելի քան 2 ժամ է պահանջվել, որպեսզի ժամանեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները և կատարեին հոսանքազրկում։ Ժամանել էին նաև «Երքաղլույս»-ի աշխատակիցները, ովքեր հայտնեցին, որ հոսանքազրկման աշխատանքներն ու էլեկտրասյան տեղափոխումը վթարի վայրից պետք է կատարի ՀԷՑ-ը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է սթափ, իսկ վիրավորները կին և տղամարդ զբոսաշրջիկներ են, «Զվարթնոց» օդանավակայանից վարորդը նրանց տեղափոխում էր հյուրանոցային համալիր:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: