Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալացիները Երևանի օպերային թատրոնում

Սեպտեմբեր 12,2025 14:45

Ազգությամբ ռուս, ծնունդով Իտալիայից Մաքսիմ Նիկոնովը, Երևանի և Միլանի օպերային թատրոնների միջև Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրի արդյունքում որոշ ժամանակ կաշխատի Երևանում։

Aravot.am-ը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կայքէջից տեղեկացավ, որ օրերս թատրոնում հյուրընկալվել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ալեսանդրո Ֆարանտին և Միլանի «Լա Սկալա» թատրոնի տեխնիկական տնօրեն Ֆրանկո Մալգրանդեն։

Կապվեցինք թատրոնի տնօրենի խորհրդական Ռոնա Ահարոնյանի հետ՝ այդ առիթով մեզ հետաքրքրող որոշ հարցերի պատասխան ստանալու համար։

«Մեր թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, այո, հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ալեսանդրո Ֆարանտիին և Միլանի «Լա Սկալա» թատրոնի տեխնիկական տնօրեն Ֆրանկո Մալգրանդեին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի օպերայի և բալետի ազգային թատրոնը արտասահմանում ներկայացնող մենեջեր Էտտորե Վոլոնտիերին, ինչպես նաև օպերային թատրոնի մի շարք աշխատակիցներ։ Նշեմ, որ «Լա Սկալա»-ի տեխնիկական տնօրենը իր այցի ընթացքում, մեր թատրոնի շենքի սարքավորումների շահագործման և սպասարկման գծով տնօրենի տեղակալ Սուրեն Աղաբաբյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել թատրոնում՝ ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական ապահովմանը։ Բնականաբար քննարկվել են թատրոնի տեխնիկական վերազինմանը միտված մի շարք գործընթացներ»,– հայտնեց տիկին Ահարոնյանը։

Մեր զրուցակցին հիշեցրինք, որ Երևանի և Միլանի օպերային թատրոնների միջև համագործակցությունը սկսվել է նախորդ՝ 2024թ.-ից, երբ երկու թատրոնների կատարողական արվեստների և արհեստների ակադեմիաների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որով կողմերը պատրաստակամություն հայտնեցին նպաստելու երկու հաստատություններում կատարողական արվեստի զարգացմանը և թատրոնների միջև համագործակցության խթանմանը։ Հետաքրքրվեցինք, թե երբ կլինի առաջին՝ տեսանելի քայլը։

Ռոնա Ահարոնյան

Տնօրենի խորհրդականն ասաց, որ մոտ օրերս հյուրընկալել են «Լա Սկալա»-ի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի շրջանավարտ Մաքսիմ Նիկոնովին, ապա մանրամասնեց՝ թվարկելով թատրոնում նրա գործառույթները՝ արտաքին կապերի մշակում, զարգացում, հյուրախաղերի և միջազգային նախագծերի կազմակերպում, հրավիրյալ արտիստների և բեմադրական կազմի հետ տարվող աշխատանքների իրականացում, իտալական բիզնես միջավայրում հովանավորների որոնում, հանդիպումների և տեխնիկական կոնֆերանսների իտալերենից թարգմանություն, իտալական կազմակերպությունների հետ գործող պայմանագրերի և համաձայնագրերի ընթացքի նկատմամբ հսկողություն։

Մաքսիմ Նիկոնով

Ռոնա Ահարոնյանի միջնորդությամբ Մաքսիմ Նիկոնովի հետ կարճատև զրույց ունեցանք, ինչը սկսվեց «Լա Սկալա»-ի ակադեմիայի, ուղիղ ասած՝ գովքով։ Մեր զրուցակիցն ասաց, որ Երևանի թատրոնում իր գործունեության շրջանը 5 ամիս է։ Գերազանց տիրապետում է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, իտալերենի, իսպաներենի։

«Մեկ-երկու օր է այստեղ եմ։ Ինձ շատ հարմարավետ եմ զգում, շրջապատված եմ՝ չգիտեմ նույնիսկ ինչպես արտահայտվել, բարյացակամ, իրենց գործին նվիրված մարդկանցով։ Արդեն կարճատև շփումների ընթացքում հասցրել եմ կարծիք կազմել երևանյան կոլեգաներիս մասնագիտական բարձր որակների մասին։ Նույնիսկ համոզված եմ, որ նրանց հետ իմ շփումների արդյունքն է՝ ձեր օպերային թատրոնի անունը հաճախ կհոլովվի եվրոպաներում։ Էլ չեմ ասում այն գործառույթների մասին՝ այդ թվում հյուրախաղերի ու այլ միջազգային նախագծերի կազմակերպումից մինչև իրականացում, հովանավորների ներգրավում և այլն, և այլն»,– հայտնեց թատրոնի հյուրը։

Հետաքրքրությանը, թե ծանոթ է մեր երաժշտարվեստին, Նիկոնովը նախ ասաց, որ իր խոսքերով՝ շատ քիչ, ապա թվարկեց իրեն ծանոթ հետևյալ հայ կոմպոզիտորների անունները՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ղազարոս Սարյան, Ավետ Տերտերյան։ Ավելացրեց. «Իհարկե, հայ հեղինակների շատ անուններ եմ լսել՝ ոչ միայն երաժշտության, մշակույթի այլ ոլորտների նույնպես։ Իսկ որ հայ կոմպոզիտորների անունները թվարկեցի՝ ծանոթ եմ նրանց որոշ բարձրարվեստ գործերին։ Ինչ վերաբերում է օպերայի և բալետային ժանրերին՝ պետք է խոստովանեմ, որ ինձ, որպես հանդիսատեսի, ավելի մոտ է բալետային ժանրը։ Գիտեմ, որ Երևանի թատրոնում բալետային ներկայացումներ են իրականացրել ոչ միայն հանրահայտ, այլև համաշխարհային ճանաչում վայելող խորեոգրաֆներ, օրինակ՝ Յուրի Գրիգորովիչը։ Ձեր Վիլեն Գալստյանին էլ եմ հեռակա ծանոթ (ժպտում է – Ս.Դ.) և այլն, և այլն»,– խոսքը եզրափակեց Մաքսիմ Նիկոնովը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ իտալացիները Երևանի օպերային թատրոնում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930