Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ, եկեք մեր տուն որեւէ մեկդ եւ մամայիս համոզեք, որ խաղաղությունը եկել է»․ Գեղամ Մանուկյանը պատմեց իր եւ Արման Եղոյանի զրույցը՝ 44-օրյայի օրերին

Սեպտեմբեր 12,2025 13:15

«2020 թվականի հոկտեմբերի 6, 44-օրյա պատերազմի օրերն էր։ Արման Եղոյանը ՔՊ խմբակցության պատգամավոր էր, ես՝ «Երկիր մեդիայի» տնօրենը։ Արման Եղոյանը հյուր էր եկել  «Երկիր մեդիա»՝ հարցազրույցի։ Դրանից կարճ ժամանակ առաջ մի գույժ էր հասել, որ Արցախում, Մարտակերտ՝ Վարնկաթաղում (Լուլասազ) բարձունքում զոհվել են դաշնակցության կամավորական ջոկատի մեր ընկերներից շատերը․․․ հայտնի չէր ոչ թիվ, հայտնի չէին անուններ․․․ Այդ ջոկատի մեջ էր նաեւ որդիս»,- այս պատմությամբ այսօր խորհրդարանում իր ելույթը սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը շարունակեց պատմել, որ մտել է տաղավար՝ հաղորդավարուհի Աննա Իսրայելյանին ասել, որ շտապ գնում է ՀՅԴ գրասենյակ։ Արմեն Եղոյանը Գեղամ Մանուկյանին է դիմել․ «Գեղամ, ոնց որ ընկճված ես, պետք չի ընկճվել, պետք է դուխով լինել»։ Ասում եմ՝ լավ էլի, թարգ տուր։ Չէ, ասում է, պետք չի ընկճվել․․․Հիմա, դրանից հետո՝ ես, իմ ընկերները, վայրկյան անգամ պատերազմի կողմնակից կարո՞ղ ենք լինել․ մարդիկ, որոնց ընկերները Եռաբլուրում տասնյակներով, հարյուրներով են հաշվվում»։

Ըստ Գեղամ Մանուկյանի, ՔՊ-ական իշխանությունը հայ ժողովրդին կեղծ երկընտրանքի առաջ է կանգնեցրել։

Գեղամ Մանուկյանը խոսեց ՀՀ-ԱՄՆ համաձայնագրերի եւ ՀՀ-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրի մասին։

«Հայաստանն առաջարկում է սահմանից հայելային հետ քաշել զորքերը, Ադրբեջանն ասում է՝ ոչ․ այս փաստաթղթում չկա։ Արարատ Միրզոյանը ստում է, որ ասում է՝ այս փաստաթղթում երբեք չի եղել ԽՍՀՄ ԳՇ քարտեզների մասին հիշատակում։ Սուտ է, մենք քոռ աչքով ենք տեսել դա։ Հիմա՝ հրապարակվածի մեջ չկա, բայց Արարատ Միրզոյանը ստում է՝ ասում է՝ երբեք չի եղել»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ական պատգամավորները ՀՀ ԱԳՆ-ում ծանոթացել են փաստաթղթին, իրենց ուղեկցող ՀՀ ԱԳ փոխնախարարն ասել է, որ այդ քարտեզները կան․ «Գնացինք Վաշինգտոն՝ պատից կախված էր»։

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ Բաքվում ընթացող կեղծ դատավարությանը՝ հայտարարելով, որ այդ դատը ՀՀ-ի դեմ է, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի դեմ է, Գագիկ Մելքոնյանի դեմ է։ Դիմեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին․ «Եղբորդ դեմ է այս դատավարությունը, Արամ Սարգսյան»։

«Խնդրում եմ, եկեք մեր տուն որեւէ մեկդ եւ մամայիս համոզեք, որ խաղաղությունը եկել է»,-ՔՊ-ականներին դիմեց Գեղամ Մանուկյանը, որի եղբայրը՝ գեներալ Դավիթ Մանուկյանը գերեւարված է Բաքվում։ Նա ցուցադրեց իրենց պատշգամբում, Արցախի շրջափակումից մի քանի ժամ առաջ արված լուսանկարը՝ մոր կարոտով հայացքով․ ասաց՝ այդ հայացքը մինչեւ հիմա նույնն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Խորհրդարանում քննարկվում էր ՊԵԿ-ի գործունեության 2024 թվականի հաշվետվությունը։ Ընդդիմադիրների ելույթները նվիրված էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության նախաստորագրված համաձայնագրին, Վաշինգտոնում ձեռք բերված այլ համաձայնություններին։

Գեղամ Մանուկյանը մեջբերել էր երեկ Բաքվում ընթացող դատավարություններից որոշ հայտարարություններ եւ ասել, որ այդ դատավարությունը ՀՀ-ի, Վազգեն Սարգսյանի եւ այլ անձանց դեմ է։ Նրա խոսքը, ըստ Հակոբ Արշակյանի, թյուրընկալում կարող է առաջացնել։ Հորդորեց՝ ուշադիր լինել սեփական խոսքին եւ հստակեցրեց․ «ՀՀ բանակի որեւէ սպա, գեներալ այլ երկրի խաղաղ բնակչության նկատմամբ կրակելու հրաման երբեք չի տվել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930