Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ռուս զինվորականներ են ձերբակալվել․ նրանք չէին հասցրել վերցնել պատվիրած թմրանյութը

Սեպտեմբեր 12,2025 19:55

Aravot.am-ի տեղեկություններով, նախորդ օրը  ոստիկանության Կումայրի բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության 20-ամյա քաղաքացիներ, զինծառայողներ Ս․Մ-ն և Դ․Պ․-ն։

Նրանք ձերբակալվել են Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղուց դեպի Մուշ թաղամաս տանող ճանապարհին, երբ  պատրաստվել են վերցնել Թելեգրամյան ալիքով իրենց պատվիրած թմրանյութը։ Նրանք ձերբակալվել են ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով։

Համայնքային ոստիկան Վարդանյանը  կարողացել է կանխել նրանց հանցավոր գործունեությունը․ նա , տեղեկություններ ստանալով այս մասին,  օպերատիվ խմբի հետ ճիշտ ժամին եղել է դեպքի վայրում։

Նրանք ռուս զինծառայողներին խուզարկել են, նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել․ նրանցից մեկը՝  Ս․Մ․-ն խոստովանել է, որ ընկերոջ հետ եկել էր «Թելեգրամ» հավելվածի «Թոփ տավար Արմենիա» էջից 30 հազար դրամ գումարի դիմաց անձնական օգտագործման համար պատվիրած 0,7 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի հետևից, որը տեղադրված է եղել նշված վայրում, սակայն չեն հասցրել, քանի որ ոստիկանները ձերբակալել են իրենց։

Նրանց և կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին։

Երեկ այս կառույցում փաստի առթիվ  նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 393 հոդվածի 1-ին մասի և 396 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում գիշերը ժամը 03․40-ին  դեպքի զննությամբ Մարմաշենի խճուղուց դեպի Մուշ թաղամաս տանող  ճանապարհի ձախ հատվածում գետնին հայտնաբերել են  մեկ հատ կպչուն ժապավենով  փաթեթավորված 1,02 գրամ ընդհանուր քաշով փաթեթ։

Ռուս զինվորականները ձերբակալվել են ու տեղափոխվել ոստիկանության Մուշ բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930