Գալչյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին. «110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածք մեր վերահսկողության տակ գոյություն չունի»
Ես ենթադրում եմ, որ Ալեն Սիմոնյանը հեկտարը քառակուսի կիլոմետրի հետ խառնել է, Հայաստանի հսկողության տակ չկա ադրբեջանական 110 քկմ տարածք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանական հանրապետության ԱԺ նախագահը նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցում, փաստացի, որպես օկուպանտ է ներկայացրել Հայաստանին՝ հայտարարելով, թե Հայաստանի վերահսկողության տակ է ադրբեջանական ենթադրաբար 110 քկմ տարածք։ Դրանով՝ խոսնակը փորձել էր հակադարձել տարբեր գնահատականներով 210-240 քկմ հայկական տարածք ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվելու վերաբերյալ հարցին։
Ռուբեն Գալչյանն ընդգծեց՝ 110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածք մեր վերահսկողության տակ գոյություն չունի։
Կարդացեք նաև
«Նման բան գոյություն չունի, երևի 3-4 քառակուսի կիլոմետր ունենք մեր վերահսկողության տակ, այն էլ՝ Կիրանցից Ոսկեպար ճանապարհի պատճառով, որովհետև ճանապարհը 4 տեղ մտնում է Ադրբեջանի տարածք դուրս գալիս։ Թե որտեղից է 110 կիլոմետրը պարոն Սիմոնյանը բերել՝ դա, այո, զարմանալի է, նման թիվ ոչ մի տեղ գոյություն չունի, առավելագույնը, որ կարող է լինել, 4-5 քառակուսի կիլոմետր տարածք։ Կարծում եմ, պարոն Սիմոնյանը պարզապես հեկտարը խառնել է կիլոմետրի հետ, հավանաբար, լեզվի սայթաքում է», – նշել է փորձագետը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է ներկայացնել Արծվաշենի ադրբեջանական լինելու իրավական հիմքերը, Գալչյանը նշեց, որ նման իրավական հիմքեր չեն կարող լինել։ «Ոչ, Ադրբեջանը չի կարող ներկայացնել իրավական հիմքեր, որ Արծվաշենն իրենցն է, հակառակը, Հայաստանն ունի փաստաթղթեր, որ Արծվաշենը հայկական տարածք է, բայց գտնվում է Ադրբեջանի մեջ։ Ավելին, գոյություն չունեն իրավական փաստաթղթեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ Տավուշում երեք գյուղերը և Տիգրանաշենը ադրբեջանական «անկլավներ» են, որ Հայաստանի տարածքում են գտնվում, նման իրավական փաստաթուղթ գոյություն չունի»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։