Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրիվետ Ռոբ» ասելուց հետո սպանված Պողոս Պողոսյանի դիակի արտաշիրիմում կատարելու հարցի քննարկումը հետաձգվեց

Սեպտեմբեր 12,2025 23:05

Երեւանի քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր որոշեց հետաձգել Պողոս Պողոսյանի սպանության գործով մեղադրող դատախազի միջնորդության քննարկումը: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր Պողոս Պողոսյանի դիակի արտաշիրիմում ու դատաբժշկական կրկնակի համալիր փորձաքննության նշանակում:

Հիշեցնենք, որ շարունակվում է ավելի քան 20 տարի առաջ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը:

Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ի գիշերը։ Այդ օրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է սրճարան և, ըստ գործում առկա տվյալների, Պողոս Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ Ռոբ», ինչից հետո Քոչարյանի թիկնապահների հետ վիճաբանություն է սկսել: 2001 թվականին հարուցված քրեական գործի շրջանակում հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել։ Տարիներ անց Դատախազությանն ուղարկված դիմումով Սթիվեն Նյուտոնի ներկայացուցիչները նոր հանգամանքներ են ներկայացրել:

Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես այսօր նոր միջնորդություն ներկայացրի, դատարանը ստիպված եղավ պաշտպանական կողմի հետ հաշվի նստել: Միջնորդեցի մերժել դատախազի միջնորդությունը, որովհետեւ անհիմն է, բավականին հարցեր կան պարզաբանելու: Շտապողականություն է դատարանը դրսեւորել նման միջնորդություն ներկայացնելու համար: Փաստարկները չեն հիմնավորվում, թե որտեղ պետք է փորձաքննությունն իրականացվի, դատախազությունը ոչ փորձագետ մասնագետների է փորձում ներգրավել, ինչը մեր կողմից առարկվեց եւ մեր առարկությունն ընդունվեց, դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը»:

Մեր զրուցակցի խոսքով, Պողոսյանի արտաշիրիմումը բացարձակապես գործի քննությանը ոչինչ չի տալու. «Սա պարզապես չգիտեմ ում են ցանկանում ցույց տալ, որ իրենք աշխատանք են կատարել, արտաշիրիմում են արել: Դա կատարելով՝ ոչինչ չի փոխվի, եթե նույնիսկ հին կոտրվածք էլ հայտնաբերվի, դրանով ոչ մի բան չի փոխվում, առավել եւս, որ մահվան պատճառը եղել է գանգուղեղի վնասվածքը: Հիմա գանգուղեղը առանց գանգի հիմնի կոտրվածքի է առաջացել, թե գանգի հիմնի կոտրվածքով, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Արտաշիրիմումը անհասկանալի պատճառաբանություն է, ավելի շատ հանրային հնչեղություն առաջացնելու, հանրության մեջ նոր ինտրիգ ստեղծելու նպատակ է հետապնդում: Դրանից ոչինչ չի կարող փոխվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930