Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

«Տարօրինակ չէ՞, որ Ալեն Սիմոնյանն այդքան մտածում է ընդդիմության, ընդդիմության հեռանկարի, ապագայի մասին»

Սեպտեմբեր 13,2025 12:00

«Ժամերով ԱԺ բացօթյա սրճարանում նստելու փոխարեն, խորհուրդ կտամ, որ Ալեն Սիմոնյանը մեկ-մեկ ԱԺ դահլիճ բարձրանա. կտեսնի՝ ո՞ւր է ընդդիմությունը»,- «Առավոտի» հարցին այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, քաղաքական առումով իրեն սպառել է»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը։ Հարցին՝ ընդդիմադիրները բավական խրոխտ ելույթներ են ունենում ԱԺ ամբիոնից, սուր հարցեր են տալիս, այդ թվում նաեւ՝ Ալեն Սիմոնյանի ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանի մոտ այդպիսի տպավորություն, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Խրոխտ ելույթներ չեն, բովանդակալից եւ գործնական ելույթներ է ընդդիմությունն ունենում»։ Ալեն Սիմոնյանը նաեւ խորհուրդ էր տվել ընդդիմությանը. «Մի ութ ամսից ընտրություններ են, մտածե՞լ եք՝ ինչ խոսույթով եք գնալու։ Ես գիտեմ, ինչ-որ խոսակցություններ կան, ինչ-որ մարդիկ ինչ-որ խմբեր են տեղափոխվում, ՀՅԴ-ն առանձին է գնալու, ինչ-որ մարդիկ թազա կուսակցություն են գնալու… խնդիրը մարդը եւ խումբը չի ամենեւին, խնդիրը խոսույթն է՝ ձեր խոսույթը։ Խոսույթը, որը որ դուք այսօր ունեք, այլեւս օրակարգային չէ։ Մտածեք դրա մասին, որովհետեւ ես ուզում եմ, որ հաջորդ ԱԺ-ում ունենանք նորմալ ընդդիմություն»։ «Եթե առավոտից իրիկուն Ալեն Սիմոնյանի հայտարարությունները մեկնաբանենք, գործով զբաղվելու ժամանակ չենք ունենա։ Հիմա շարունակում ենք գործով զբաղվել»,- եղավ Գեղամ Մանուկյանի պատասխանը։

«Չեմ կարծում, թե Ալեն Սիմոնյանը հավատում է այն ամենին, ինչի մասին խոսում է։ Եթե ընդդիմությունն իրականում իրեն սպառած լիներ, Ալեն Սիմոնյանը, նրա թիմակիցները, նրա ղեկավարն ամենօրյա ռեժիմով չէին թիրախավորի ընդդիմությանը, ճաղերից այն կողմ չէին պահի ընդդիմադիր տարբեր գործիչներին եւ մեր երկրում քաղաքական հետապնդումները իբրեւ սովորական իրադարձություն չէին դարձնի»,- սա էլ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի արձագանքն է Ալեն Սիմոնյանին։ Տիգրան Աբրահամյանը միանգամայն հասկանալի է համարում այս իրավիճակը, որտեղ ընդդիմության քաղաքական խոսքը, որը նպատակ ունի հանրությանը իրական տեղեկություններ փոխանցել կատարվող իրադարձությւունների մասին, ինչը իշխանության ներկայացուցիչները հետեւողականորեն կոծկում են, նյարդայնացնում է իշխանության տարբեր դեմքերին. «Նրանց հոգեվիճակն առաջին հերթին պայմանավորված է դրանով։ Ժողովրդին երկար խաբելով, ստելով, մանիպուլյացիաների ենթարկելով, բնականաբար, շատ առաջ շարժվել չեն կարող, ուստի ամեն ինչ անում են ընդդիմությանը լռեցնելու, անհրաժեշտության դեպքում նաեւ ընդդիմադիր գործիչներին ազատազրկելու համար»։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը տված Ալեն Սիմոնյանի խորհրդին էլ, Տիգրան Աբրահամյանը հարցով է պատասխանում. «Տարօրինա՞կ չէ, որ Ալեն Սիմոնյանն այդքան մտածում է ընդդիմության, ընդդիմության հեռանկարի, ապագայի մասին՝  հաջորդ խորհրդարանական ընտրություններում կամ գուցե արտահերթ քաղաքական գործընթացներում։ Եթե իրականում իշխանությունը համարում է, որ «ընդդիմության հարցը լուծել» է կամ երկրում իր ընդդիմախոսների «բերանը փակել» է, վստահ եմ, որ այս մասին այսքան շատ չէին խոսի, այս թեմաներից այդքան հոգեկան տրավմաների չէին ենթարկվի, այս թեման նրանց ամենօրյա զրույցի, քննարկման, նույնիսկ բամբասանքի առարկա չէր դառնա»։

Հարցին՝ իսկ ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը, ընտրությունների նախապատրաստություններո՞վ, թեեւ իշխանության ցածր վարկանիշին, չկա՞ մտահոգություն, որ ՔՊ-ն կրկին կվերարտադրվի, քանի որ ընդդիմությունն էլ առանձնապես ընկալված եւ ընդունված չէ հասարակության կողմից, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Ընդդիմությունը շատ բազմաշերտ է, յուրաքանչյուրն իր առաջնահերթություններն ունի եւ դրանցով պետք է շարժվի։ Բավականին մեծ թվով ուժեր պատրաստվում են ընտրական ցիկլին, ՀՀԿ-ն այս պահին էլ սպառված չի համարում այն միջոցները, որոնք հնարավորություն կտան մինչեւ ընտրություններ ազատվել գործող իշխանություններից»։

Հիշեցնենք, ՀՀԿ-ն արդեն մի քանի ամիս է՝ շրջանառության մեջ է դրել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը. «Այս ընթացքում մեծ թվով հանդիպումներ եւ քաղաքական կոնսուլտացիաներ ենք անցկացրել տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների հետ։ Առաջիկայում այդ գործընթացներն առավել ակտիվ փուլ են մտնելու եւ մենք ձգտելու ենք, որպեսզի մինչեւ 2026-ի խորհրդարանական ընտրական գործընթացները երկրում ոչ միայն օրակարգային դարձնել անվստահություն հայտնելու միջոցով այս իշխանություններին հեռացնելը, այլ դա հասցնել տրամաբանական ավարտին»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12. 09. 2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930