ԲԴԽ անդամի հատուկ կարծիքը հրապարակվել է
Օգոստոսի 25-ին կարգապահական վարույթի շրջանակներում նախազգուշացում ստացավ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը (լուսանկարում): Սեպտեմբերի 8-ին պաշտոնապես հրապարակվեց նրա գործով ԲԴԽ անդամ Ե.Թումանյանցի Հատուկ կարծիքը:
Վ.Գրիգորյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու հիմք էր հանդիսացել արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի այս տարվա ապրիլի 7-ին նախարարի պարտականությունները կատարող Աննա Կարապետյանին ուղղված զեկուցագիրը, դատավորի դեմ ԶԼՄ հրապարակումները: Նա խնդրել էր հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը ուսումնասիրել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը: Գործն առնչվում էր Արմավիր ՔԿՀ նախկին կալանավոր Հարություն Մուրադյանին, ում պատժի կրման մասին հաստատականն ուշ էր ուղարկվել քրեակատարողական հիմնարկ, եւ նա մնացել էր ապօրինի կալանքի տակ (ըստ Ֆակտոր TV- ի տեսանյութի-Ռ.Մ.):
Ներկայացնենք մեր դիտարկումները Հատուկ կարծիքի վերաբերյալ, որն այս տարի ԲԴԽ անդամ Ե.Թումանյանցի կողմից թվով երկրորդն էր:
Կարդացեք նաև
Նա անդրադարձել էր դատավորին պատասխանատվության ենթարկելու դեպքում վերջինիս կատարած խախտման եւ ԲԴԽ կողմից կարգապահական տույժի ընտրության միջեւ համաչափության հարաբերակցության հարցին: Հղում կատարելով պատճառին`քրեական գործին, նա փաստել էր, որ դատարանի կայացրած դատավճիռն ի կատար ածելու մարմինն այս դեպքում չէր կարող հանդիսանալ ոստիկանությունը, դատարանն ուներ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ, վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց երեք օր հետո դրա պատճենն ընդունված կարգադրության հետ միասին որոշումն ի կատար ածող մարմնին կատարման հանձնելու պարտականություն: Ըստ այդմ՝ նման ժամկետային եւ այլ ընթացակարգային պահանջների սահմանումն, ի թիվս այլնի, իրավաչափորեն ուղղված է դատապարտված անձի իրավունքների երաշխավորման արդյունքում պատժի նպատակներին հասնելուն: Դատապարտյալն անկախ կատարած հանցագործության ծանրության աստիճանից, շարունակում է մնալ իր պետության քաղաքացին, եւ գտնվում է նրա պաշտպանության ներքո:
Անդրադառնալով դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտման արդյունքում վրա հասած հետեւանքին, նա գրել էր. «Հարկ եմ համարում արձանագրել, դատավճիռն ի կատար ածող մարմինը`Հիմնարկը հանդիսանալու հանգամանքը, առնվազն` 17.06.2020 թվականից դատավորին հայտնի լինելուց 1տարի 10 ամիս 18 օր օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման չուղարկելու ձեւով դրսեւորված անգործության հետեւանքով դատապարտյալը երկու օրից ավելի զրկվել է անձնական ազատության իրավունքից, ինչպես նաեւ անազատության մեջ գտնվելով` իր գործին փորձել է ուշադրություն հրավիրել`դիմելով ծայրահեղ քայլերի`ինքնավնասման եւ հացադուլի, ինչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո կարող է գնահատվել որպես վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի պաշտպանության երաշխիքների չպահպանման արդյունք»:
ԲԴԽ անդամն առաջարկել էր ավելի խիստ կարգապահական տույժի տեսակ կիրառել դատավորի նկատմամբ: ԲԴԽ անդամի Հատուկ կարծիքը մոտ տասը էջ էր:
Նշենք, որ օգոստոսի 25-ին պետք է քննվեր նաեւ Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը: Դատը նշանակվել է սեպտեմբերի 22-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.09.2025թ.