Լրահոս
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

Դոնդողատիպ մանդատ

Սեպտեմբեր 13,2025 10:00

«Ցանկացած օտարերկրացի, որը հատում է ՀՀ սահմանը, պետք է առնչվի ՀՀ սահմանապահների հետ»: Մի քանի ամիս առաջ հենց այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ էին անում Հայաստանի պաշտոնյաներն ու իշխանական քաղաքական գործիչները: Դա պատասխան էր Ալիեւի այն հայտարարությանը, որ, իր եզրաբանությամբ, «Զանգեզուրի միջանցք» մտնող ադրբեջանցիները չպիտի տեսնեն հայ սահմանապահների երեսը: Սակայն այս շաբաթ վարչապետը հայտարարեց, որ բազմաթիվ երկրներում այդ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը, դա ստուգում է սարքը:

Բայց դա ճիշտ է այն «բազմաթիվ երկրների» դեպքում, որոնց բոլոր քաղաքացիներն ունեն կենսաչափական անձնագրեր, եւ որտեղ այդ փաստաթղթերի համապատասխան տվյալները ներառված են ընդհանուր բազայի մեջ: Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում այդ երկու պայմանները բացակայում են: Գումարած դրան՝ ոչ մի խոսք չկա այն մասին, որ ՀՀ քաղաքացիները, երբ այդ «միջանցքով» կամ որեւէ այլ տեղով մտնեն Նախիջեւան կամ Ադրբեջանի հիմնական մասը, նույնպես պետք է «ստուգվեն սարքերով»: Բա ո՞ւր մնաց փոխադարձության սկզբունքը: Եվ եթե մեր տարածաշրջանում «սարքով ստուգելու» այդ գերժամանակակից ձեւը կիրառելի է, ինչո՞ւ չսկսենք այն կիրառել մեր բարեկամ Վրաստանի հետ:

Իրականում այդ ամենը, եթե պարզ ասենք, «ֆռիկ» է: Ալիեւը պահանջել է, որ «միջանցքում» իր քաղաքացիներին ոչ մի հայ պաշտոնյա չմոտենա, Փաշինյանն էլ, ինչպես միշտ, ենթարկվում է: Նա երբեք չի խոստովանի, որ իր վարքագիծը պայմանավորված է բացառապես հարեւան երկրի ղեկավարի պահանջներով: Այդպես է ռազմական ծախսերը չավելացնելու, Մինսկի խումբը լուծարելու, սահմանադրությունը փոխելու եւ բազմաթիվ այլ պարագաներում: Ընդ որում` սկզբից հայտարարվում է Հայաստանի «սկզբունքային, անզիջում» դիրքի մասին, հետո գտնվում են «արդարացումներ», երբ այդ դիրքը դառնում է զիջողական:

Հիմա ՔՊ-ականներն ասում են, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ Հայաստան «չեն վերադառնա»: Բայց երբ համաձայնեն այդ վերադարձին, ենթադրելի է, որ հաջորդ «արդարացումը» կլինի հետեւյալը. Ֆրանսիայում ապրում են հազարավոր գերմանացիներ, Գերմանիայում՝ հազարավոր ֆրանսիացիներ՝ չնայած այդ երկրները ժամանակին մի քանի անգամ պատերազմել են: Ո՞վ կարող է ասել, որ դա սուտ է: Դա սուտ չէ, բայց դա «ֆռիկ» է՝ եթե կիրառվում է մեր եւ ադրբեջանցիների այսօրվա հարաբերությունների դեպքում:

Մանդատը «պողպատյա է» երկրի ներսում՝ ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելու ժամանակ: Արտաքին քաղաքականության մեջ այդ մանդատը դոնդողից է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930