Վերջին շրջանում կրկին օրակարգ է բերվել պողպատե մանդատի թեման, ինչպես որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ էր Փաշինյանը լոզունգ դարձրել «պողպատե մանդատի» թեման։ Հիշենք, որ դրա «խորհրդանիշը» մուրճն էր դարձրել, որը ընտրություններից առաջ նորից ներմուծվում է ներքաղաքական օրակարգ։ Ճիշտ է, Փաշինյանն ասում է, թե իր ֆեյսբուքյան էջն «աշխատեցնողն» է տեսել մուրճը սեղանի վրա ու նկարել, բայց դա, իհարկե, նիկոլական հեքիաթների ժանրից է: Նախ՝ ՔՊ-ում, առավել ևս՝ վարչապետի աշխատակազմում նույնիսկ ջուր չեն խմում առանց «շեֆի դաբրոյի», և երկրորդ՝ այդ մուրճը հո միշտ սեղանին դրված չի լինո՞ւմ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի մեսիջ է փոխանցում, ընդ որում՝ դա վերաբերում է ոչ թե Հայաստանի հզորացմանն ու ուժեղացմանը, այլ «ներքին» օրակարգ սպասարկելուն, այսինքն՝ ընդդիմությանն ու ընդդիմախոսներին սպառնալուն։
Նիկոլ Փաշինյանն ասում է, թե «ով Հայաստանին սպառնա, ես նրան էնպես կսպառնամ, որ ճնշումը կբարձրանա»: Եվ սա ասում է մի մարդ, որը ծպտուն անգամ չի հանում, երբ ամենօրյա ռեժիմով Ալիևը սպառնում է Հայաստանին: Փաշինյանի սպառնալիքները միայն հայերի դեմ են: Ճիշտ է, Հայաստանում որևէ ընդդիմադիր ուժ կամ գործիչ չի սպառնում ու երբեք չի սպառնացել Հայաստանին: Նրանք կարող են սպառնալ երկրի համար սպառնալիք դարձած իշխանություններին: Ու քանի որ Փաշինյանն ինքն իրեն նույնականացնում է ոչ միայն կառավարության, այլև պետության հետ, բնական է, որ նրա հարձակման թիրախում հայ ընդդիմադիրներն են: Ու նորություն չէ, որ վերոնշյալ մուրճը՝ հատկապես իրավական մահակի տեսքով, անընդհատ բանեցվել ու բանեցվում է։
Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի ներկայացրած «մուրճը» մեկ այլ իրողության մասին կարող է խորհրդանշել։ Խոսքը մասնավորապես Հայաստանի գլխին հարվածելու համար օգտագործվող մուրճն է, որի միջոցով թուրք-ադրբեջանական տանդեմն անընդհատ զիջումներ է պոկում Հայաստանից։ Իսկ ՀՀ իշխանությունների համար շատ քիչ նշանակություն ունի, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները վայելեն ու օգտվեն պաշտոնեական լիազորությունների ընձեռած հնարավորություններից։ Հայաստանի դեմ ուղղված մուրճի հերթական հարվածներից մեկն էլ այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը առաջ են քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» օրակարգը։ Վաշինգտոնում համաձայնություն կայացավ «Թրամփի ուղի» անվանումով ճանապարհ գործարկելու վերաբերյալ։ Եթե այդ ճանապարհը Թրամփի անունով է կոչվում, ապա պարզ է, որ ԱՄՆ նախագահը անձամբ շահագրգռված կլինի, որ այն իրականություն դառնա։ Ու հատկապես դա վերաբերում է Դոնալդ Թրամփին, որը հավակնություններ է դրսևորում խաղաղարարության հարցում առաջատարի դիրք զբաղեցնելու գործում։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում