Լրահոս
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

Դովեղի դպրոցի կառուցման շուրջ հնգամյա ոդիսականը. շինարարությունն ավարտին հասցնելու վերջնաժամկետը շարունակում է անորոշ մնալ․ «Փաստերի ստուգման հարթակ»

Սեպտեմբեր 13,2025 10:20

Տավուշի մարզի Դովեղ գյուղի երեխաներն այս ուսումնական տարին ևս նոր դպրոցում չեն սկսել։ Դպրոցի շինարարությունը, որը մեկնարկել էր դեռ 2020 թվականին, հինգ տարի անց էլ չի ավարտվել։ Թեև իշխանությունները պնդում են, որ շինարարությունը «ակտիվ փուլում է», այդուհանդերձ, այն ավարտին հասցնելու վերջնաժամկետը շարունակում է անորոշ մնալ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Դովեղի դպրոցի կառուցման շուրջ հնգամյա ոդիսականը։

Դպրոցի շինարարության մեկնարկը

Ամեն ինչ սկսվել է 2020 թվականին․ գյուղի միջնակարգ դպրոցի շենքի կառուցապատումն իրականացնելու համար Քաղաքաշինության կոմիտեն բաց մրցույթ է հայտարարել, որին մասնակցել է երեք ընկերություն։

«Կանժիլստրոյ» ՍՊԸ — 743 մլն 233 հազար դրամ
«Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ — շուրջ 900 մլն դրամ
«Տ-քնսթրաքշն» ՍՊԸ — 1,1 մլրդ դրամ

Հաղթել է «Կանժիլստրոյը», որի հետ պայմանագիր է կնքվել 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ 743 մլն դրամով։

Սակայն շինարարությունը փաստացի սկսվել է միայն երկու տարի անց՝ 2022 թվականի դեկտեմբերին։

Ինչո՞ւ է ձգձգվել դպրոցի շինարարությունը

FIP.am-ը հարցմամբ դիմել էր Քաղաքաշինության կոմիտե ու հետաքրքրվել՝ ինչո՞ւ է երկու տարի շարունակ ձգձգվել շինարարական աշխատանքների մեկնարկը։ Պարզվում է՝ մինչև գնման մրցույթը և շինարարական կազմակերպության ընտրությունը, դպրոցի տեղանքի խորքային ուսումնասիրություն չի կատարվել, առաջացել են բարդություններ, ինչի հետևանքով էլ շինարարության մեկնարկը ձգձգվել է։

«Դպրոցի կառուցման համար համայնքն առաջարկել էր տարածք՝ մասնատված մի քանի հողամասերի, սակայն հետագայում համայնքը կատարել է հողամասի սահմանների ճշտում։ Արդյունքում առաջացել է նոր սահմաններով հողամասում նախագիծը տեղակապելու անհրաժեշտություն։ Այդ նպատակով դպրոցի մասնաշենքերի ու մարզադաշտի դիրքերը փոխվել են։ Հատկացված հողատարածքում դպրոցի կառուցման համար պարտադիր է եղել մեծ բարձրությամբ հենապատի կառուցումը», — որպես բացատրություն ներկայացրել են Քաղաքաշինության կոմիտեից։

Հետաքրքրվել էինք՝ արդյոք դա նշանակում է, որ ռելիեֆի և հողային պայմանների ճիշտ գնահատում չի արվել մինչև գնման մրցույթի հայտարարումը, ինչի արդյունքում պետբյուջեից հավելյալ գումարներ են հատկացվել շինաշխատանքների համար։

Ի պատասխան՝ Քաղշինից տեղեկացրել են, որ համայնքի հատկացրած հողատարածքը միակ տարբերակն է եղել և այդ տարածքին այլընտրանք գյուղում չի եղել։ Սկզբնական նախագիծը ավելի ուշ փոփոխության է ենթարկվել և օրինակ՝ 7 մ բարձրությամբ հենապատը փոխարինվել է մինչև 12 մ բարձրությամբ երկաթբետոնե հենապատով, արդյունքում պայմանագրով սահմանված սկզբնական արժեքը 2023 թվականի նոյեմբերին կնքված համաձայնագրով 400 մլն դրամով ավելացվել է։

Այսպիսով, դպրոցի շինարարության մասին պայմանագրի կնքումից հետո փոխվում են մարզադաշտի և մասնաշենքերի դիրքերը, առաջանում է մեծ բարձրությամբ հենապատ կառուցելու անհրաժեշտություն։ Նախագծի փոփոխությունները և փաստաթղթավորումը ձգձգվում է․ միայն 2022 թվականի դեկտեմբերի 22-ին է տրվել շինթույլտվությունը։

Արդյունքում, սկզբնական շրջանում 743 մլն դրամ գնահատված դպրոցաշինության ծրագրի արժեքը դառնում է 1․2 մլրդ դրամ։

Խախտումներ շինարարությունում, գործը հասնում է դատարան

«Կանժիլստրոյի» հետ Քաղաքաշինության կոմիտեն կապերը խզել է 2025 թվականի փետրվարի 14-ին՝ միակողմանի լուծելով պայմանագիրը։ Քաղշինից ասում են՝ «Կանժիլստրոյը» շինարարական աշխատանքները կատարել է ժամկետների խախտումներով և որակի շեղումներով։ Բացի այդ, չի ներկայացրել պայմանագրով պահանջված փաստաթղթերը։

Պայմանագիրը միակողմանի խզելուց հետո, ընկերությունը դիմել է դատարան, շինարարությունը որոշ ժամանակով կանգ է առել, սակայն ապրիլին դատարանը մերժել է նրա պահանջը։ Մինչ այդ կատարված աշխատանքների համար «Կանժիլստրոյին» վճարվել էր շուրջ 266 մլն դրամ։

Fip.am-ի հարցմանն ի պատասխան Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացրել են, որ խախտումների համար «Կանժիլստրոյ» ընկերությունից գանձվել են տույժեր՝ ընդհանուր 244 հազար դրամ, ինչպես նաև պայմանագիրը միակողմանի լուծելու արդյունքում գանձվել է պայմանագրի ու որակավորման ապահովման գումար՝ ընդհանուր 122 մլն դրամ։

Նոր մրցույթ, նոր կապալառու

«Կանժիլստրոյի» հետ անհաջող համագործակցությունից հետո դպրոցի կառուցումը շարունակելու համար այս տարվա մայիսին երկու անգամ հրատապ բաց մրցույթներ են հայտարարվել, որոնք սակայն չեն կայացել՝ մասնակից չի եղել։ Հունիսին արդեն ստիպված առանց մրցույթի մեկ անձից գնման միջոցով պայմանագիր են կնքել նոր կապալառուի հետ։

Նոր կապալառուն «Պրոմ Գրուպ» ՍՊ ընկերությունն է, որը, ըստ պայմանագրի, պարտավորվում է կատարել Դովեղի դպրոցի շինարարության մնացորդային աշխատանքները։ Գնման հրավերով այդ աշխատանքների իրականացման համար սահմանված գինը կազմել է 1 մլրդ 55 մլն դրամ, սակայն կազմակերպությունն առաջարկել է 985 մլն դրամ, և պայմանագիրը կնքվել է կապալառուի առաջարկած գումարով։

Աշխատանքներն ավարտելու համար այս կազմակերպությանը տրվել է 365 օրացուցային օր ժամանակ։

«2020 թվականից կնքված պայմանագրով նախատեսված Դովեղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանձնարարել է շինարարական աշխատանքները կատարել արագ տեմպով ու պատշաճ որակով, դպրոցի շենքի և հենապատի կառուցումն իրականացնել զուգահեռաբար՝ կանխելով առաջացած ռիսկերը»,- հուլիսի 4-ին տարածած հաղորդագրության մեջ նշել են Կոմիտեից։

Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930