Արդյոք ադրբեջանցիները մեր տարածքով անցնելիս տեսնելո՞ւ են հայի «դեմք», թե՞ ոչ: Փաշինյանը բացասական պատասխան է տալիս այս հարցին, ոչ՝ ՀՀ սահմաններին լինելու է 21-րդ դարին հարիր մաքսային եւ սահմանային հսկողություն, երբ մաքսավորը, սահմանապահը չեն տեսնելու նրան, ում ստուգում են:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանն ասում է, որ ինքը չի եղել Դուբայում, չգիտի, թե այնտեղ ինչպես են անձնագրային հսկողություն անցնում, բայց չի բացառում, որ քաղաքացին կարողանա անձնագրային ստուգում անցնել առանց աշխատակցի միջամտության: «Եթե մարդն ունենա լիարժեք բիոմետրիկ անձնագիր, սահմանն անցնելուց միանգամից երեւան նրա անձնագիրը, մատնահետքը, բիոմետրիկ լուսանկարը, եթե նա հանգիստ կամերայի առաջ կանգնում է, համեմատվում են անձնագրի նկարը եւ նրա դեմքը, համեմատվում է մատնահետքը, ապա չեմ կարծում, որ այստեղ խնդիր լինի, սա անիրականանալի բան է: Ամբողջ աշխարհում հիմա տեխնոլոգիաների դարաշրջան է: Սուպերմարկետներում նախատեսում են առանց վաճառողի առեւտուր անել, սահմանին չի՞ կարող լինել»,- հարցնում է անձնագրայինի նախկին պետը:
«Հարցը կվերաբերի այն անձանց, որոնք դրսում անցում են կատարել բիոմետրիկ համակարգի, որն ավելի շատ իդենտիֆիկացիոն տվյալներ ունի, քան մեր անձնագրերը: Սահմանապահները, ըստ էության, ստուգում են անձնագրի պատկանելությունը անձնագիրը ներկայացնող անձի: Բնականաբար, եթե անձը եղավ հետախուզման մեջ, սեւ ցուցակներում, ապա լույս կվառվի, եւ կձերբակալեն նրան»,- ասում է Մնացական Բիչախչյանը:
Թե ինչպես է մաքսային հսկողությունն իրականացվելու առանց մաքսավորի հետ կոնտակտի, նա չգիտի: Այդ հարցը մենք տվեցինք մաքսային բրոքերներին:
Կարդացեք նաև
«Մաստեր Բրոկ» ՍՊԸ բրոքերներից մեկն ասաց, որ երեկ ինքն էլ է լսել վարչապետի ելույթը եւ շատ զարմացել. «Մենք էլ ենք լսել, շատ ապշած ենք եւ զարմացած, թե ինչպես կարող է նման բան լինել: Պետք է պարտադիր շփվես մաքսավորի հետ»: Իսկ հնարավո՞ր է, որ որեւէ այլ երկրում նման փորձ լինի, ձեզ հայտնի՞ է նման երկիր: «Ես որքան գիտեմ, բոլոր երկրներում ընդունված կարգ է, որ առանց բեռի տիրոջ բեռն իրավունք չունեն բացելու, ու երբեք չի լինում, որ բոլորը հարթ, առանց որեւէ ստուգման անցնեն-գնան»: Հարցին, թե, իր կարծիքով, որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի մենք ունենանք մաքսային հսկողության ոչ կոնտակտային ձեւ, որ բոլոր մեքենաներն անցնեն սարքերի միջով, ու մաքսավորի կարիք չլինի, բրոքերը, որը բավականին երիտասարդ է, պատասխանեց. «Երեւի ես ողջ չեմ լինի»:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում