ՀՀԿ անդամները եւ երիտասարդական կառույցը այսօր Մուսա լեռան հերոսամարտի 110-ամյակի առիթով հերոսամարտին նվիրված հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին ինքնապաշտպանության մասնակիցների եւ մարտերում նահատակված մուսալեռցիների հիշատակին, որոնք 53 օր՝ 1915 թվականի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը կենաց ու մահու կռիվ են տվել թուրքական կանոնավոր եւ ոչ կանոնավոր զորքերի դեմ ու չեն պարտվել: Ի վերջո, ֆրանսիական եւ անգլիական նավերը տեսնելով մուսալեռցիների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության են եկել եւ նրանց նավերով տեղափոխել են Եգիպտոս:
«Վասն Հաւատոյ, Վասն Հայրենեաց: Ահա այն խոսքերը, որ դարեր շարունակ առաջնորդում են հայ մարդուն ոչ միայն իր հավատքի, այլ նաեւ հայ մնալու համար պայքարելու: Դրանով ինքներս էլ ենք հասկանում, որ հայ մնալը այս մեղավոր երկրի երեսին դժվար է: Որովհետեւ բացելով Սուրբ Գիրքը՝ ինքներս էլ ենք տեսնում, որ Աստծո որդին չքայլեց կանաչ ճանապարհով եւ պատվիրեց իր հետեւորդներին՝ Խաչը վերցնել եւ հետեւել իրեն: Յուրաքանչյուր ազգ եւ անհատ իր ուսերի վրա կրում է այդ մեծագույն Խաչը: Ոմանք նեղվում են այդ խաչից, ոմանք պարծանքով են կրում:
Մենք աղոթքով է, որ պետք է արթնացնենք մուսալեռցի հերոսներին, լսենք, որովհետեւ երբ գալիս ենք այսպիսի վայրեր, կարծեք թե իրենք խոսում են մեզ հետ: Նահատակները, որոնք քայլել են դժվար ճանապարհներով եւ մեզ են տվել այս մի փոքր հողակտորը, կարծես, պարտականություն են տալիս մեզ՝ պահպանելու համար: Հետեւաբար, եկեք աղոթք առաքենք Երկնային Տիրոջը, խնդրենք Աստծուն, որ Աստծո ողորմությունը լինի մեր հայ ժողովրդին, մեր Հայաստան Աշխարհին եւ խաղաղություն մեր երկրին»,-ասաց հոգեւորականը եւ ընթերցեց Հայր Մերը:
ՀՀԿ խորհրդի անդամ, Սարդարապատի հուշահամալիրի նախկին տնօրեն Կարեն Արիստակեսյանն ասաց. «Ուղիղ 110 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Մուսա լեռան փրկագործությունը: Եվ այսօր մենք ուխտի ենք եկել Մուսա լեռան հուշահամալիր: Մուսա լեռան հերոսամարտը մեր ազատագրական պայքարի պատմության ամենավիպական, ամենաբանաստեղծական էջերից է: Իզուր չէ, որ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» գիրքը, որ թարգմանվել է աշխարհի 36 լեզուներով, ճանաչելի է դարձրել մուսալեռցուն եւ հայ ժողովրդին: Այստեղ, այս հուշահամալիրում են ամփոփված Մուսա լեռան 18 նահատակների ոսկորները:
Կարդացեք նաև
Ո՞րն է Մուսա լեռան հերոսամարտի խորհուրդը: Այն, որ երբեք պետք է չհպատակվել թուրքին, պետք է պայքարել մինչեւ վերջ, ուղիներ որոնել ոչ թե պետությունը կործանելու, այլ փրկելու, բանակցելու, բանակցելու արվեստ ունենալու, բարեկամություն հաստատել կարողանալու եւ խաղաղություն հաստատելու: Այս ամենը առանց մեր պատմության դասերի չենք կարող ընկալել: Պատմության դասերը չսերտած մարդը, նաեւ առաջնորդը եւ ժողովուրդը մշտապես կանգնում է պատմության դատաստանի առջեւ: Մուսա լեռան հերոսների օրինակով մենք պարտավոր ենք ձգտել նոր խոյանքների, իմացական եւ գաղափարական նոր բարձունքներ նվաճել եւ նոր սերնդին դաստիարակել այնպես, որ երբեք ու երբեք չմտածենք ազգային դավաճանության, մեր պետությունը թշնամուն մատնելու մասին: Փառք Մուսա լեռան անմահ հերոսներին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ