«Այսօր պայքարի, իմացության վերարժեւորման եւ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ չհնազանդեցման օր է»,-Մուսա լեռան հերոսամարտի 110-ամյակի հերոսների հիշատակի հավերժացման արարողության ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Մուսա լեռի խորհուրդը պայքարի մեջ է, փրկության մեջ է, պայքարով փրկվելու մեջ է: Եվ Մուսա լեռի խորհուրդը թուրքական օրակարգը չսպասարկելու եւ հայկական օրակարգով ապրելու մեջ է: Մուսա լեռի ինքնապաշտպանությունը եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ ցանկացած խաչելությունից հետո կա հարություն: Բայց Աստված հարություն տալիս է նրանց, ովքեր հավատարիմ են իրենց պայքարում, ովքեր չեն ուրանում իրենց հայրենիքը եւ չեն սպասարկում թուրքերի ու ադրբեջանցիների օրակարգը:
Մուսա լեռի խորհուրդը նաեւ ցեղասպանությունը վերապրելու, ցեղասպանությունից փրկվելու մեջ է: Մենք այսօր եկել ենք եւս մեկ անգամ ապացուցելու, որ մենք Մուսա լեռի հերոսների ժառանգներն ենք, մենք դիմադրության ժառանգներն ենք, հայկական հարության ժառանգներն ենք, այլ ոչ թե թրքահպատակության եւ Հայաստանը արեւմտյան Ադրբեջանի վերածման մունետիկներն ենք:
Դժբախտաբար, այսօրվա կառավարիչները իրենց թուրքական խոսույթով սպասարկում են ոչ թե Հայաստանի Հանրապետության, ոչ թե հայ ժողովրդի, ոչ թե ցեղասպանությունից մազապուրծ եղած ժառանգների շահերը, այլ Թուրքիայի շահերը: Ուրանալ ցեղասպանությունը, սրբապղծություն է: 21-րդ դարում չխոսել եւ չդատապարտել ցեղասպանությունը, սրբապղծություն է, 21-րդ դարում չխոսել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունից, սրբապղծություն է: Եվ կրկնակի սրբապղծություն է ծափով, ծիծաղով եւ ցեղասպանության հիշատակը մոռացության տալով՝ երեկ Երեւանում դիմավորելը թուրք բանագնացին եւ սպասարկել թուրքական օրակարգը:
Կարդացեք նաև
Մենք այստեղ ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու Մուսա լեռի պաշտպանության հերոսներին, մեր ազդակը փոխանցելու մեր ժողովրդին, որ ցանկացած դժվարությունից, ցանկացած ողբերգությունից կա փրկություն: Բայց այդ փրկությունը միայն ու միայն մեր մեջ պետք է փնտրենք: Ինչպես ասել է մեծն Գարեգին Նժդեհը. «Հայ ժողովրդի փրկությունը պետք է փնտրել ոչ Հյուսիսում, ոչ Արեւելքում, ոչ Արեւմուտքում, ոչ էլ Հարավում»: Նախ եւ առաջ մեր մեջ պետք է փնտրենք: Մենք պետք է ապացուցենք, որ այս ողբերգական ժամանակաշրջանում մենք չենք ուրանում ցեղասպանության զոհերի հիշատակը, չենք վախենում խոսել, որ, այո, այսօրվա Թուրքիան եւ Ադրբեջանը իրականացնում են հակահայկական քաղաքականություն: Եվ այսօրվա կառավարիչներն էլ, որոնց անունը այս սուրբ վայրում չեմ ուզում տալ, էլի սպասարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը:
Իմ հետ բերել եմ մի քանի անմոռուկներ, որ միջոցառումից հետո մեր երիտասարդներին բաժանեմ ի խորհուրդ նրա, որ Հանրապետական երիտասարդները ու հայ ժողովուրդը հիշում եւ պահանջում են եւ իրավունք չունեն մոռանալու հերոսական նախնիների պայքարը հանուն ազատության: Ազատությունն ու խաղաղությունը տալիս են միայն նրան, ով պայքարում է: Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում՝ դրա պակասից: Մուրացկանին ոչ ոք անկախ հայրենիք չի տալիս: Մենք Անկախ Հայաստանի ազգն ենք: Եվ Մուսա լեռի հերոսները դա ապացուցել են»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ Մուսալեռցիները ֆրանսիական ռազմանավ տեղափոխվելիս, սեպտեմբեր, 1915 թ., The Sphere, 30 հոկտեմբերի, 1915 թ.