Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

Մուսա լեռան ինքնապաշտպանությունը․ 110 տարի անց

Սեպտեմբեր 13,2025 18:54

Մուսա լեռը կամ Մովսեսի լեռը գտնվում է նախկին Հալեպի նահանգի Անտիոք գավառում` Միջերկրական ծովին ափամերձ Սուեդիա գյուղաքաղաքի մոտ: Լեռան շրջակայքում կար վեց հայկական գյուղ (Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս)՝ ավելի քան վեց հազար բնակչությամբ:

Հայերի տարհանումը Մուսա լեռից, սեպտեմբեր, 1915 թ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

1915 թ. գարնանը սուետահայությանը հայտնի է դառնում հարևան գավառների հայության տեղահանությունը: 1915 թ. հուլիսի 30-ին շրջանի հայ բնակչությանը նույնպես հրամայվում է թողնել իրենց հայրենի բնակավայրերն ու բռնել գաղթի ճամփան: Հայերի որոշ մասը, ենթարկվելով թուրքերի հրամանին, տեղահանվում է ու կոտորվում: Մնացածը` 4000-ից ավելի մարդ, հիմնականում կանայք ու երեխաներ, գիտակցելով, որ անխուսափելի է մահը, փրկության հույսով բարձրանում են Մուսա լեռը` նախապատրաստվելով ինքնապաշտպանության: Ստեղծվում է հատուկ զինվորական մարմին Եսայի Յաղուբյանի ղեկավարությամբ:

Մուսալեռցի հայ գաղթականները ֆրանսիական ռազմանավի վրա, սեպտեմբեր, 1915 թ., L’Illustration, 9 հոկտեմբերի, 1915 թ.

Ռազմիկներն ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ զենքով ու զինապաշարով: Լեռան տարբեր հատվածներում հիմնվում են ռազմապաշտպանական իրար հաջորդող հենակետեր ու ամրություններ:

Օգոստոսի 7-ին, 10-ին և 19-ին թուրքական կանոնավոր զորքերը (1.500-4.000) մի քանի գրոհ են ձեռնարկում Մուսա լեռան հայկական դիրքերի վրա, սակայն հետ են շպրտվում: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունր՝ թուրքերը շրջափակում են լեռը՝ փորձելով սովամահ անել հայերին: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրանում է. պարենն ու ռազմամթերքն աստիճանաբար սպառվում են:

Ինքնապաշտպանության ղեկավարները օգնություն ստանալու հույսով, որպես ազդանշան՝ լեռան ծովահայաց եզրին բարձրացնում են սավաններից պատրաստված երկու դրոշ: Մեկի վրա կարված էր կարմիր խաչ, մյուսի վրա՝ «Փրկեցե´ք, քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը: Դրոշների շուրջը վառվում էին խարույկներ` անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Ֆրանսիական արևելյան նավատորմի փոխծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուռնեն, վտանգելով զինվորականի իր հետագա ծառայությունն ու չսպասելով ֆրանսիական կառավարության հրամանին, միանձնյա որոշում է կայացնում օգնության հասնել անհավասար պայքարի մեջ գտնվող հայերին, ինչի շնորհիվ 4000-ից ավել մուսալեռցիներ փրկվում են և տեղափոխվում Եգիպտոս՝ Պորտ Սաիդ վրանաքաղաք:

Ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուռնե
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Հայոց ցեղասպանությունից և Մուսա լեռան ինքնապաշտպանությունից 110 տարի անց՝ այս տարվա մայիսի 26-ին, ի նշան երախտագիտության՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատին ավելացվեց Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշատախտակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ֆրանսայի ռազմական նաւերը աւելի լաւ կ’ընէին եթէ բարեհաճէին միջամտել, վերապրողներու այդ աղէտալի տարհանումին նախորդող 40 օրերու ընթացքին, որեւէ օր… բայց ի՞նչ կը սպասես, ֆրանսացիներէն… իրենց զինուորները, վտանգուած հայերը լքելով, գիշերուայ մէջ գաղտնագողի փախան գացին… մեր ամբո՛ղջ Կիլիկիան յանձնեցին թուրքերուն…. լէ սալօփաղ ! ամուլ աքլորներ…)

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930