Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

«Որոշ նախընտրական քայլեր կարող է լինեն, բայց ոչ առարկայական․ օրինակ՝ մաքսատունը բացվի, բայց չաշխատի»․ Աղասի Ենոքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Սեպտեմբեր 13,2025 22:00

«Հայ-թուրքական հարաբերությունները միարժեքորեն կախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից, և որոշակի քայլեր՝ նախընտրական ինչ-որ բաներ կարող է լինեն, բայց ոչ առարկայական․ օրինակ՝ մաքսատունը բացվի, բայց չաշխատի։ Սա զուտ քարոզչական նպատակ է հետապնդում։ Իսկ երբ Ադրբեջանի հետ համաձայնություն լինի, նրա բոլոր պայմանները կատարվեն, այդ ժամանակ արդեն կլինի նաև հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց»,-Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է Վաշինգտոնում խաղաղության հռչակագրի նախաստորագրումից հետո լինի առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում, օրերս էլ Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը, այսպես պատասխանեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Ըստ նրա՝ հայ-թուրքական սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում հնարավոր է այն դեպքում, երբ «Նիկոլը հանձնի այդ միջանցքը։ Դրանից հետո արդեն դա անհրաժեշտություն է նույն այդ միջանցքի աշխատելու համար»։

Մեր այն հիշեցմանը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց՝ մենք պատրաստ ենք, որ հենց վաղն էլ հայ-թուրքական սահմանը բացվի՝ նշելով, որ հայկական կողմից կա քաղաքական կամք և վստահեցնելով, որ Թուրքիայի կողմից էլ չկան նախապայմաններ և հարցին՝ իր կարծիքով՝ դա այդպե՞ս է, թե՝ ոչ, Աղասի Ենոքյանը պատասխանեց․ «Այդ ամբողջ ընթացքում եղել են նախապայմաններ այն օրվանից սկսած, երբ Թուրքիան սահմանը փակեց։ Այս նախապայմանը սկզբում եղել է Արցախի հարցը, քանի որ արդեն հանձնեց Արցախը, մեկ այլ նախապայման է ավելացել, և դա այդ միջանցքի բացումն է։ Իմ հասկանալով՝ այնտեղ լինելու է թուրք-ադրբեջանական որոշակի ներկայություն, և դրա համար կարծում եմ՝ զուտ Ադրբեջանի շահերից է բախում, որ հայ-թուրքական հարաբերությունները որոշակի մակարդակի լինեն․ լինեն դիվանագիտական և մաքսային հարաբերություններ»։

Ըստ քաղաքագետի՝ քաղաքական խնդիր է նաև Գյումրի-Կարս երկաթուղու բացումը․ «Թուրքիան կհանի շրջափակումը ՀՀ-ի հանդեպ․ ոչինչ չի խանգարի այդ երկաթուղու, Մարգարայի անցակետի բացելուն, միայն դա քաղաքական խնդիր է, և այդ խնդիրը Թուրքիան կլուծի այն ժամանակ, երբ ՀՀ-ն կատարի Թուրքիայի պահանջները, որոնք բարձրաձայնում է Ադրբեջանը»։

Մեր այն դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան այն մտահոգություններին, թե ՀՀ-ն փաստացի ուզում է միջանցք տալ Ադրբեջանին, այդ բառն է օգտագործում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պատասխանել էր, թե Ադրբեջանում տարբեր բաներ կարող են խոսել, բայց իրենք առաջնորդվում են այն դրույթներով, որը գրված է նախաստորագրված հռչակագրում և հետաքրքրվեցինք՝ այդ փաստաթղթում մասնավորապես հայկական կողմից՝ Ադրբեջանի տարածքով անխոչընդոտ անցման հետ կապված ամրագրումը բավարա՞ր է վստահ լինելու, որ կապահովվի այդ անխոչընդոտ անցումը, Աղանի Ենոքյանն այսպես պատասխանեց․ «Իհարկե՝ ոչ։ ՀՀ քաղաքացիների համար դա չի կիրառվելու, թղթի վրա հենց գրված էր՝ Ադրբեջանից Նախիջևան է լինելու անխոչընդոտ հաղորդակցությունը։ ՀՀ քաղաքացիների համար անխոչընդոտ անցման մասին թղթի վրա այդպիսի բան գրված չկա։ Ես կարծում եմ՝ նախ ՀՀ քաղաքացիները մեծ կարիք չեն ունենալու, որ իրենց ռիսկի տակ դնեն և Նախիջևանի տարածքով երկաթուղով Մեղրիից գնան Երևան։ ՀՀ քաղաքացիներն այդ ռիսկին չեն գնա»։

Ըստ Աղասի Ենոքյանի՝ տվյալ պահին Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ կապվելու համար ծայրահեղ անհրաժեշտություն չկա այդ ճանապարհի․ «Ադրբեջանն ունի գազատար Թուրքիայի հետ կապված, նավթատար, նույն Կարս- Թբիլիսի-Բաքու երկաթուղին, որն այս պահին թերբեռնված է աշխատում, այլ հարց է, որ ծավալման նպատակներ կան, և այդ ենթակառուցվածքները ստեղծելուց հետո  այս ճանապարհն ունենալու է մեծ տնտեսական նշանակություն Ադրբեջանի համար։ Բայց այս պահին Ադրբեջանի համար ամենակարևորը քաղաքական նպատակն է, որ ՀՀ-ից էքստերիտորիալ տարածք է վերցնում, որը հնարավորություն է տալիս ինչպես այդ մեծ թուրանը ստեղծելու, այնպես էլ Հայաստանի հանդեպ նոր հարձակումների համար պլացդարմ ստեղծելու»։

Հետաքրքրվեցինք՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը մեզ համար կարևոր չէ՞, իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ այդ դեպքում կկարողանանք առևտուր անել Ադրբեջանի հետ, այնտեղից էժան բենզին գնել, Աղասի Ենոքյանն արձագանքեց․ «Ի՞նչ առևտուր պիտի անենք։ Էժան բենզին են ուզում, թող գնան Իրանից առնեն, այնտեղ շատ ավելի էժան է, քան Ադրբեջանում։ Թող քաղաքական հարցերը լուծեն, Իրանից առնեն»։ Մեր դիտարկմանը՝ բայց Իրանը պատժամիջոցների տակ է, Աղասի Ենոքյանն այսպես արձագանքեց․ «Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կան, բայց ՀՀ-ն շատ հանգիստ որոշ հարցերում պատժամիջոցների տակից դուրս է գալիս, որովհետև բոլորը հասկանում են ՀՀ-ի շրջափակված վիճակը։ Դա քաղաքական հարց է, տնտեսական չէ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930