Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարն ու իր «կրկնօրինակները» անհարգալից արտահայտություններ են անում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կամ որևէ հոգևորականի հասցեին, ապա մենք՝ հայերս, հատկապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներս, արդարացիորեն այդպիսի քայլերը համարում ենք որպես վիրավորանք ո՛չ միայն կոնկրետ թիրախավորված անձանց հասցեին, այլ մեզնից յուրաքանչյուրի և Հայ Եկեղեցու հասցեին։
Թեև, շատ հավանական է, որ պաշտոնյային ոչ վայել նման պահվածքը կարող է դուր չգալ նաև բարեկիրթ ոչ քրիստոնյա կամ ընդհանրապես աթեիստ քաղաքացիներին։ Սակայն ես պետք է խոստովանեմ, որ նման տհաճ զգացումներ, գոնե ես, ունենում եմ նաև այն ժամանակ, երբ քաղաքական ընդդիմության կողմից բոլոր սահմանները հատած հայտարարություններ են արվում քաղաքական իշխանության հասցեին, հատկապես վարչապետի հասցեին։ Ես համամիտ եմ այն կարծիքին, որ, այո, այս իշխանությունները ապազգային են, հակաեկեղեցական են, ժողովրդավարությունից հեռացել են այնքան, որքան կարելի է հեռանալ, արդարադատությունը երկու ոտքով կաղում է երկրում և այլն և այլն, այդ ամենը ճշմարտություն է և դրա մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, սակայն համամիտ չեմ, որ երկրի ղեկավարի մասին կարելի է ասել, որ նա «լիզում է Ալիևի և Էրդողանի կոշիկները» կամ «կզել է Ալիևի առաջ» ու նմանատիպ խոսույթներ։
Համաձայնվեք, որ այդ բառերի տակ թաքնված փոխաբերական միտքը կարելի է ժողովրդին հասցնել ավելի արժանավայել ձևով։ Գուցե նման արտահայտություններ անելը պատշաճ լինի մասնավոր հանդիպումների կամ այլ հանգամանքներում, սակայն հրապարակայնորեն անելիս, կարծում եմ, պետք է հաշվի առնել, որ այս դեպքում նույնպես, կարող է վնասվել բազմաթիվ մարդկանց հայրենասիրական զգացումները, անկախ նրանից կողմ են այս իշխանություններին թե՝ ոչ։
Հասկանում եմ, որ իշխանությունները հաճախ ավելի տգեղ արտահայտություններով են հանդես գալիս քաղաքական ընդդիմադիրների և նույնիսկ Հայ Եկեղեցու հասցեին և բազմաթիվ անգամներ ապացուցել են, որ իրենք ավելի գռեհիկ են, քան որևէ այլ հասարակական կամ քաղաքական ուժ և նույնիսկ պարծենում են դրանով։ Ուստի շատ կարևոր է, հատկապես «տիտղոս» ունեցող քաղաքական գործիչների համար, որպեսզի քննադատությունները հնչեն պատշաճ բառերով ու նրբանկատորեն՝ առանց անձնական վիրավորանքների, այլապես ինչո՞վ պետք է տարբերվենք այս ամբարտավան իշխանություններից։
Կարդացեք նաև
Եվ ևս մի շատ կարևոր հանգամանք կա, որ պետք է հաշվի առնել։ Հիմա գործողությունների ժամանակն է, բամբասանքախառն խոսակցությունները հակառակ էֆեկտ կարող են ունենալ։ Ակնհայտ է, որ քաղաքական ընդդիմության խոսքերն այլևս չունեն ցանկալի ազդեցությունը, որովհետև այդ խոսքերը ամրագրված չեն գործերով։ Հետևաբար, ինչպես ճշմարիտ են Սուրբգրային այն խոսքերը համաձայն որի «Հավատքն առանց գործերի մեռած է», նույնպես դատարկ են բոլոր այն խոսքերը, որոնք ամրագրված չեն գործերով։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ