Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատը պահպանվել է և պետք է պահպանվի պետական խորհրդանիշներում՝ որպես ազգային ինքնության առանցք, և դա երբեք չի կարող մեկնաբանվել որպես տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ. Սուրեն Սուրենյանց

Սեպտեմբեր 14,2025 19:28

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը

Համաձայն ՀՀ կառավարության նոր որոշման՝ 2025թ․ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։

ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում է, թե կնիքները «համապատասխանեցվել են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը»։

«Իրական Հայաստանի», այսպես կոչված, գաղափարախոսությունը ՔՊ ծրագիրն է, որը պետք է հաստատվի այդ կուսակցության սեպտեմբերի 20-ի համագումարում:

Ինչո՞ւ պիտի պետական կնիքները համապատասխանեն կուսակցական գաղափարախոսությանը, այլ ոչ թե ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական զինանշանին։
Սա վտանգավոր շեղում է՝ պետությունը նույնացնել կուսակցության հետ։

Արարատ լեռան պատկերը մեր զինանշանի վրա չի նշանակում տարածքային հավակնություն Թուրքիայի նկատմամբ։ Դա մեր քաղաքակրթական հիշողության, ազգային ինքնության և մշակութային ժառանգության խորհրդանիշն է։

Միջազգային փորձը հստակ ապացուցում է՝

Հունգարիայի զինանշանը ներառում է պատմական տարածքներ, որոնք այսօր Հունգարիայի կազմում չեն։
Լիտվան, Ֆինլանդիան, Հնդկաստանը նույնպես իրենց խորհրդանիշներում պահպանում են պատմական-մշակութային պատկերներ, որոնք այժմ չեն մտնում իրենց տարածքի մեջ։
Եվ ոչ ոք դրանք չի համարում տարածքային հավակնություն։
Արարատը հեռացնելը պետական խորհրդանիշներից, կնիքներից՝

1. Քաղաքակրթական ինքնության խմբագրման փորձ է,
2. ՀՀ դելեգիտիմացման վտանգավոր ուղերձ միջազգային հարթակներում,
3. Կուսակցական շահի գերադասում պետական շահի նկատմամբ։

Արարատը մեր անցյալի, մեր պատմական հիշողության և մեր ապագայի խորհրդանիշն է։
Այն պահպանվել է և պետք է պահպանվի պետական խորհրդանիշներում՝ որպես ազգային ինքնության առանցք, և դա երբեք չի կարող մեկնաբանվել որպես տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930