Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաբերդցիների վաղեմի երազանքն իրականացավ

Սեպտեմբեր 14,2025 23:06

Ներքին Բազմաբերդ գյուղն այսօր իրական ցնծություն էր ապրում: Արագածոտնի մարզի հայտնի այս բնակավայրում տեղի ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծումը: Արարողությանը ներկա լինելու համար բազմաթիվ հյուրեր էին ժամանել Հայաստանից և Սփյուռքից, նրանց թվում էին պետական պաշտոնյաներ, քաղաքական, հանրային ու մշակույթի ներկայացուցիչներ:

Եկեղեցին ավարտուն տեսնելը բազմաթիվ մարդկանց երազանքն էր, որն իրականություն դարձավ պոլսահայ բարերար Էֆրին Բաղի և իր ընկերների շնորհիվ: Եկեղեցու հիմքերը դրվել էին դեռևս 1991 թվականին բազմաբերդցի Հենզել Եղիազարյանի ջանքերով:

Համագյուղացիները պատմում են, որ նա երազ է տեսել գյուղի գողտրիկ այդ վայրում եկեղեցի կառուցելու մասին: Ու քարը քարին դնելով՝ սկսվել է շինարարությունը, սակայն ինչ-ինչ պատճառներով կիսատ է մնացել: Վերջին տարիներին Իզաբելլա և Ֆրիկ ամուսինների օժանդակությամբ իրականացվել են որոշակի շինարարական աշխատանքներ, բայց ավարտին հասցնելը մեծ ծախսեր էր պահանջում:

Չնայած կիսակառույց լինելուն՝ բնակիչները հաճախում էին եկեղեցի, վառում մոմեր ու աղոթքներ հղում առ Աստված: Հարսանեկան առաջին՝ Աննայի և Հրաչի պսակադրությունը կատարվեց 2010 թվականի աշնանը: Երիտասարդ զույգը նպատակ էր դրել, որ այդուհետ նման արարողությունները շարունակական լինեն այստեղ:

Բազմաբերդցի երիտասարդ ճարտարապետ Վահան Պետրոսյանի գծագրած Սուրբ Աստվածածին եկեղեցին այսօր արդեն ավարտուն տեսքով գյուղի զարդն է՝ նորահարսը:

Տոնի առթիվ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի մասնակցությամբ օծվեցին և տեղադրվեցին մեծ և փոքր խաչերը: Բարերար Էֆրին Բաղը միջոցառմանը ներկա էր ընտանիքով՝ զավակներով, թոռներով ու հարազատներով: Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հատուկ շնորհակալական խոսք հղեց նրան և շնորհեց մեդալ ու պատվոգիր:

Երախտիքի խոսքերով հանդես եկան հոգևոր դասի ներկայացուցիչները, համայնքի ղեկավար Մանուկ Հազրոյանը, Հենզել Եղիազարյանի որդին՝ Վահրամ Եղիազարյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը և ուրիշներ:

Միջոցառումն ուղեկցվեց երգ ու պարով՝ տարբեր երգչախմբերի ու երգիչների մասնակցությամբ:

Մանրամասները՝ ֆոտոշարքով:

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930