Ես չեմ կարծում՝ Հայաստանում կլինի քաղաքական ուժ, որը ռեւանշիզմի գաղափարախոսությամբ կմասնակցի ընտրությանը․ նման խոսույթ օգտագործում են Ալիեւն ու ՔՊ-ն. խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Խորհրդարանական ճեպազրույցում լրագրողը հետաքրքրվել էր՝ ի՞նչ օրակարգով է ՀՀԿ-ն մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ խաղաղությա՞ն, թե՞ ռեւանշիզմի։
«ՀՀԿ-ն չի քննարկում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որովհետեւ մենք զբաղված ենք իմպիչմենտի նախապատրաստություններով։ Մինչեւ ընտրություններ Փաշինյանը անդառնալի բաներ կարող է անել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հարց էր հնչել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը վերաբանակցելու մասին, եթե գան իշխանության։ Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ականները իրենց տարբեր ելույթներում, ՀՀԿ ԳՄ հայտարարություններում ցույց են տվել բոլոր այն իրավական հիմքերը, որոնցով հնարավոր է այդ փաստաթղթի որոշ կետեր վերաբանակցել եւ եթե ՀՀԿ-ն վերստին գա իշխանության, իրենք դա անելու են, քանի որ հնարավոր չէ, որ Հայաստանը միայն տա եւ ոչինչ չստանա։
Մտավախություն կա՞, որ Արարատ լեռան պատկերը զինանշանի վրայից էլ կհանվի՝ հարցին էլ Հայկ Մամիջանյանը հակադարձեց՝ ասելով, որ փորձել կանխատեսել, թե ի՞նչ հակահայկական քայլ կանի Փաշինյանը՝ անշնորհակալ գործ է․ «Անվերջ կարելի է զարմանալ, թե Փաշինյանն ինչպիսի՞ պիոներական, գերազանցիկական պատրաստակամությամբ է փորձում հաճոյանալ Թուրքիային եւ Ադրբեջանին»։ Նա հուսով է, Փաշինյանից դա չեն պահանջել, ինքնակամ է անում նման քայլերը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, նոյեմբերի 1-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանային անցակետերում դրվող կնիքի վրայից հանվելու է Արարատ լեռան պատկերը։
Ընդդիմադիր պատգամավորի համար հասկանալի են Փաշինյանի գործողությունները, բայց ավելի կարեւոր է, թե մենք՝ հակառակ կողմում կանգնածներս ի՞նչ ենք հակադարձում Փաշինյանին։
Հայ-թուրքական հարաբերությունների, Քըլըչի՝ Հայաստան կատարած վերջին այցի մասին հարցին էլ Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ մինչ օրս այդ ձեւաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվել՝ նկատելով, որ ի սկզբանե իրենք հայտարարում էին, որ հայ-թուրքական բանակցությունները ընթանում են նախապայմաններով եւ թեեւ Հայաստանը կատարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, այդ հարաբերություններում կարգավորման նշույլներ դեռ չկան։
«Դիվանագիտական անձնագիր կրող միակ մարդը, ով ցամաքային սահմանով անցավ, դա Քըլըչն էր»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ կարծիքներ կարտահայտեն, եթե առարկայական բաներ լինեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ