Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանշանակ համաձայն եմ»․ Տիգրան Ավինյանը՝ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին

Սեպտեմբեր 15,2025 15:39

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը՝ սկսած 2015-ից, ընտրվել է սկզբում հիմնադիր պատվիրակների կողմից, հիմա ամեն տարի տարբեր մեր տարածքային կառույցների, ավագանու անդամների, պատգամավորների որոշակի ներկայացուցիչների կողմից։ Ունենք 1100-ին մոտ պատվիրակներ։ Կարող է ես չընտրվեմ, իհարկե, դա ընտրություն է։ Վարչության կազմը որոշվում է այդ՝ հազարից ավելի ձայներով։ Այն ինտենսիվ հակաքարոզչությունը, որ իմ դեմ տեղի է ունեցել, միգուցե նպաստի դրան, բայց հուսով եմ՝ մեր կուսակցությունում լայնախոհություն կա․ ճշմարտությունը տարբերակում են, քիչ հավանական եմ համարում, որ չընտրվեմ, բայց չեմ բացառում»,-հարցին՝ հնարավո՞ր է Ձեզ ՔՊ վարչության կազմում չտեսնենք, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա վստահեցրեց՝ ՔՊ-ն եթե ոչ ամենաժողովրդավար, ապա ամենաժողովրդավար կուսակցություններից մեկն է։ Այս առիթով լրագրողները նկատեցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է կուսակցության վարչության ղեկավարը հայտարարում, թե «կառավարությունը ես եմ», ով իր դիրքորոշումը չի կիսում` կարող է հեռանալ և հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս մոտեցման հետ կապված, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Պետք է հստակ տարբերակենք գործադիր մարմնի ղեկավարի դերը և կուսակցության վարչության ղեկավարի դերը։ Կուսակցության վարչության ղեկավարը ղեկավարում է մի կուսակցություն, որտեղ վարչության ընտրություններ են տեղի ունենում պատվիրակների քվեարկությամբ՝ ամեն մեր համաժողովին։ Իրականում բոլորը՝ ներառյալ վարչապետը, այս կանոնը հստակ հարգում են։ Գործադիրի ղեկավարը, որը բավարար ուղղահայաց կառույց է․ ԱԺ չէ։ Կառավարությունում բոլոր դեբատները կարող են փակ դռների հետևում տեղի ունենալ,և կառավարությունն իր կուռ, միանձնյա դիրքորոշումը հայտնի այս կամ այն դիրքորոշման վերաբերյալ։ Վարչապետի դիրքորոշման հետ, որ կառավարությունում էդ քննարկումներից հետո չեն կարող լինել երկիմաստ հայտարարություններ կամ տարընկալումներ, ես միանշանակ համաձայն եմ։ Այդ մարմնի կառուցվածքն ու ձևն այդպիսին է․ այդտեղ ուղղահայաց, հենց այդ տեսակ կառավարում է ենթադրում»։

Տիգրան Ավինյանը համարում է, որ օգոստոսի 8-ին նախաստորագրված հռչակագիրը ՀՀ համար, ՀՀ ժողովրդի, մեր երեխաների, տարածաշրջանի համար մեծագույն ձեռքբերում է․ «Ենթադրում եմ, որ տևական ժամանակ մենք կկարողանանք այդ խաղաղությունը ստեղծել, դրա վրա շարունակվում է աշխատանքը։ Օգոստոսի 8-ը կարևոր օր էր, և ես խորապես հավատացած եմ, որ արդեն էդ հռչակագրի ստորագրմամբ մենք խաղաղության առաջին ամենակարևոր քայլերն արել ենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930