Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն-2025» միջազգային համաժողովում անդրադարձավ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը Հայաստանում։
«Մենք ԵՄ ամենատեսանելի գործիքն ենք այս երկրում։ Մեր ներկայությամբ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում անվտանգության զգացողություն ենք բերում տեղի ազգաբնակչությանը։ Եվ դա կարեւորելով՝ առաջ ենք մղում եվրոպական գաղափարը, որովհետեւ այնտեղ ապրող մարդկանց մեծ մասը երբեւէ եվրոպացի չեն տեսել, եվրոպական ավտոմեքենաներ չեն տեսել։ Հիմա նրանք դա տեսնում են ամեն օր, ընդհանրություն են զգում եվրոպական գաղափարի հետ, եվրոպացիներն իրենց տարածքում են, իրենց մոտ են։ Երբ մենք 2023 թվականի փետրվարին եկանք, իմ կարծիքով, մարդկանց լրջագույն մտահոգությունն անվտանգության հարցն էր։
Մարդիկ վախենում էին, որ կլինի նոր հակամարտություն, նոր պատերազմ, եւ այդ ռիսկն ինչ-որ կերպ անհետացել է մեր ներկայության շնորհիվ։ Ոչ միայն մեր ներկայության շնորհիվ, բայց մենք այս մասով լուրջ դերակատարություն ունեցանք։ Ավելի քան 6,5 հազար պարեկություն ենք իրականացրել, այդ ժամանակից ի վեր կարողացել ենք սահմանի երկայնքով նվազեցնել լարվածությունը»,- նշեց Մարկուս Ռիտերը։
Նա ասաց, որ լինելով չզինված ու քաղաքացիական առաքելություն՝ կարողանում են Հայաստանին օգնել, որ երկիրը հասնի խաղաղության ու անվտանգության։
Կարդացեք նաև
Մարկուս Ռիտերը հիշեցրեց, որ Ադրբեջանը ԵՄ առաքելության վերաբերյալ ապատեղեկատվություն էր տարածում․ «Ներկայումս ապատեղեկատվությունն Ադրբեջանի կողմից լռել է, իրենք դա դադարեցրել են գրեթե մայիսին։ Մենք դեռ ունենք խնդիրներ Ռուսաստանի հետ, բայց այս պահին կարծես իրավիճակը բավականին լավ է։ Հուսանք՝ դա կպահպանվի, որպեսզի մեր մարտահրավերներն էլ ավելի նվազեն»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային