«Արթուն ենք» շարժման անդամ Էդգար Ղազարյանը այսօր հերթական անգամ ընդունելության չարժանացավ ԱԺ-ում, թեեւ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հայտարարած ընդունելությանը հերթագրվել էր սահմանված կարգով եւ խորհրդարան գնացել էր առողջական որոշակի խնդիրներ ունենալով: Գրանցված ութ քաղաքացիներից միայն նրա հետ հանդիպել հրաժարվեց ՔՊ պատգամավոր, մասնագիտությամբ բուժքույր Հռիփսիմե Հունանյանը, ինչին ի պատասխան, պարոն Ղազարյանը հայտարարեց, որ դա կանխատեսելի էր, սակայն իրենց վարքը իր տրամադրության վրա չի ազդի:
Իսկ մինչեւ մերժում ստանալը Էդգար Ղազարյանը լրատվամիջոցներին ասել էր, որ այսօր էլ առանձնապես սպասելիք չունի: «Իրենք, ի վերջո, իրավական իմաստով պատասխանատվություն են կրելու այդ ամեն ինչի համար: Բայց իրենց վարքագիծը չի ազդում իմ քաղաքացիական դիրքորոշման վրա եւ ես որպես քաղաքացի հետեւողականորեն իմ իրավունքների պաշտպանության հարցով զբաղվում եմ: Այսօր հերթական անգամ եկել եմ ընդունելության: Այս անգամվա ընդունելությունը առանձնահատկություն ունի, որովհետեւ նաեւ մի փոքր վատառողջ եմ եւ միայն այս նպատակով եմ այսօր տնից դուրս եկել: Գիտեմ, որ Հռիփսիմե Հունանյանը մասնագիտությամբ բուժքույր է»:
Պատասխանելով լրագրողների օրակարգային հարցերին, մասնավորապես, որ նոյեմբերի 1-ից Հայաստան մուտքի կնիքների վրայից հանվելու է Արարատ լեռան պատկերը՝ դիվանագետն ասաց. «Դա ադրբեջանական, տվյալ դեպքում ավելի շուտ Թուրքիայի պահանջներից է, որովհետեւ առաջիկայում սպասվում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներ պետք է գան Հայաստանի տարածքում բնակեցման: Կարծում եմ, որ նրանց համար անցանկալի կլինի, որ իրենց անձնագրում ARMENIA բառի հետ միասին դաջված լինի Արարատ լեռը:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ կառավարությունն այդ որոշումն ընդունել է չզեկուցվող որոշումների ցանկում: Այսինքն, նույնիսկ քննարկման, այդ մասով հանրային քննարկման առարկա չի դարձել: Ու նաեւ որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին, այսինքն, վաշինգտոնյան հանդիպումներից մեկ ամիս հետո»,-ասաց պարոն Ղազարյանը եւ տեղեկացրեց, որ այսօր փոստով հարցում է ուղարկելու ԱԱԾ:
«Ինձ հետաքրքիր է, թե ո՞ր պաշտոնյան է, որի մտքով անցել է, որպեսզի այդ փոփոխությունը կատարվի, որովհետեւ որոշման նախագծի հիմնավորումներում, որ ես նայել եմ, ասվում է, որ այս ընդունվող որոշումը նպատակ ունի՝ բարելավել սահմանապահ ծառայությունների գործունեությունը: Ես ուզում եմ հասկանալ, որ կնիքի վրայից Արարատ լեռը դուրս է գալիս, սահմանապահ ծառայության գործունեությունը ինչո՞վ է բարելավվում, կամ ինչո՞վ է մինչեւ հիմա խանգարել ծառայությանը: Այսինքն, մինչեւ հիմա այդ ծառայությունը անարդյունավե՞տ է աշխատել այդ խորհրդանիշի պատճառով»:
Էդգար Ղազարյանը նաեւ հերքեց իշխանության ներկայացուցիչների այն պնդումը, թե ուրիշ երկրների նմանատիպ կնիքներում խորհրդանիշեր չկան: «Ես հրապարակել եմ Վրաստանի սահմանապահ ծառայության կնիքները, որտեղ պատկերված է եւ խորհրդանշական իմաստ կա, Վրաստանի քարտեզը, որը ներառում է Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Այսինքն, իրենք դրանով ցույց են տալիս իրենց պատկերացումները իրենց երկրի եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ: Վերջին կնիքում Վրաստանը նաեւ իր դրոշի ուրվագիծն է գործածում: Իսկ եվրոպական երկրները իրենց կնիքի վրա կրում են Եվրամիության խորհրդանշական 12 աստղերը եւ գործածում են պետության անվանումը: Այսինքն, այդ կնիքները որոշակի իմաստով նաեւ խորհրդանիշ են պարունակում իրենց մեջ, որ երկիր մտնող մարդը նաեւ որոշակի պատկերացումներ ունենա:
Սա, կարծում եմ, թուրքական պահանջն է: Հիշում եք, որ անցած շաբաթ Հայաստանում էր Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հարցերով հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը: Երբ նա հատել է Հայաստանի պետական սահմանը, բնականաբար, անձնագրում այդ կնիքը դրվել է: Ես կարծում եմ, որ նա արագացրել է այդ որոշման ընդունումը, որովհետեւ իր անձնագրում տեսնելով Արարատ լեռան պատկերով կնիք՝ կարող է պահանջել է, որպեսզի այն արագ կարգով հանվի»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ