Քիչ առաջ դատարանում խոսք տրվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով ասաց՝ ինչ խոսելու է, Աստծո կամքով է խոսելու, նրա տնօրինությանը համապատասխան։
«Գոհություն ու փառք եմ տալու Աստծուն, որ իմ կենսագրությունը հարստացրեց վերջին 80 օրերի փորձությունը, իմ կենսագրության համար հարստություն է։ Անշուշտ, նպատակն ինձ վարկաբեկելն էր՝ ցույց տալու համար հասարակության լայն զանգվածներին, որ տեսեք՝ այն հոգևորականը, որին այս տարիներին հարգել եք, հանցագործ է, ընդամենը սովորական հանցագործ է։
Նպատակն այս էր, և թող դատարանն ինքը որոշի՝ նպատակին ծառայեց, թե՞ հակառակ ազդեցությունն ունեցավ։ Ես կարծում եմ, որ հակառակ ազդեցությունն ունեցավ։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք այսօր ինձ չէին ճանաչում, ճանաչում են։ Ովքեր ճանաչում էին, կասկածում էին իմ որոշակի կարողությունների կամ մտածումների վրա, հիմա համոզվեցին, որ էդտեղ որևիցե խնդիր չկա։
Փառք Աստծո, ճանաչված եմ հանրության մոտ, չկա այդպիսի հայկական գաղթօջախ, որ ես չեմ եղել։ Եվ ոչ թե միայն Հայաստանի, Գյումրիի հասարակությունն է հետևում այս կատակերգությանը, այլ ամբողջ աշխարհի հայությունը։
Կարդացեք նաև
Իսկ ինձ հայությունից դուրս ուրիշ բան չի էլ հետաքրքրում»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ իրեն բնավ չի էլ հետաքրքրում, թե օտարները, դեսպանատները, ՀԿ-ները կարձանագրե՞ն, կարտահայտվե՞ն, թե՞ ոչ։
«Ես ամբողջ կյանքս ապրել և ապրում եմ և շարունակում եմ ապրել հայ ժողովրդի, հայկական պետականության, որն այսօր զավթված է, և հայ եկեղեցու համար։ Շարունակելու եմ ծառայել նաև այս գերբին և դրոշին»։
Նա գոհունակություն հատնեց Աստծուն, շնորհակալություն հայտնեց փաստաբանական խմբին ելույթների համար, որոնցով պարզ դարձավ՝ ինքը մեղավո՞ր է, թե ոչ։
«Վստահ եմ ՝ նույնիսկ Գյումրիի օժանդակ դպրոցի սաները, եթե հետևեցին, հասկացան, որ ես անմեղ եմ, էլ ուր մնաց որևիցե ինտելեկտի նշույլ ունեցող մարդ համոզված չլինի, որ ես անմեղ եմ։ Ես նաև համոզված եմ, որ բոլորն էլ համոզված են, որ ես անմեղ եմ, մեղադրող կողմը, հարգարժան դատարանը, նրանք, ովքեր պատվիրատուն են, նրանք էլ են համոզված, որ ես անմեղ եմ», -ասաց Միքայել Սրբազանը։
Նա շնորհակալություն հայտնեց դատավարությանը մասնակցող հոգևորականներին, որոնք ցույց տվեցին Հայոց եկեղեցու միասնականությունը, ցույց տվեցին, որ եկեղեցին որևէ բանից չի սարսափում, չի դողում, չի ընկճվում։ Նա նշեց, որ 80 օրվա ընթացքում իր համար ամենատհաճ պահը դատարան գալն էր, և եթե իր հարազատներին, հոգևոր եղբայրներին տեսնելու հնարավորություն չլիներ, չէր էլ գա, կասեր՝ դատեք, ինչպես ուզում եք։
Միքայել Սրբազանը պարզաբանեց, որ պատասխանատվության զգացումն է ստիպել գալ, որպեսզի մարդիկ չգային ու դատարկ աթոռ չտեսնեին։
«Այնպես չէ, որ հույսեր ունեինք արդարադատության, որովհետև էս ընթացքում արդարադատության կամ չարդարադատության ողջ պերճանքն ու թշվառությունը տեսանք անձամբ, ուրիշ բան է կողքից նայել, ուրիշ բան է սեփական կաշվի վրա զգալ», -ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ 2024 թվականի փետրվարի 2-ին մարդիկ եկել են իր մոտ քննարկման, ինքն էլ համաձայնել է։ «Գալան» հարցրել է՝ կարող ենք նկարահանել, համաձայնել է, բայց հարցազրույց չի եղել, ինքը չի կանչել ԳԱԼԱ-ի նկարահանող խմբին նկարահանման, որ ասեր՝ եկեք, ես կոչ եմ անելու, ինքը խոսել է իր մոտ եկած մարդկանց հետ։
Ըստ Սրբազանի, նեղություն անգամ չեն կրել այդ մարդկանց կանչելու ու հարցնելու՝ Սրբազանն ինչ է ասել, ինչ են իրենք հասկացել։
«ԳԱԼԱ-ին չէի՞ք կարող կանչել, ասել, լավ․ Սրբազա՞նն է պատվիրել ձեզ, Սրբազա՞նն է հանձնարարե՞լ, չեք կանչել, ինչու չե՞ք կանչել»,-հարցրեց Շիրակի թեմի առաջնորդը։
Միքայել Սրբազանը նաև հետաքրքրվեց՝ բա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ինչո՞ւ չեն հարցաքննել, չե՞ն ուզել պարզել ճշմարտությունը։ Ըստ նրա, նույնիսկ չեն պարզել, որ հանդիպումը տեղի է ունեցել Գյումրիում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ