Լրահոս
Օրվա լրահոսը

Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է

Սեպտեմբեր 15,2025 21:12

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից ոչնչացվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, որը  տեղադրվել էր 2021 թվականին ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Հուշարձանի հեղինակն էր հայտնի ռուս  քանդակագործ Սալավատ Շչերբակովը։

Ընդգծենք, որ այս քաղաքականությունը Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից հուշարձանների համակարգված ոչնչացման քաղաքականության հերթական դրսևորումն է։

Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում։ Այս համատեքստում ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը այս առիթով հայտնել է, որ աշխարհահռչակ նկարիչ Իվան Այվազովսկու (Հովհաննես Այվազյան) հուշարձանի քանդումը Լեռնային Ղարաբաղում խորը ափսոսանք և հակակրանք է առաջացնում․ «Այս կործանարար գործողությունները հակասում են մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերությունների, գործընկերության և բարիդրացիության ոգուն», – ասել է Շվիդկոյը։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ մշակույթի գործիչների հուշարձանների ապամոնտաժումը փաստարկ չէ և չի կարող լինել ո՛չ պատմության, ո՛չ էլ քաղաքականության մեջ։ Նա մտահոգություն է հայտնել նաև այն առնչությամբ, որ վերջին շրջանում մշակույթի ոլորտը շատ քաղաքականացված է։

«Բնականաբար, մշակույթը չի կարող քաղաքականությունից, միջպետական հարաբերությունների իրականությունից դուրս լինել, սակայն միևնույն ժամանակ, ինչպես ես եմ կարծում, մշակույթը պետք է մնա այն կապող օղակն ազգերի միջև, որը չպետք է կտրվի։ Քաղաքականությունն ապրում է ներկայով, իսկ մշակութային հարաբերությունները հավերժ են, և սա պետք է հասկանալ»,- ասել է Շվիդկոյը։

Մեր արձագանքը

Հովհաննես Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։ Այն խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի  պարտադիր ուժ ունեցող 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումները, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով միայն եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով:

Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի  38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։

Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները ունեն միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են  բոլոր պետությունների համար։

 

MONUMENT WATCH

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930