– Տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է խելք սովորեցնել դերասաններին, մասնավորապես` Մկրտիչ Արզումանյանին, եւ Արզումանյանը չի հակադրվում, չի ընդդիմանում եւ դեռ մի բան էլ արդարանում է:
– Ես համակարծիք չեմ, որ նա մեզ խորհուրդ է տվել կամ խելք է սովորեցրել: Մենք բնավ դրա կարիքը չունենք: Ստեղծագործության մեսիջն այն է, որ եթե մարդը չի սիրում իր հողը, ի դեպ, խոսքը մարդու մասին է առհասարակ, դա նշանակում է, որ այդ հողը վերջանում է տանդ պատերից այն կողմ: Արդյունքում` անպայման քո հայրենիքը, քո հողը քո ձեռքից անպայման կգողանան, կտանեն, կխլեն, կսպանեն…. մարդ պետք է այնքան սիրի իր հողը, որ ամուր պահի այն: Ներկայացման իմաստը դա է:
Կարդացեք նաև
– Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ արժեր հակադրվել վարչապետին, մի քանի խոսք ասել` առանց վեճի, առանց կտրուկ որակումների:
– Գիտեք ինչ, Մկրտիչը հայտնի մարդ է, նրա անունը շահարկելով՝ դիտում են հավաքում: Զզվելի է ուղղակի: Ախր, ամեն ինչ այնքան հստակ է: Զարմանում եմ ուղղակի: Ասեմ Ձեզ` ներկայացման մեջ ունենք ուղիղ տեքստեր, որոնք նույնականացվել են: Խաղում ենք 1920 թվական, Կարս: Օրինակ, ասվում է․ «Մեր վարչապետը պետք է լիներ Նիկոլը, ո՞վ է Նիկոլը, Աղբալյան Նիկոլը»: Ասում է․ «Նրան ո՞վ բերեց, Լեւո՞նը, ո՞ր Լեւոնը` Շանթը»…. ասում է․ «Նիկոլը լավ լրագրող է, բայց նրան վարչապետ լինելը չի սազում»: Նիկոլ Փաշինյանը նստած, լսելով այդ ամենը՝ բարձրաձայն ծիծաղում էր` հըռ-հըռ: Տողատակերում 100 տարվա պատմության կրկնության հայելանման երեւույթը կա: Մարդիկ ծիծաղում էին այդ ամենի վրա: Հայը ցանկապատի համար մյուս հայի հետ կռիվ է տալիս, բայց հազար անունով Հայաստան կա` Արեւմտյան, Արեւելյան եւ այլն, բայց չկա մի առաջնորդ, որ այդ բոլորի Հայաստանների ցանկապատը քանդի ու դարձնի մի ամբողջական Հայաստան: Փաշինյանը, լսելով այդ միտքը, ասաց, որ ոչ թե ցանկապատ պետք է քանդել, այլ ցանկապատ պետք է կառուցել: Ներկայացման ազդեցությունն այնքան մեծ էր, էմոցիաներն այնքան շատ էին, որ Նիկոլ Փաշինյանը տեղից հակադրվեց մեզ:
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը «Ցանկապատ» ներկայացման մեսիջը չի հասկացել: Դուք խոսում եք ցանկապատ քանդելու մասին, իսկ նա` ցանկապատ կառուցելու մասին:
– Նիկոլ Փաշինյանը մեջբերել է մի նախադասություն, որտեղ հերոսներից մեկն ասում է․ «Թող ամեն մեկն իր գյուղը պահի, թուրքը կգա, մենք էլ մերը կպահենք»: Գյուղապետը, որը հորդորում էր հայրենասիրություն, ասում է․ «Ամեն մեկդ այդպես եք մտածում, որ այսօր կա հարյուր անունով Հայաստան` Արեւմտյան, Արեւելյան, Դաշտային, Լեռնային, Պարսկահայաստան, եւ չկա մի առաջնորդ, որը կքանդի բոլոր ցանկապատները եւ կկառուցի մեկ Հայաստան»:
– Այսինքն` Փաշինյանն իսկապես չի ընկալել Ձեր ասելիքը:
– Այստեղ մտքի սխալի ու ճշտի հարցն է: Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն մեր ասելիքն այն էր, որ այսքան հայաստաններ ունենալով՝ ոչ մեկը, ի վերջո, մերը չէ:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: