-Քո ուշք ու միտքը էդ բառն է, չէ՞՝ մերժիր Սերժին: Դե հիմա լսիր ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը, դրա համար Նիկոլ կլիներ, թե Պողոս Երվանդյան, անցնելու էր: Սա ոչ թե Նիկոլ Փաշինյանն այդքան ձայներ ունի, այլ նախկինի ատելությունից ժողովուրդն ուզեցել է պրծնել ու ընտրել է Փաշինյանին: Բերել, ասել թե ՔՊ-ին պաշտպանեցիր, ես ընդհանրապես ՔՊ-ի վարքագիծը տեսնելով՝ երբեք չեմ պաշտպանի իրենց: Իրենք ուրախ կլինեն, որ իմ նման տղերքը իրենց կառույցից դառնան,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողներին ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Հետո Գյումրու քաղաքապետն ասաց, որ ինքը շատ հեռու է Երեւանի քաղաքական խաղերից, ըստ իրեն՝ ինքը օբյեկտիվ, ուղիղ ու ճիշտ խոսող անձնավորություն է:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստ կար: Նա մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, այդ գործի քննության ժամանակ այսօր որոշեց վերացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը ու նրա նկատմամբ 5 մլն դրամ գրավ կիրառեց:
Լրագրողներից մեկը Ղուկասյանից հետաքրքրվեց՝ 5 միլիոն դրամն իր համար մե՞ծ գումար է, թե՞ հեշտությամբ կվճարի, ի պատասխան՝ Ղուկասյանն ասաց. «Ես էնքան հարգանք ունեմ, հիմա աշխարհի որ երկիր զանգեմ ու ասեմ՝ ինձ 500.000 դոլար է պետք , երկու րոպե հետո Ղուկասյանին կբերեն կտան: Հետո փոքրուց աշխատել եմ…հիշեք՝ ինչքան առաջադրվեմ, այնքան անցնելու եմ, ընտրվելու եմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ