Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի ներկայիս անվտանգության քաղաքականությանը նայելով` այնպիսի տպավորություն է առաջանում, որ մենք ապրում ենք Լուսնի վրա և շրջապատված չենք որևէ սպառնալիքով, «խաղաղությունն» էլ իբր անշրջելի է, իսկ ահա բանակը կարելի է պահել միայն նրա համար, որ դա մոդայիկ է, «բոլորն ունեն, մենք էլ ունենանք» սկզբունքով։
Կառավարության ղեկավարի հայտարարությունը, թե` «բանակը պետք է լինի անվտանգության վերջին գործիքը», իրականում մատնանշում է մի վտանգավոր միտում․ բանակի թվաքանակի միջնորդավորված կրճատման, ռազմական ծախսերի չավելացման լեգիտիմացում։ Սա ներկայացվում է որպես «խաղաղության քաղաքականության» հետևանք, բայց իրականում դառնում է էլ ավելի շատ խոցելիության քաղաքական ամրագրում:
Անվտանգության համակարգը չի կարող կառուցվել միայն դիվանագիտության կամ միջազգային թղթերի վրա։ Դրանք ուժ ունեն միայն այն դեպքում, երբ պետությունը հենվում է նաև իրական պաշտպանունակության վրա, որը բանակն է ապահովում։
Կարդացեք նաև
Եթե վերջին «գործիքը» դարձրել են բանակը, որը հետևողականորեն ու գիտակցված թուլացվում է, ապա մնացած բոլոր շերտերը՝ բանակցությունները, համաձայնագրերը, դաշնակցային հարաբերությունները, վերածվում են ձևականության։
Սովորական քաղաքացուն մնում է հավատալ, որ օվալաձև սենյակում ստորագրված մի թուղթ կարող է նրան պաշտպանել, մինչդեռ իրական աշխարհում թուղթը չի պաշտպանում արդեն արձակված գնդակից, երկաթե վահան չի դառնում քեզ թիրախավորած ԱԹՍ-ների և հրթիռների դեմ:
Հարևան երկրներին նայելով` մեր վիճակն առավել մտահոգիչ ու սարսափելի է թվում, օրինակ` Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը մեծացնում են իրենց ռազմական ծախսերը, ներդրում են կատարում ժամանակակից սպառազինության մեջ, ձևավորում են պաշտպանական նոր դոկտրիններ, իսկ Հայաստանը, հակառակ միտումով, իր բանակը միջնորդավորված կերպով (1,5 տարի դարձնելով) նվազեցնում է ու բյուջեն պահում գրեթե անփոփոխ։ Սա ոչ թե «խաղաղություն պահպանելու» քաղաքականություն է, այլ անպաշտպանության ինստիտուցիոնալացում։