ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մասիսն է կամ Մեծ Արարատը։
Սա բառացի ձևակերպումն է նոր հրատարակված և դպրոցներում ներդրված դասագրքերում։ Ավելին, «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» բոլորովին նոր առարկա է դպրոցում։ Սա կարճ պատասխանն է մեր ընդդիմախոսների հերթական կեղծ պնդումներին, թե իբր Արարատը ջնջում ենք մեր ինքնությունից։
Հարգելի՛ հայրենակիցներ, ցավոք հիմնական ասելիքս ավելի դառն է։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է, ուշադրություն, մեր ինքնությունը խորհրդանշող մոտ 24,200 պատմամշակութային արժեք, որոնց գրեթե 90 տոկոսը կիսավեր, անխնամ կամ անտեսված է։ Տասնամյակներ շարունակ աղբակույտով շրջապատված, լցված վանքեր, հնավայրեր, հուշարձաններ, խաչքարեր, ամրոցներ և այլն։
Կարդացեք նաև
Դրանք բոլորը մերն են, մեր կողքին, մեր ինքնիշխան տարածքում, մեր ստեղծած և միջազգային ճանաչում ստացած Հայաստանի Հանրապետությունում։ Կնիքի վրա Արարատի ուրվագծի լինել-չլինելուց առաջ հարկավոր է նորոգել, խնամել ու սրբացնել մեր ինքնության վերոնշյալ մասնիկները։
Վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարությունը միլիարդավոր դրամներ է հատկացնում դրանց վերականգնման համար, մի բան, որը ցավոք նախկինում չի եղել։ Եվ դեռ քանի տարի, եթե ոչ տասնամյակ է պետք, որ հայ ժողովրդի ինքնության այս վառ վկաները բերենք պատշաճ վիճակի։ Իսկ ամենակարևորը՝ խնամենք ու իրապես սիրենք դրանք մեր ամենօրյա հոգատար վերաբերմունքով։
Ի դեպ, դասագիրքը լավն է, մեկնաբանությունում կթողնեմ այն։