2023 թվականին, երբ Ադրբեջանը փակել էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը եւ շրջափակման մեջ պահել մոտ 130 հազար արցախցիների, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե չեն միջամտում, որպեսզի Ադրբեջանը Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» չուզի։ ՔՊ-ական պատգամավորները եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրենց հարցազրույցներում բազմիցս արել են նման հայտարարություններ։
Մասնավորապես, 2023 թվականի սկզբին Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին։ Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի հարցով, Ալեն Սիմոնյանը պատասխանել էր, թե Ադրբեջանի նպատակն էլ հենց դա է՝ ներքաշել Հայաստանին այս խոսակցության մեջ, որպեսզի փորձի պարտադրել նման միջանցք բացել Հայաստանի տարածքով։ Հետագայում կրկնել է իր այս հայտարարությունը։
Այս դիրքորոշումն էին հայտնում նաեւ հայաստանյան տարբեր վերլուծաբաններ՝ արդարացնելով ՔՊ-ականների թեզը։ Մասնավորապես, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը հարցազրույցներից մեկում ասել էր․ «Որքան ես եմ հասկանում, Ադրբեջանը Հայաստանին ասում է՝ վերջնական կողմնորոշվիր՝ կամ Ադրբեջանից Նախիջեւան Սյունիքով անցնող ճանապարհը չի ունենալու հայկական սահմանային ու անձնագրային վերահսկողություն, կամ համաձայնիր, որ Լաչինի միջանցքում լինելու են ադրբեջանցի սահմանապահներ ու մաքսային ծառայողներ։ Այս հարցերն են դրված Հայաստանի առջև, որ ընտրի դրանցից մեկը, իսկ եթե ոչ մեկը, ոչ մյուսը՝ խնդրեմ, նորից ռազմական էսկալացիա, զոհեր, և մենք քեզ կստիպենք»։
Լաչինի միջանցքի փակման հետեւանքով արցախցիները մոտ մեկ տարի մնացին շրջափակման մեջ, այնուհետեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանի վայրագությունների ու ցեղասպանական գործողությունների հետեւանքով հաշված օրերի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջովին հայաթափվեց։
Կարդացեք նաև
Ու թեեւ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություներով նպաստեցին, որ Արցախն ամբողջությամբ բռնազավթվի Ադրբեջանի կողմից, իսկ արցախցիները ենթարկվեն ցեղասպանական գործողությունների, բայց Ադրբեջանը հետ չի կանգնում Սյունիքի եւ ընդհանրապես Հայաստանի վերաբերյալ իր տարածքային նկրտումներից։
Արցախի հայաթափումից հետո վերջին երկու տարիներին Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների կողմից տարբեր պահանջներ ու հայտարարություններ են հնչել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ։ Իսկ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի համաձայն՝ Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում կստեղծվի «Թրամփի ուղի» ճանապարհը, որը Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են «Զանգեզուրի միջանցք» կոչել։ Այս երթուղին ապահովելու է Ադրբեջանի անխոչընդոտ կապը Նախիջեւանի հետ։ Ադրբեջանը պահանջ է դրել, որպեսզի այդ ճանապարհի վրա հայ սահմանապահներ չլինեն, որպեսզի ադրբեջանցիները չառնչվեն հայ սահմանապահների հետ։
Օրերս Ազգային ժողովում պատգամավորներն ուղիղ հարց ուղղեցին Նիկոլ Փաշինյանին՝ «Թրամփի ուղու» վրա հայ սահմանապահները վերահսկողություն իրականացնելո՞ւ են։ Ի պատասխան «իրավազորության ու ինքնիշխանության» մասին հերթական հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բազմաթիվ երկրներում սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը։ Այդ երկրներ մտնող անձանց անձնագրերը ստուգում է սարքավորումը։ «Էդ մեթոդը, որ դու պիտի մարդուն ձեռք տաս, հոտոտես, ականջը քաշես, մազերը քաշես, տեսնես՝ իսկական է թե, թե չէ, չպիտի լինի մեր սահմաններին եւ չի լինելու»,- հայտարարել էր Փաշինյանը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն արդեն նախապատրաստում է հայ հանրությանը, որ կատարելու է Ադրբեջանի այս պահանջը եւս՝ հայ սահմանապահներ չեն լինի ճանապարհի վրա եւ չեն ստուգի ադրբեջանցիներին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ