Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Այսօրվա վկան հաստատեց, որ Վարդան Ղուկասյանը անգամ փաստաթուղթ է կազմել, որն աշխատողները ստորագրելով՝ պարտավորություն են ստանձնել, որ չպետք է շրջանցեն օրենքի որեւէ կարգավորում»

Սեպտեմբեր 16,2025 16:28

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր կայացավ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեց սույն գործով խնդրո առարկա ժամանակահատվածում որպես փոխքաղաքապետ աշխատած Գագիկ Մանուկյանը:

Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը

Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ վկայի հարցաքննությամբ, ըստ էության, հաստատվեց, վերահաստատվեց մեկ էական հանգամանք: «Հաստատվեց, որ քաղաքապետը չի հանդիսանում այն մասնագետը, որ կարող էր կամ պարտավոր էր ամենայն մանրամասնությամբ ճշտել, թե հողակտորը, դրա մի հատվածը կամ դրա մի կտորը արդյո՞ք հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակված, վաճառքն արգելված հողակտորների շարքում դասվում է, թե չի դասվում: Եվ երկրորդ, այսօրվա վկան եւս մեկ անգամ հաստատեց, որ Վարդան Ղուկասյանը երբեւէ իրեն կամ այլ անձի չի դիմել խնդրանքով, հորդորով կամ պահանջով, որպեսզի համապատասխան անձանց կողմից իրականությանը չհամապատասխանող որեւէ տվյալ ներկայացվի: Վարդան Ղուկասյանի պահանջը միշտ եղել է՝ օրենքի պահանջներին ուշադիր լինել եւ այդ հարցերը հանկարծ բարձիթողի վիճակում չթողնել: Ասվեց, որ անգամ փաստաթուղթ է կազմել ու աշխատողներն այդ պարտավորությունը ստանձնել էին, որ չպետք է շրջանցեն օրենքի որեւէ կարգավորում:

Հաջորդ վկաների ցուցմունքներն էլ մենք կլսենք: Հետեւաբար, այս պայմաններում ինչքան ընթանում է դատաքննությունը, կարծում եմ, բոլորի համար էլ վերահաստատվում է այն փաստը, որ այս քրեական գործի մեջ չկա իրավական իմաստով որեւէ խախտում: Այս քրեական գործի մեջ, ըստ էության, կա այլ շարժառիթ»,-ասաց պաշտպանը:

Արամայիս Հայրապետյան

Դեռ նախորդ նիստում պաշտպան Արամայիս Հայրապետյանը դատարանին միջնորդել էր՝ կապված քաղաքապետի պաշտոնում իր պարտականություններն ավելի արդյունավետ կատարելու հետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված չբացակայելու մասին խափանման միջոցը փոխարինել գրավով, ինչին մեղադրող Արեգ Խաչատրյանը, ըստ էության չէր առարկել՝ որոշման ընդունումը թողնելով դատարանին:

մեղադրող Արեգ Խաչատրյանը

Հաշվի առնելով այս հիմնավորումները ու նաեւ այն, որ ավելի քան 1,5 տարի շարունակվող դատավարության ամբողջ ընթացքում Վարդան Ղուկասյանը դրսեւորել է պատշաճ վարքագիծ, դատարանը չհեռանալու մասին նրա խափանման միջոցը վերացրեց եւ կիրառեց գրավ 5 մլն դրամի չափով:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 23-ին, ժամը 10:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930