Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Տիգրանաշենը տվեցին Ադրբեջանին, ադրբեջանցին ո՞նց է հասնելու այստեղ, միջանցք են պահանջելու այս անգամ»․ Ռուբեն Գալչյան

Սեպտեմբեր 16,2025 17:26

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների բռնազավթման հարցին, հայտարարում է,  թե «Ադրբեջանն էլ ունի տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ վերահսկողության տակ»։

Ռուբեն Գալչյան

«Առավոտը» քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանին հարցրեց՝ ի՞նչ տարածքների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, որոնք իբր ադրբեջանական են եւ գտնվում են ՀՀ վերահսկողության տակ։

Ռուբեն Գալչյանն ասաց․ «Եթե Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ 240 քկմ ՀՀ բարձունքներ ու տարածքներ, մենք երեւի ունենք Ադրբեջանի գրաված 3-4 քկմ տարածք, հիմնականում Տավուշում։ Խոսքն Իջեւանից դեպքի Նոյեմբերյան գնացող մայրուղու մասին է, որը Ոսկեպարի մոտ 4 անգամ մտնում է ադրբեջանական տարածք ու դուրս է գալիս։ Քանի որ ճանապարհն այդտեղով էր անցնում, այդ ճանապարհը մենք մեր վերահսկողության տակ ենք վերցրել եւ չենք վերադարձրել։ Դրանից ավելի հյուսիս ճանապարհը, որը գրավել էինք այն նպատակով, որ վարորդների համար անվտանգ լինի, քանի որ այնտեղից կրակում էին մեզ վրա, դա վերադարձվեց։ Եվ այդ մասն է, որ արդեն սահմանազատված է, եւ սահմանապահներ կան այնտեղ։ Բայց մյուս հարցը դեռ չի լուծվել՝ ինչպե՞ս պետք է այդ ճանապարհի խնդիրը լուծել։ Երբ պարոն Փաշինյանն ասում է՝ մենք էլ ունենք գրաված տարածքներ, այո, ունենք, բայց Ադրբեջանի գրավածի 1 տոկոսն է մեր ունեցածը»։

Ռուբեն Գալչյանն անդրադարձավ նաեւ այսպես կոչված «անկլավների» հարցին, թե ի՞նչ իրավական հիմք կա այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու համար։ Նա ասաց, որ ոչ մի իրավական հիմք չկա։ «Արխիվներում ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, թե ինչի հիման վրա կարելի է այդ տարածքները Ադրբեջանին տալ։ Այդ տարածքները բոլորը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ։ Եթե օրերից մի օր Հայաստանը որոշել է այդ տարածքները հանձնել Ադրբեջանին, ապա Ադրբեջանը թող փաստաթուղթ ներկայացնի, թե Հայաստանը երբ, ինչպես, ինչ միջոցներով է այդ տարածքները հանձնել իրենց։ Եթե այդ տարածքները հանձնվեն Ադրբեջանին, դա կլինի միայն Խորհրդային միության շտաբի գծած քարտեզներով»,- ասաց նա։

Ըստ Գալչյանի՝ Ադրբեջանի համար մեծ խնդիր է Արծվաշենը հայերին վերադարձնելը, որովհետեւ այդ տարածաշրջանի ամբողջ կոմունիկացիաները Արծվաշենի միջով են անցնում, դա այդ շրջանի տնտեսական կենտրոնն է դարձել։ «Հետեւաբար, ամենախելոք տարբերակն այն է, որ անկլավները փոխանակեն։ Այն, ինչն Ադրբեջանի տարածքում է, մնա Ադրբեջանին, այն, ինչը Հայաստանի տարածքում է, մնա Հայաստանին։ Ենթադրենք՝ Տիգրանաշենը տվեցին Ադրբեջանին, ադրբեջանցին ո՞նց է հասնելու այստեղ, ի՞նչ ճանապարհով։ Միջանցք են պահանջելու այս անգամ, ոչ թե ճանապարհ։ Իսկ մենք միջանցք չենք կարող հատկացնել առանց հանրաքվե, իսկ հանրաքվեն ժողովուրդը չի ընդունի։ Ուրեմն, Տիգրանաշենը կմնա դատարկ կղզյակ կամ Ադրբեջանը սադրանքների կդիմի»,- հավելեց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930