Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ ձևակերպե՛ք ձեր առաքելությունը». ՊԵԿ-ը և ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ ուսանողների համար պետական համակարգում ստեղծելով նոր հնարավորություններ

Սեպտեմբեր 16,2025 17:51

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստորագրել են  համագործակցության հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի միջև։ Համագործակցության ընդլայնման նպատակն է համատեղ ուժերով աջակցել տնտեսագիտության և գործարար վարչարարության ոլորտներում մասնագիտական կրթության զարգացմանը, պետական ֆինանսական համակարգում բարձրացնել արդյունքահեն հետազոտությունների դերը։ Փոխգործակցությամբ, մասնավորապես, նախատեսվում է մշակել և իրագործել ՀՊՏՀ բակալավրի և մագիստրատուրայի  կրթական ծրագրեր, ակադեմիական կազմի վերապատրաստման գործընթացում ներգրավել Կոմիտեի մասնագետներին, կազմակերպել գիտաժողովներ, ֆորումներ և այլ գիտական միջոցառումներ, ստեղծել նաև համատեղ էլեկտրոնային գրադարաններ և ընթերցասրահներ։

ՊԵԿ նախագահը նաև հանդիպում է ունեցել բուհի ղեկավար կազմի հետ, ռեկտորի ուղեկցությամբ շրջայց կատարել ՀՊՏՀ տարածքում։ Այնուհետև Էդուարդ Հակոբյանը հարազատ բուհում հանդես է եկել «Ուսանողից՝ ղեկավար» թեմայով բաց երկխոսության ձևաչափով բանախոսությամբ և ուսանողների հետ զրուցել իր անցած մասնագիտական ճանապարհի մասին՝ սկսած ուսանողական տարիներից մինչև պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոնի ստանձնումը։ ՊԵԿ նախագահն առանձնահատուկ կարևորել է կրթության և գիտելիքի շարունակական կուտակման, ինչպես նաև անձնական առաքելության ձևակերպման անհրաժեշտությունը՝ մասնագիտական զարգացման և առաջնորդության ճանապարհին։ «Իմ անցած ճանապարհը ցույց է տալիս, որ մասնագիտական աճին կարելի է հասնել միայն անձնական հանձնառության և հետևողական աշխատանքի շնորհիվ։ Անհրաժեշտ է մշտապես ձգտել ինքնազարգացման, գիտելիքի ու փորձի կուտակման, իսկ պետական համակարգում աշխատելը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում ծառայելու հանրությանը և նպաստելու երկրի զարգացմանը»,– ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։

Ողջունելով ՊԵԿ նախագահին և ներկաներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը կարևորել է պետական հատվածի հետ համագործակցությունը և ընդգծել, որ պետությանը ծառայելը յուրաքանչյուր անհատի համար մեծագույն առաքելություն է․ «Մենք հպարտանում ենք մեր այն շրջանավարտներով, որոնք իրենց կարիերայի հաջողությունը պատկերացրել են պետությանը ծառայելով, որովհետև դա շատ ավելի բարդ ճանապարհ է որպես այդպիսին, քան մասնավոր հատվածում հաջողություն ունենալը»։

ՊԵԿ նախագահն ուսանողների հետ նաև կիսվել է պետական կառավարման ոլորտում հաջողելու սեփական փորձով, ներկայացրել է պետական ծառայողության առանձնահատկությունները, ինչպես նաև երիտասարդների դերը պետական համակարգում։ Ամփոփելով խոսքը՝ Էդուարդ Հակոբյանն ուսանողներին հորդորել է լինել նպատակասլաց և ակտիվ մասնակցություն ունենալ ուսման ու մասնագիտական զարգացման գործում․  «Ձեր ճանապարհը կերտողը դուք եք․ սիրե՛ք ձեր մասնագիտությունը, լսե՛ք դասախոսներին և ճիշտ ձևակերպե՛ք ձեր առաքելությունը»։

Բանախոսությունն անցել է ինտերակտիվ հարցուպատասխան ձևաչափով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930