«Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից՝ գումարի բացակայության, կամ պակասի պատճառով… Մենք նման ծրագրեր ավելի փոքր ծավալով մշակելու և իրագործելու փորձ արդեն ունեցել ենք»,- տարածելով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի վերջին ուղերձը՝ ֆեյսբուքյան իր էջում ընդգծել է ՀԷՑ-ում Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ Լիլիա Շուշանյանը, որին ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ազատել էր աշխատանքից։
Հիշեցնենք, որ Լիլիա Շուշանյանը 2019-2021 թթ. նաեւ զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնը:
Նրա այս գրառմանն արձագանքել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նշել է. «Դրա համար էլ հունվարի 1-ից առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կմտնի ուժի մեջ ու բոլորը կստանան առողջության ապահովագրություն»:
Կարդացեք նաև
Լիլիա Շուշանյանն արձագանքել է. «Պարոն Պապոյան, վստահ եմ, որ նախընտրական ամիսներին Ձեր ասածը միանգամայն հնարավոր է, անգամ այն, ինչը դեռ 2018-ի ծրագրով էր խոստացվել և մինչ օրս չի արվել (ապահովագրությունը): Վտանգավորն էլ հենց դա է:
Ինչ համակարգ լինի՝ անկախ հաշվարկների առկայությունից կամ դրանց հիմնավորվածությունից, մոդելից, վերլուծություններից, նույն պետական տարբեր մարմինների կողմ կամ դեմ լինելու հանգամանքից, պատրաստվածությունից՝ կներդրվի:
Խնդիրն այն է, որ այդ նույն խոստումը տրվել է դեռևս 2018-ին, ապա 2021-ի կառավարության ծրագրով նույնպես ու տարեցտարի չի ներդրվել, միշտ հետաձգվել է: Մենք բոլորս արդեն մի քանի տարի պետք է օգտվեինք այդ համակարգից: Ավելին, այդ խոստումից 6 տարի անց (2024թ. նոյ.) վարչապետի կողմից դեռ նոր-նոր հայտարարվեց, որ համակարգում կան չպարզաբանված անորոշություններ, որոնց ի հայտ գալու դեպքում ապահովագրության ներդրումը կարող է մեծ ձախողման հանգեցնել: Սա խոստումից մի ամբողջ 6 տարի անց:
Մինչ օրս հանրությանը չի ներկայացվել մի հստակ հաշվարկ-հիմնավորում և կանխատեսումային սցենարներ, որոնց հիմքով Ձեր ասած հունվարի մեկին կներդրվի բոլոր ռիսկերը վերլուծած և անորոշությունները հրապարակած/փարատած համակարգ:
Երբ չկան շատ հստակ հաշվարկ-հիմնավորումներ, առաջարկվող ցանկացած համակարգ բազմաթիվ խնդիրներ կարող է պրակտիկայում առաջացնել, ամենապրիմիտիվ օրինակով՝ կաշխատի նույն ձև, ինչ պետպատվերը, մարդկանց հերթագրելով մյուս տարի ծառայություն մատուցելու ակնկալիքով:
Եթե զուտ էկոնոմիկայի տեսանկյունից նայենք, ապա գործատուների համար փաստացի բեռ է առաջանում, որի չափը կրկին պետք է հիմնավորի այդ հաշվարկ-հիմնավորումներով:
Էլ չեմ ասում, որ պաշտոնապես հրապարակած նախագծում ապահովագրության մեխանիզմ ինքնին չկա, մեր օրենսդրությամբ սահմանված ապահովագրության կարգավորումների շրջանակում ոչ մի ձևով չի ընդգրկվում:
Ուրախ կլինեմ վերլուծությունների ու հաշվարկների հրապարակման դեպքում անդրադառնալ դրանց»:
Այս փաստարկներին Գեւորգ Պապոյանը դեռ չի արձագանքել: