Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակիցը NEWS.am–ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իր ամուսնուն առևանգելու և ծեծի ենթարկելու մասին։
«Չեմ ցանկանում, որ տեսագրությունում դեմքս երևա, որովհետև շատ լրատվամիջոցներ կարող են օգտագործել դա անհիմն վերնագրերով, բայց չեմ էլ կարող չբարձրաձայնել նման հանցագործությունը։ Մարդիկ պետք է տեղեկանան, որ նման պաշտոնյաներ կան, որոնք չարաշահում են իրենց պաշտեոնեական դիրքը։
Ինչ է նշանակում մարդուն օրը ցերեկով առևանգել, ինչ–որ մի տեղ ժամերով պահել, 40-50 հոգով հարձակվել ու ծեծել։ Կարող եմ ասել, որ նման բան անողներն ուղղակի տականքներ են»,–ասաց նա՝ նշելով, որ խնդրի մասին չբարձրաձայնելու դեպքում մեղավորը կարող է իր կապերի միջոցով ազատվել պատասխանատվությունից։
Տուժողի կինը պատմեց, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12-ի սահմաններում իր ամուսնուն խաբեությամբ տարել են անծանոթ վայր և ծեծի ենթարկել։
Կարդացեք նաև
«Երբ տեղ են հասել, ամուսինս ճանաչել է նրանցից մեկին. Կադաստրի կոմիտեի նախագահի՝ Սուրեն Թովմասյանի կողմից նախկինում ուղարկվել էր իմ աշխատանքի հետ կապված ինչ–որ հարցեր քննարկելու համար։ Երբ ամուսինս տեսել է Ռոմանին, կասկածել է, որ ծուղակն է ընկել, բայց չի հասցրել ոչինչ անել, մեքենայից հանել են ու սկսել ծեծել։ Անդադար ծեծել են, ամուսինս հիմնականում աչքի հատվածում է վնասվածքներ ստացել։ Նույնիսկ սարսափ ֆիլմերում նման բան չեմ տեսել։ Հիմա լուրջ խնդիրներ ունի տեսողության հետ, չգիտեմ՝ տեսողությունը կվերականգնվի թե չէ։
Ուզում եմ, որ Սուրեն Թովմասյանը պատժվի։ Վստահ եմ, որ նա է մեղավորը, որովհետև ծեծելու ընթացքում պարբերաբար ասել են՝ «ստացի մեր Սուրոյի համար, մեր Սուրոյին նման բաներ ես ասել, դրա համար էլ էս վիճակում ես»,–պատմեց Կադաստրի կոմիտեի աշխատակիցը։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ վարույթ հարուցվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը) և 191-րդ հոդվածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը):
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։