Հարցազրույց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ
– Օգոստոսի 8-ից հետո պարզ դարձավ, որ իշխանությունը նախընտրական օրակարգում պահելու է խաղաղության թեման, թմբկահարելով խաղաղության պայմանագրի նախաստորագրումը Վաշինգտոնում: Ասելու են` մենք խաղաղություն ենք բերում, իսկ ովքեր դեմ են` պատերազմ են ուզում։ Ձեր կարծիքով ընդդիմությանը հաջողվո՞ւմ է իշխանության օրակարգին այլընտրանք առաջարկել։
– Ընդդիմության այլընտրանքը պետք է լինի կոնկրետ անելիքների օրակարգ։ Եթե, օրինակ, ՔՊ-ն սեպտեմբերի 20-ի համագումարին պետք է հայտարարի իր Իրական Հայաստանի կոնցեպտի տեսլականը, ապա ընդդիմությունը պետք է նվիրական երկրի մասին իր կոնցեպտը հակադրի։ Իրենք ի՞նչ են ասում, ասում են, որ մարդ պետք է բավարարի իր կենսական պահանջները՝ լավ ապրի, լավ ուտի, լավ քնի եւ ընդհանրապես անհոգ լինի, երաժշտություն լսի, փառատոների մասնակցի, այսինքն՝ իրենց քարոզը կենցաղային մարդ պատրաստելն է։
– Փորը կուշտ` առանց գաղափարների։
Կարդացեք նաև
– Այո։ Իմ կարծիքով իրենց ասածին պետք է հակադրվի կարեւոր մի բան, որ գիտեք` ժողովուրդ ջան, մարդն անասունից տարբերվում է նրանով, որ իր սպառողական զամբյուղի մեջ բացի նյութական եւ կենցաղային պահանջներից, պետք է ունենա նաեւ հոգեւոր եւ մշակութային պահանջների բավարարում, հետեւաբար եկեք միասին ձեւավորենք այդ զամբյուղը եւ պայմանավորվենք, որ զամբյուղի պարունակությունը նույնիսկ կարելի է արարել եւ սփռել աշխարհով մեկ։ Այ, սա է պետք ասել։ Եթե իրենք խոսում են Իրական Հայաստանի քաղաքացու մասին, ապա ես կխոսեի Ապագայի Հայաստանի քաղաքացու մասին, ապագայի մարդու կամ կոստանզարյանական՝ արարատյան մարդու մասին, այն մարդու, որը գիտակցում է իր ծագումնաբանությունը, այն մարդու, որն ունի պատմական հիշողություն, մարդ, որ իր կենսատարածքի մեջ ունի պատկերացում իր գլխում, որն աշխարհագրական որեւէ ցանկապատով հնարավոր չէ ցանկապատել, ինքը գիտի իր հավիտենականության մասին, վստահ է դրանում: Այդպիսի մարդ պետք է ունենալ եւ պետությունն էլ պետք է ծառայի նման մարդու պահանջմունքները բավարարելուն։ Ով կասի, որ մենք խաղաղություն չենք ուզի, միայն հիվանդ մարդը եւ մտավոր հետամնացը կարող է մտածել պատերազմի, ոչ թե խաղաղության մասին։ Բայց պետք է հստակ իմանալ՝ եթե ուզում ես խաղաղ ապրել, դու պետք է լինես հզոր` մտքով, բազկով, գաղափարով եւ ընդհանրապես քո տարածաշրջանային, համամարդկային գաղափարախոսությամբ։
– Իշխանության Իրական Հայաստանի կոնցեպտում քաղաքացին պետք է մոռանա Արցախի մասին, Արցախն անգամ պատմական հայրենիք էլ չի ներկայացվում։ Եթե որեւէ ընդդիմադիր գործիչ, միավոր գա ու ասի` Արցախը վերադարձնելու ենք, կարժանանա՞ հանրության աջակցությանը, իրենք հենց դրա համար են չէ՞ մանիպուլացնում, թե` պատերազմ է ուզում ընդդիմությունը։
– Ով կգա ու կասի Արցախը վերադարձնելու ենք, առնվազն ազնիվ չէ իր ժողովրդի հետ, ոչ մեկ չի կարող նման բան ասել, որովհետեւ Արցախը վերադարձնելը նույն բանն է, ոնց որ մենք հիմա խոսենք Տարոն աշխարհի վերադարձնելու մասին։ Բայց մենք պարտավոր ենք արցախահայության իրավունքների մասին խոսել, եւ այդ իրավունքներն առնվազն երկու կտրվածքով պետք է պաշտպանվեն, առաջինը՝ Հայաստանում արժանապատիվ եւ հիմնարար իրավունքների առումով, որովհետեւ Հայաստանը արցախահայության մայր հայրենիքն է, ինչպես նաեւ՝ պետք է խոսենք արցախահայության համամարդկային, հիմնարար, իր բնօրրան վերադառնալու իրավունքի մասին՝ միջազգային երաշխիքների ներքո: Դա չի նշանակում, որ տեսանելի ապագայում հնարավոր է, բայց դա պետք է ներկայացնել, պետք է միջազգային հարթակներում խոսել այդ մասին։ Այո, խաղաղություն, բայց ինչպիսի՞ խաղաղություն, խաղաղության որակի մասին է պետք խոսել ժողովրդի հետ։ Փաշինյանն ասում է՝ ով կգա ու կասի, որ չի ընդունում մեր բանակցությունները, պայմանագիրը, ուրեմն նա ուզում է պատերազմ, նա պրիմիտիվացնելու մեծ վարպետ է եւ շատ լավ գիտի ժողովուրդն արագ է ընկալում նման բան, ինքը գիտի ինչպես խոսել: Բայց մնացածը՝ գիտնականի խոսքերով, բարդ ստորադասական նախադասություններով, պետք է փոխեն իրենց խոսույթը։ Պետք է ասել՝ այո, ժողովուրդ ջան, մենք էլ ենք ասում խաղաղություն, բայց մի բան է երբ այդ մասին ասում է պարտության սիմվոլը, մեկ այլ բան, որ ասում է քաղաքական ուժ, որն ունի հնարավորություններ եւ սկզբնակետից ձեզ առաջնորդելու կամք ու կարողություն։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: