Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ մեկը, որը գեթ մեկ փոխզիջում է տեսնում Ադրբեջանից. հանձնեց հանցագործներին, բայց գերիներին հետ չստացավ, հանձնում է տարածքներ, բայց ինքը չի ստանում. «Հրապարակ»

Սեպտեմբեր 17,2025 10:51

Ադրբեջանի ռազմական բյուջեն եկող տարի կկազմի 5 միլիարդ 120 միլիոն դոլար։ Պաշտպանական ծախսերն այդ երկրի բյուջեի 21 տոկոսը կկազմեն:

Այս ամենը տեղի է ունենում մի տարածաշրջանում, որտեղ Հայաստանի իշխանությունների պնդումներով, հաստատվել է բաղձալի խաղաղությունը ու այն մենք արդեն վայելում ենք:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքով, թուրքերն ու արդբեջանցիները բացեիբաց են ասում, որ Նիկոլ Փաշինյանն աշխատում է իրենց շահերի համար, ուստի զարմանալի չեն այն քայլերը, որոնք իրականացնում են ՀՀ իշխանությունները. «Յուրաքանչյուր քայլ, որը կատարում է օրվա իշխանությունը, Ադրբեջանի ու Թուրքիայի օգտին է ու ի վնաս Հայաստանի: Եթե հայերի մեջ դեռ նրա նկատմամբ ինչ-որ հավատ ունեցողներ կան, ապա նրանց հետ ոչինչ հնարավոր չէ անել, անհույս դեպքեր են»: Թուրքագետը կարծում է՝ անգամ Անկարան ու Բաքուն էլ Փաշինյանի առաջ պահանջ դնելու կարիք չունեն, դեռ չպահանջած` նա մեկ առ մեկ բավարարում է նրանց շահերը՝ նույնիսկ առաջ ընկնելով:

«Ադպես եղավ Սյունիքի հետ կապված՝ Մեղրիի միջանցքի խնդիրը, այդպես եղավ, երբ մեր վարչապետը պահանջեց մի քանի ճանապարհ տալ Ադրբեջանին, այն դեպքում, երբ մինչեւ այդ, ադրբեջանցիներն այդպիսի պահանջ չունեին: Այսինքն, Ադրբեջանը եւ մյուս կողմից էլ` Թուրքիան, արդեն մեր հետեւից են գալիս: Վերջին տարիներին  շարունակ,մենք ենք ինչ որ բան առաջարկում, ադրբեջանցիներն էլ ասում են՝ լավ, խոստացել ես, տու՛ր: Հիշու՞մ եք այդ խոսքը, որը Ալիեւը մի քանի անգամ արտաբերել է՝ խոստացել եք՝ կատարեք: Մենք ի՞նչ ենք խոստացել՝ որպես հայ ժողովուրդ, տեղյակ չենք, իսկ սա նշանակում է, որ մութ սենյակներում, մութ անկյուններում ինչ-որ բաներ են խոստացել: Այսինքն, ՀՀ իշխանության առաջարկն է, որ իրենք պահանջում են: Փաշինյանը ինքն է առաջարկներ անում եւ հանձնելու մասին տեղեկություններ տալիս, թուրքերն էլ մեծ սիրով այդ ամենը ընդունում են»,-կարծում է թուրքագետը:

Մեր զրուցակիցը հարցնում է՝ կա՞ մեկը Հայաստանում, որը գեթ մեկ փոխզիջում է տեսնում Ադրբեջանից ու հիշեցնում է հենց թեկուզ հումանիտար խնդիրները՝ հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց հանցագործներին, բայց գերիներին հետ չստացավ, հանձնում է տարածքներ, բայց ինքը չի ստանում: Ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձին համաձայնում է, բայց ոչ ոք չի խոսում այն մասին, որ հայերն էլ գնան Ադրբեջանում ապրեն, խոսում են «անխոչընդոտ ճանապարհի» մասին, բայց նույնը Ադրբեջանից չեն ստանում՝ չնայած նրան, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքով դա ֆիքսված էր: Մինչդեռ, արդյունքում, հայկական կողմը ոչ միայն Լաչինի միջանցքը չստացավ, այլեւ ամբողջ Արցախը հանձնեց, իսկ ժողովուրդը տեղահանվեց:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930