Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու տարում իրատեսական է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնել»․ «ՀայաՔվե»-ն ստորագրահավաք կանցկացնի եւ հանրագրով կդիմի իշխանությանը

Սեպտեմբեր 17,2025 13:04

«Երկու տարում ավելի քան իրատեսական է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնել եւ այսուհետ դրանք ինդեքսավորել նվազագույն սպառողական զամբյուղի հետ»,- այս մասին այսօր ասուլիսում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

«50 տոկոսը տարեկան 175 մլրդ դրամ է, ինչո՞ւ ենք ասում՝ երկու տարում, որովհետեւ մենք պոպուլիստ չենք։ Որտեղի՞ց ենք վերցնելու այդ միջոցները՝ մոտավորապես 100 մլրդ դրամը վերցնելու ենք պետական բյուջեի բնականոն օրգանական աճից»,- ասաց նա։

Ըստ Չալաբյանի՝ միաժամանակ հնարավորություն կա 35 մլրդ դրամով կրճատել պետական պարտքի սպասարկման ծախսը։ Ինչպե՞ս՝ պետական պարտքը ռեստրուկտուրիզացիա անելով՝ թանկարժեք պետական պարտքը փոխարինելով ավելի էժան պետական պարտքի։

«Երրորդը՝ պետական մարմինների ծախսերը կնվազեցնենք ընդամենը 10 տոկոսով։ Դա բացարձակ իրատեսական է, ընդամենը պարգեւավճարները մի քիչ կպակասեցնենք։ Պարգեւավճարներն են, թանկարժեք մեքենաները, թանկարժեք գրասենյակները։ Ռեպրեսիվ մարմինների ծախսերը եւս 10 տոկոսով հանգիստ կարելի է պակասեցնել։ Եվ վերջապես, 20 տոկոսով կպակասեցնենք վարչապետի պահուստային ֆոնդը։ Սա տալիս է այն 175 մլրդ դրամը, որը մեզ հնարավորություն կտա մեր կենսաթոշակառուների կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնել եւ դրանից հետո մշտապես, ամեն տարի ինդեքսավորել նվազագույն սպառողական զամբյուղի հետ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Չալաբյանը նշեց, որ հաջորդ շաբաթվանից ստորագրահավաք կսկսեն, հանրագրով կդիմեն իշխանություններին՝ պահանջով, որ 50 տոկոսով բարձրացնեն կենսաթոշակները։ Երկրորդ կետով կպահանջեն, որպեսզի այսուհետ կենսաթոշակները մշտապես ինդեքսավորեն սպառողական նվազագույն զամբյուղի հետ։ «Եթե մեր հանրագիրն անպատասխան մնա, մենք հաջորդ տարվա համապետական ընտրություններին գնալու ենք հենց այս օրակարգով՝ մեր բոլոր կես միլիոն կենսաթոշակառուների համար երկու տարում կենսաթոշակների աճ ապահովելու խոստումով»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930