«Ցանկապատ»-ի բուն թեման գրաքննությունն է. քաղաքացի Փաշինյանի վարքն անթույլատրելի է
Սեպտեմբերի 14-ին Հայաստանի քաղաքացի Նիկոլ Փաշինյանը Բյուրականի Հանդart մշակութային այգում ներկա է եղել «Ցանկապատ» ներկայացմանը:
Ներկայացման վերջում նա պահանջել է, որպեսզի դերասաններն ու ներկայացման բեմադրիչը հաշվետվություն տան, թե որն է նրանց ուղերձը:
Ստեղծագործողների պատասխանից չբավարարված՝ քաղաքացին ինքն է թելադրել, թե ինչի մասին պետք է լինի ներկայացումը։
Կարդացեք նաև
Այս վարքն անընդունելի է, հատկապես հաշվի առնելով, որ քաղաքացի Փաշինյանը Հայաստանում աշխատում է վարչապետ և հանրության ուշադրության կենտրոնում է:
Ավելի մտահոգիչ է, որ նա իր ուզած ձևով նկարահանել և մոնտաժել է դերասանների պատասխանները՝ տպավորություն ստեղծելով, թե նրանք համաձայն են իր խորամանկորեն արված գրաքննության հետ, ինչի արդյունքում հանրության տրամադրությունները լարվել է ստեղծագործողների դեմ։
«Ակն ընդ ական» վավերագրողների համայնքն անթույլատրելի է համարում արվեստագետների հանդեպ էթիկայից զուրկ այսպիսի վերաբերմունքը և քաղաքացի Փաշինյանի խորամանկ գրաքննության փորձը:
«Ակն ընդ ականը» նաև դատապարտում է իշխանական պատգամավորների ձևական աջակցության ժեստը ստեղծագործողներին, որ իբր թե պաշտպանում են արվեստագետին, այնինչ արվեստագետին աջակցելն օգտագործում են քաղաքական հակառակորդի վրա հարձակվելու համար։
Արվեստագետին աջակցողը, կաջակցեր նրա ստեղծագործական ազատությանը՝ դատապարտելով իր իսկ կուսակցի՝ Նիկոլ Փաշինյանի միջամտությունը ստեղծագործական կյանքին և պաշտոնական դիրքն օգտագործելով՝ ներկայացումը վարկաբեկելուն։
Արվեստագետին աջակցողը կաջակցեր Գոյ թատրոնին, Հայաստանի կինոկենտրոնին, որն ապօրինի լուծարվեց։ Կաջակցեր կինոգործիչներին, որոնց կարծիքը ոտնահարելով՝ հաստատվեց Կինոֆոնդի կանոնակարգը և կինոյի մասին օրենքի աններելի փոփոխությունները մեկնարկեց: Արվեստագետին աջակցողը կդատապարտեր ստեղծագործողներին անկյուն մղող Նիկոլ Փաշինյանի գեղագիտական տեղորոշման հակաժողովրդավարական հայեցակարգը։
Արվեստագետին աջակցողը Արցախի արվեստի խմբերին և արվեստագետներին կաջակցեր (վստահաբար Սնուփ Դոգի կամ Ջենիֆեր Լոպեսի մեկ համերգի փոխարեն հնարավոր էր Արցախի բոլոր նկարիչների խնդիրը լուծել)։ Ավելին, արվեստագետին աջակցողը Արցախի արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու Արցախի մշակութային կառույցները ապօրինաբար, ժողովրդից թաքուն և հանցագործությամբ չէր տա Ադրբեջանին:
Այս միջադեպով անհանգիստ բոլոր քաղաքացիներին, արվեստագետներին, իրավապաշտպաններին, լրագրողներին կոչ ենք անում «Ցանկապատի» դեպքը դիտարկել և քննարկել որպես ստեղծագործական ազատությանը միջամտելու դեպք. չափազանց խորամանկ, հրահրելով հոգեբանական ճնշում դերասանների դեմ և ստանալ քաղաքական սպասելի արդյունք՝ ներկայացման վարկաբեկում և ստեղծագործողների ինքնացենզուրա:
Արվեստագետներին քաջալերում ենք լինել ազատ․ թե՛ հանրային պարսավանքը, թե՛ իշխանական աջակցությունը միտված են ստեղծագործողին կաշկանդելուն:
«Ցանկապատ» ներկայացման հիմքում Ստեփան Զորյանի համանուն պատմվածքն է, որտեղ մինչ հարևաններ Մինասն ու Թևոսը կռվում են ցանկապատի ծուռումուռ լինելու պատճառով, թշնամին գրավում է նրանց տները։
Ականջալուր է պետք լինել Զորյանի ակնարկին և «Ցանկապատ» ներկայացման ուղերձին՝ թույլ չտալով, որ հանրության պառակտող քաղաքացի Փաշինյանի վարքը հասնի նպատակին։
«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք