Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ազգը շարունակում է ծերանալ, համապարփակ կենսաթոշակային բարեփոխումներ պետք է իրականացվեն»․ Հրայր Կամենդատյան

Սեպտեմբեր 17,2025 14:16

«ՀՀ-ում կենսաթոշակառուների քանակը 2018 թվականին եղել է մոտավորապես բնակչության ընդհանուր թվի 15,6 տոկոսը, հիմա դա կազմում է բնակչության 16,27 տոկոսը։ Սա նշանակում է, որ մեր ազգը շարունակում է ծերանալ։ Իհարկե, կյանքի տեւողությունն ավելացել է, բայց այստեղ մի խնդիր է առաջացել, որ ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ դառնում են թոշակառու, կենսաթոշակային համակարգի հետ կապված պետության խնդիրներն անընդհատ աճում են, եւ պետությունը պետք է երես չթեքի կենսաթոշակառուից, համակարգում իրականացնի ռեալ բարեփոխումներ։ Վերջիվերջո բնակչության մոտ 16 տոկոս կազմող այդ շերտի հարցերը պետք է կարգավորել՝ իրականացնելով համապարփակ կենսաթոշակային բարեփոխումներ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Հրայր Կամենդատյանը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների համեմատ՝ Հայաստանում ամենացածր կենսաթոշակն է։ «Այս թվերին տիրապետում են նաեւ իշխանությունները՝ վարչախումբը, բայց որդեգրել են այն մոտեցումը, որ կարող են մանկական ստերով պարզապես խուսափել հարցից։ Վարչախմբի ղեկավարն անընդհատ հայտարարում է՝ մենք թոշակները 5 անգամ բարձրացրել ենք։ Իհարկե, դա սուտ է, որովհետեւ 5 անգամ կատարած գործողությունը չի նշանակում թոշակների չափի 5 անգամ բարձրացում։ Թոշակները չեն բարձրացել 5 անգամ, էս մարդիկ պարզապես ստում են»,- նշեց Հրայր Կամենդատյանը՝ խոսելով կենսաթոշակառուների համար գործող հետվճարի համակարգի մասին։

Նա հավելեց, որ սպառողական գների ինդեքսը խժռում է թոշակառուների գնողունակության հնարավորությունը։ Գնաճի հետեւանքով թոշակառուն նույն գումարի չափով ձեռք է բերում ավելի քիչ ապրանքներ ու ծառայություններ։ Եվ երկրում աղքատության մակարդակը շարունակում է բարձր մնալ։ «Մի խնդիր էլ կա՝ դա թերսնվածության մակարդակն է։ Թերսնվածության մակարդակը մեր երկրում 2013-2014 թվականներին կազմում էր 4,5 տոկոս, 2017 թվականին՝ 9,5 տոկոս, եւ հիմա այդ ցուցանիշն ավելի բարձր է։ Սա խայտառակ իրողություն է։ Սրանք թվեր են անտարբերության մասին, ուրացման մասին։ Եվ այն քաղաքական վարչախումբը, որը Հայաստանում ներկայումս աշխատում է, մեր 502 հազար թոշակ եւ նպաստ ստացող քաղաքացիներին պարզապես մոռացել ու ուրացել է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«ՀայաՔվե»-ի խորհրդի անդամ Դավիթ Հակոբյանն էլ նշեց․ «Այսօր ՀՀ-ում նվազագույն սոցիալական զամբյուղը կազմում է 77 հազար դրամ։ Նվազագույն կենսաթոշակը կազմում է 36 հազար դրամ։ Պարզ երեւում է, որ այդ նվազագույն կենսաթոշակով քաղաքացին չի կարող հասանելիություն ունենալ նվազագույն սպառողական զամբյուղին։ Առավել եւս չի կարող հասանելիություն ունենալ պարենային զամբյուղին, որը սահմանված է 41 հազար դրամ։ Այսինքն՝ այսօր մեր կենսաթոշակառուները համարվում են հասարակության ամենախոցելի եւ ամենաաղքատ խավերից մեկը, որոնք իշխանությունների կողմից մատնվել են անուշադրության»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ «ՀայաՔվե»-ն հաջորդ շաբաթվանից ստորագրահավաք կանցկացնի եւ հանրագրով կդիմի իշխանությանը՝ կենսաթոշակները երկու տարում 50 տոկոսով բարձրացնելու պահանջով։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930