Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանն ու Հայկ Սարգսյանը միմյանց դեմ կարգապահական վարույթներ հարուցելու դիմումներ են ներկայացրել

Սեպտեմբեր 17,2025 14:30

Մի շարք ԶԼՄ-ներ ստացել էին հետեւյալ ահազանգը. «ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավել մարդ էր մասնակցում։ Սկզբում բոլորս շոկի մեջ էինք, բայց երբ նա պատմեց որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսեցին ծափահարել։

Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ Վիվառո ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև երկրի վարչապետին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին։

Սարգսյանը նաև տեսանյութեր է ուղարկել է կուսակցության բոլոր անդամներին, որտեղ իր ասածները հիմնավորում է փաստերով»:

Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիրը» տարածել է հետեւյալ պարզաբանումը. «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։

Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։ ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։

Միեւնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ Կանոնադրության համաձայն Կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930