«Ավետ Բաբայանի հայտարարություններն ընկալում եմ՝ որպես պաշտպանվելու միջոց․ իհարկե՝ շատ անհեթեթ միջոց։ Կան բավարար ապացույցներ, որոնք վկայում են մեր խոսակցության մասին»,- Aravot.am-ի փաստմանը՝ Երևանի քաղաքապետարանի hասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետ Բաբայանը «Սիվիլնեթի» հետ զրույցում պնդել է, որ «լրագրողին չի ճանաչում և նրա հետ երբևէ չի շփվել», մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց լրագրող Հակոբ Կարապետյանը։
Նա նշեց, որ ավելին հայտնել չի կարող, քան իրավապահներն են հայտնել, նախաքննությանը չվնասելու համար։
Հիշեցնենք՝ լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ իր ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն։ Լրագրողի հաղորդմամբ՝ որոշ ժամանակ անց աշխատավայրի մոտ ինքը դիմակավորված անձի կողմից բռնության է ենթարկվել։ Հարուցվել է քրեական գործ։
Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ երկու անգամ հարցաքննվել է․ «Ինչ-որ գործողություններ իրականացվում են։ Իրավապահների գործողություններից այս պահին դժգոհելու բան չունեմ։ Հուսով եմ՝ ընթացքում քաղաքական ճնշումներ կամ այլ հանգամանքներ չեն խանգարի իրենց քննությունն առաջ տանել»։
Կարդացեք նաև
Նշենք, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել։
Ավետիք Բաբայանն էլ 24News-ի հետ զրույցում նշել էր, թե արձակուրդ է մեկնել՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով: Հարցին, իսկ հնարավո՞ր է, որ արձակուրդից հետո այլևս չվերադառնա աշխատանքի, Բաբայանը պատասխանել է. «Եկեք ամեն ինչ թողնենք ժամանակի վրա, մենք ապրում ենք իրավական պետությունում, ոչ ոք անպատիժ չի կարող մնալ»։
Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում այս առիթով ասաց․ «Ես կարծում եմ, որ այս պահին այս հանգրվանին դա դրական նորություն է՝ քաղաքապետարանից ստացված, որը համարում եմ հանրային ճնշման, լրագրողական հանրության, քաղհասարակության ճնշման, խնդրի հանրայնացման արդյունք։ Մնացածը կտեսնենք, թե քրեական վարույթն ինչ ձևով կանդրադառնա այս հանգամանքին։ Երբ մարդը ստում է, ի պաշտպանություն իրեն ասում, որ որևէ առնչություն չի ունեցել, ինձ մոտ առաջանում են էլ ավելի խորը կասկածներ և կայուն համոզմունք, որ երկու դեպքերն իրար հետ կապված են։ Այսինքն՝ իմ դեմ կատարված հարձակումն այդ խոսակցության հետևանքն է»։
Նաև հիշեցրինք, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի՝ ավելի ուշ արված հետևյալ հայտարարությունը․ «Երևանի քաղաքապետը տեղյակ չի եղել Բաբայանի ու Կարապետյանի խոսակցություններից։ Կարապետյանի ֆեյսբուքյան հրապարակումից հետո մենք ճշտել ենք, և պարոն Բաբայանի կողմից ներկայացվել է զեկուցագիր։
Բաբայանը հանրային ծառայող է և վարքականոնի խախտում է թույլ տվել, ինչի հիմքով էլ խիստ նկատողության է արժանացել։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ծեծկռտուքը հաջորդել է խոսակցություններին, և Հակոբ Կարապետյանը դրանք կապում է իրար հետ՝ Բաբայանի՝ արձակուրդ գնալը պայմանավորված է նաև նրանով, որ ինքը չզբաղվի իր բուն ծառայողական պարտականություններով»։ Հակոբ Կարապետյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ
որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն ասել է՝ ուսումնասիրվել է դեպքը և արձանագրվել հանրային ծառայողի կողմից ոչ պատշաճ վարքագիծ ու նշեց․ «Սա նշանակում է, որ Ավետ Բաբայանի՝ նախորդիվ արված պնդումները այն մասին, թե ինձ հետ որևէ առնչություն չի ունեցել, կեղծ են»։
Մեր այն դիտարկմանը՝ քաղաքապետի մամուլի խոսնակը հավելել է՝ դեռ պիտի համոզվեն՝ որքանով Ավետ Բաբայանը կապ ունի այս ամենի հետ և հարցին՝ սա՞ ինչպես կմեկնաբանի, Հակոբ Կարապետյանը պատասխանեց․ «Մենք գործ ունենք երկու դրվագի հետ․ մի դրվագում այն է, որ Ավետիք Բաբայանը քաղաքացուն ոչ հարիր և հատկապես պաշտոնյային ոչ հարիր վարքագիծ է դրսևորել ինձ հետ առնչություններում և երկրորդ դրվագն իմ դեմ կատարված հարձակումն է։
Ինձ համար ես հետևություն եմ անում, որ մարդու հետ ունեցել եմ խոսակցություն, կոնֆլիկտ, իմ հասցեին հայհոյանքներ, սպառնալիքներ է հնչեցրել ֆեյսբուքով, հետո հեռախոսի միջոցով, դրանից հետո ինձ վրա հարձակվել են, հետո ասել է՝ այդ մարդուն չեմ ճանաչում և չեմ շփվել նրա հետ, հետո ինձ հետ շփման ժամանակ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառաբանությամբ մեկնում է արձակուրդ և խիստ նկատողություն ստանում։
Այստեղ հետևությունները պարզ են։ Հաստատվում է այն փաստը, որ այդ մարդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել, սպառնալիքներ և հայհոյանքներ է տեղացրել, հետևաբար նաև հաստատվում է մոտիվը արդեն հարձակման՝ հանցանքի կատարման։ Մնացածը հուսով եմ քրեական վարույթի ընթացքում կապացուցվի։ Ինձ համար կասկածի որևէ տեղ չկա։ Ամեն ինչ ինձ համար հստակ է»։
Հակոբ Կարապետյանի վստահեցմամբ՝ նախաքննությունից ու իր դեմ հարձակումից առաջ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց մասին քաղաքապետարանի համապատասխան անձինք, պաշտոնյաներ տեղյակ են եղել, և նրանք առնվազն դրա հետ կապված պետք է դիրքորոշում հայտնեն ու բացատրեն հանրությանը, թե ինչ են արել իրենք կանխելու համար այս իրավիճակը և ինչ չեն արել կանխելու համար և ընդհանրապես մեկնաբանեն, թե ինչպես է լինում, որ իրենց պաշտոնյաներին փոխանցում ես խնդրի մասին և դա որևէ կերպ չի հասցեագրվում․ նկատի ունեմ մեր առաջին օրվա խոսակցությունը»։
Հակոբ Կարապետյանն ասաց՝ դեպքից հետո, առավելագույնս սթափ կերպով փորձել է վերլուծել, և ուրիշ որևէ պատճառ չի տեսնում․ «Որևէ փոքր-ինչ ողջամիտ պատճառ չեմ տեսնում, որ կարող էին իմ դեմ հարձակվել։ Ակնհայտ է ամեն ինչ։ Եղել են բացահայտ սպառնալիքներ ֆիզիկական հաշվեհարդարի, որոնք մի քանի օր անց ըստ էության իրականացվել են։
Այսինքն՝ նաև այստեղ կարևոր հանգամանք կա, որ երբ այդ զրույցը Բաբայանի հետ տեղի է ունեցել, դրանից հետո ես մեկ շաբաթ արձակուրդում եմ եղել․ աշխատավայր չեմ եկել, դրանից հետո եկել եմ, առաջին մի քանի օրը մեր գործընկերներից մեկն է իր մեքենայով ուղեկցել ինձ տուն․ նույն ճանապարհի վրա ենք ապրում։ Միայն ուրբաթ օրը, երբ ինքս դուրս եմ եկել աշխատանքից և ուշ ժամի տուն եմ գնացել, տեղի է ունեցել այդ հարձակումը։ Դա ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ առաջին իսկ օրից սկսած իմ նկատմամբ դարանակալում է եղել, ամենայն հավանականությամբ հետևել են, և առաջին իսկ հարմար պահի իրագործել իրենց մտադրությունը»։
Հակոբ Կարապետյանը վստահեցրեց՝ պատճառը հենց իր քննադատական գրառումն է եղել․ «Ուզում եմ շեշտել, որ հանկարծ որևէ մոլորություն կամ տարընթերցում չլինի։ Այստեղ կենցաղային, այսպես ասած տղայական խոսակցություն չէ, կենցաղային հողի վրա արված դեպք չէ, սա իմ՝ հանրային խնդրի վերաբերյալ գրառման հետ կապված միջադեպ է»։
Լրագրողը մանրամասնեց՝ առաջինը Ավետ Բաբայանն է գրել իրեն․ «Միանգամից՝ առանց որևէ հարցուպատասխանի, պարզաբանման փորձերի վիրավորական արտահայտություններով է խոսել ինձ հետ։ Խոսակցությունը վերաճել է ավելի կոշտ վիրավորանքներով խոսակցության, որից հետո ինքն ինձ արգելափակել է․ պատասխանելու հնարավորություն չի տվել։ Դրանից հետո խոսել եմ քաղաքապետարանի պաշտոնյաների հետ, ներկայացրել խնդիրը և ակնկալել գործողություններ։ Երկու օրվա ընթացքում որևէ արձագանք չեմ ստացել, ինքս գտել եմ իր կոնտակտը և գործավարին հեռախոսահամարս եմ փոխանցել ու խնդրել իրեն՝ փոխանցի, որ Բաբայանը զանգի ինձ։ Նա զանգել է ինձ ու կրկին սպառնալիքներ է հնչեցրել»։
Մեր այն հիշեցմանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր մամուլի ասուլիսի ժամանակ վիրավորեց որոշ լրատվամիջոցների և մեղադրանքներ հնչեցրեց նրանց հասցեին և հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք քաղաքապետի՝ այս վարքագիծը, Հակոբ Կարապետյանն այսպես արձագանքեց․ «Երևանի քաղաքապետն առաջին անգամը չէ, որ մեղադրական տոնով և վիրավորական արտահայտություններով խոսում է լրատվամիջոցների մասին․ երբեմն մասնավորեցնում է, երբեմն ընդհանրական ձևակերպումներով։ Անցյալ տարի նոյեմբերին, հիշում եք, ինքն ասաց, որ մեդիան վերածվել է մի մեծ աղբանոցի, հետո շտկեց՝ որոշ մեդիաներ։
Պարբերաբար և ոչ միայն Տիգրան Ավինյանը, այլև բարձրաստիճան շատ իշխանավորներ սովորություն ունեն քննադատելու մեդիան։ Դրանից տուժում են հիմնականում որակյալ լրատվամիջոցները, որոնք որակյալ հետաքննություններ են անում և փորձում բացահայտել իշխանության չարաշահումները կամ կոռուպցիոն դեպքերը կամ առնվազն կոռուպցիոն ռիսկերը, և լրատվամիջոցները հայտնվում են իշխանության կոշտ քննադատության և պիտակավորումների թիրախի տակ։
Կարծում եմ՝ նաև այդ հայտարարությունների ստեղծած մթնոլորտն է, որ կարող է ինչ-որ մարդկանց հիմք տալ մտածելու, որ կարելի է լրագրողների քննադատությանը պատասխանել վերբալ ագրեսիայով, իսկ որոշ դեպքերում նաև բացահայտ ֆիզիկական ագրեսիայի դիմել։ Սա սիմպտոմատիկ երևույթ է․ ոչ պատահականություն, ոչ էլ եզակի երևույթ և միտում է մանավանդ ընտրություններից առաջ։ Իսկ ընտրությունների ժամանակ այդ խոսույթը սովորաբար սրվում է, կարող է անկանխատեսելի և վտանգավոր հետևանքների հանգեցնել՝ առավել ևս, եթե արդեն եղած դեպքերը պատշաճ գնահատական չստանան ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ