145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն` ՀՀ-ին. Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է` ուղղված «Թրամփի ուղի» նախագծին եւ օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում ներդրումներին աջակցելու նպատակով
Սեպտեմբերի 11-12-ը Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այցի նախաշեմին ընդգծեց տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ընդհանուր հանձնառությունը։ «Զարգացնելով մեր ռազմավարական գործընկերության հիմքերը՝ մենք շարունակում ենք ամրապնդել երկկողմ կապերն ու դիտարկել համագործակցության հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ուղղություններում», ասվում էր հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 11-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը: Նրանք քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի կարեւորությանը: Այս համատեքստում Բրենդան Հենրեհենը նշել է. «Աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի եւ օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առեւտրի, ենթակառուցվածքների, կարեւորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների եւ միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:
Կարդացեք նաև
Այսպես, «Թրամփի ուղու» նախագծի շրջանակներում ԱՄՆ-ը մտադիր է Հայաստանին 145 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել: Թե որքան կկազմի ֆինանսական հաջորդ մասնաբաժինը, եւ ընդհանուր այս նախագծի ֆինանսավորումը որքան կարժենա, որեւէ տեղեկություն չկա: Պարզ չէ նաեւ ԱՄՆ հատկացվելիք այս աջակցությունը ի՞նչ կարգով է տրամադրվելու, այն դրամաշնո՞րհ է, թե՞ դրանք այն ներդրումներ են, որոնք պետք է իրականացվեն «Թրամփի ուղու» ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:
Հենրեհենի այցի նախաշեմին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»: «Փաստացի գործնական փուլում ենք: Հայաստանի՝ տրանսպորտային հաբ դառնալն արդեն գործնական փուլում է: Մեղրիի ու Կապանի բնակիչներն ամեն օր տեսնում են այն սարերը, որ քանդվում են ու հյուսիս-հարավ նոր ճանապարհն է կառուցվում»,-ասել էր նա, հավելելով՝ զուգահեռ ամերիկյան կողմը կգա, կծանոթանա, հողի վրա հաշվարկներ կիրականացնի, -«Եվ կմտնենք պրակտիկ փուլ, որի արդյունքում Հայաստանը կդառնա համաշխարհային, տրանսպորտային հաբ»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը սեպտեմբերի 12-ին ընդունեց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հենրեհենին։ Նրանք քննարկվել էին ՀՀ եւ ԱՄՆ-ի միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման եւ առեւտրաշրջանառության ավելացման հեռանկարները, անդրադարձել երկկողմ հարաբերությունների զարգացմանը մի շարք առանցքային ոլորտներում՝ առեւտուր եւ ներդրումներ, գյուղատնտեսություն եւ սննդի անվտանգություն, էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ եւ նորարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ թվային տնտեսություն, զբոսաշրջություն։
Անդրադառնալով TRIPP հաղորդակցության ծրագրին ու ենթակառուցվածքներին՝ Գեւորգ Պապոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է TRIPP հաղորդակցության ծրագրով եւ առաջարկել է այս նախագծերը զարգացնել PPP ձեւաչափով՝ ապահովելով մասնավոր ներդրումների ներգրավում, ինչպես նաեւ նախաձեռնել ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մշակում։ Նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ ասվում էր. «Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։ Այս համատեքստում Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկը» ոչ միայն տնտեսական, այլեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման նախագիծ է, որը կնպաստի տարածաշրջանային համագործակցության խորացմանը եւ լարվածության նվազեցմանը։ Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանը կարեւորում է ամերիկյան փորձը եւ աջակցությունը ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգության արդիականացման գործում»։
Բրենդան Հենրեհենին ընդունել էր նաեւ Հայաստանի արտգործնախարարը: Նրանք քննարկել էին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ օգոստոսի 8-ին ստորագրված երկկողմ հուշագրերի կյանքի կոչման միջոցով: Նշվում էր, որ անդրադարձել են էներգետիկայի, արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության հնարավորություններին, քննարկել են նաեւ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի իրականացմանն, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» կյանքի կոչմանն առնչվող հարցեր: «Երկուստեք ընդգծվել է համաձայնեցված սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների եւ ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման կարեւորությունը՝ ինչպես տարածաշրջանային խաղաղության, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածության ավելացման համատեքստում», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ամերիկացի պաշտոնյան Երեւանում էր, երբ ԱԺ-ում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադառնալով հարցին, թե «Թրամփի ուղի» կոչվող ճանապարհային հանգույցում արդյո՞ք մաքսային համակարգը գործելու է եւ ի՞նչ կարգով է գործելու: Նա պատասխանել էր, որ «Թրամփի ուղին» ենթադրում է մաքսային ծառայության առկայություն. «Այո, եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունն այդտեղ գործելու է, ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այնուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր քաղաքականությունը մաքսային տոտալ է, այսինքն, մենք բոլոր սահմաններին դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում»:
Ճշգրտող հարցին, թե այդ ճանապարհային հանգույցը կամ ճանապարհը իրենից ի՞նչ է ներկայացնում, ԵԱՏՄ-ի կանոնները որքանո՞վ են գործելու այդ ճանապարհի վրա, գործելու են, թե չեն գործելու, ՊԵԿ նախագահն արձագանքել էր. «Թրամփի ուղղու հետ կապված հստակությունն այն է, որ այդ դրույթներն են հստակ հիմնավորում, որ մաքսային ծառայություն լինելու է։ Ինչ վերաբերում է մաքսային ծառայության դետալներին, դրանք հիմա ակտիվ քննարկվում են»։
Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը աշխատանքային քննարկում է ունեցել հայաստանյան պաշտոնյաների եւ Հայաստանում ակտիվորեն գործող ամերիկյան Firebird եւ NVIDIA ընկերությունների ներկայացուցիչների հետ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից հայտնի էր դառնում. «Նորարարությունների ոլորտի այս ընկերությունները ձեւավորում են գործընկերային կապեր, որոնց շնորհիվ Հայաստանը վերաճում է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի։ Օգոստոսի 8-ին ԱԲ-ի եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին հուշագրի ստորագրմամբ Միացյալ Նահանգների կառավարությունը խորացնում է համագործակցությունը Հայաստանի հետ»:
Այսպիսով, ԱՄՆ նախագահ Թրամփը Երեւան էլ գործուղեց պաշտոնյայի: Թերեւս, սկսվում է ամենահետաքրքրական պահը, հասկանալու, թե Թրամփի կառավարությունը` որպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասնակից, որքանո՞վ է լուրջ տրամադրված եւ ինչպե՞ս է երաշխավորելու ծրագրերի իրականացումը գործնականում:
Ամերիկացիներն ավելի վաղ Բաքվում էին, որտեղ քննարկել էին Թրամփի մասնակցությամբ ստորագրված փաստաթղթերի իրականացման հարցը:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.09.2025