Հարցազրույց զինհաշմանդամ, ՀՀ պարալողի բացարձակ չեմպիոն, ոսկե մեդալակիր լողորդի հետ
Առաջին անգամ կայացավ Պարա Լողի Հայաստանի Հանրապետության Առաջնությունը: Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի հիմնադիր նախագահ Հակոբ Աբրահամյանի եւ սպորտի գիտակների կողմից իրականացվող մրցաշարը տեղի ունեցավ Հայ-ռուսական համալսարանի սպորտկոմպլեքսի լողավազանում, որտեղ ազատ ոճ եւ թիկնալող լողաոճերում ուժերը չափեցին հաշմանդամություն ունեցող պարալողորդները: Լողի մարզաձեւում պարալողորդների քանակը, համեմատած մյուս մարզաձեւերով զբաղվողների հետ, քիչ է, բայց իսկապես չհանձնվող ու պայքարող տեսակի մասին է խոսում անգամ սակավաթիվների փաստը։ Այդուհանդերձ, մրցաշարին մասնակցում էր 22 մարզիկ՝ 6 կին եւ 16 տղամարդ: Օրվա հերոսներից է Գարիկ Միքայելյանը, զինհաշմանդամ, նկարիչ, մասնագիտությամբ ռադիոֆիզիկ, լողով զբաղվում է շուրջ չորս տարի։ Վերին վերջույթների, զույգ ձեռքերի բացակայությունն անգամ չի խանգարել նրան, որպեսզի տիրապետի լողի չորս լողաոճերին՝ բրաս, կրոլ, բատերֆլայ(դելֆին) եւ թիկնալող։ Պարալողորդ Գարիկի արդյունքները բարձր են՝ ստանալով երեք ոսկե մեդալ՝ իր S5 դասակարգում ազատ ոճ(դելֆին), S5 դասակարգման թիկնալող եւ բոլոր դասակարգումների թիկնալող խմբերում գրավելով առաջին տեղը, դարձավ Հայաստանի Հանրապետության բացարձակ չեմպիոն, որի ցուցանիշը թիկնալողով 50 մետրը 48 վայրկյանում անգերազանցելի է:
Զինհաշմանդամ, ՀՀ պարալողի բացարձակ չեմպիոն, ոսկե մեդալակիր լողորդի հետ հարցազրույցը մանրամասներ է ներկայացնում։
–Զինհաշմանդամությունն անգամ Ձեզ զույգ ձեռքերի բացակայությամբ չկարողացավ կոտրել, սա կյանքի մի այլ իրականություն է, որը ընդունել ու առաջ եք շարժվել, բնականաբար, սարսափելի մեծ դժվարությունների միջով, ահռելի կամքի գնով, բնավորության լավագույն գծերի վրա հենված, չչարանալով մարդկանց եւ աշխարհի դեմ դուք բարին եք արարել, ֆենոմենալ երեւույթների մասին, չգիտես ինչու, կյանքի թոհ ու բոհում կարծես թե չենք նկատում, նման առիթներն են հարթակ ծառայում խոսելու, բարձրաձայնելու նրանց մասին, ներկայացնելու նրանց։ Որպես պարալողորդ սա Ձեր որերո՞րդ մասնակցությունն է նման միջոցառմանը։ Ի՞նչ արդյունք արձանագրեցիք, ի՞նչ պահանջներ կան, որոնց մինիմում բավարարման դեպքում այս սպորտաձեւով զբաղվողների թիվը կարող է ավելանալ եւ ի՞նչ է այն անձամբ Ձեզ համար:
Կարդացեք նաև
–Շատ ուրախ եմ, որ կայացավ Պարա Լողի Հայաստանի Հանրապետության Առաջնությունը, որտեղ արժանացա Հայաստանի բացարձակ չեմպիոնի տիտղոսին՝ թիկնալողով 50 մետրը 48 վայրկյանում առանց ձեռքերի հաղթահարելով։ Շնորհակալ եմ Աստծուն, կնոջս՝ ով արվեստաբան է, բայց բազմաբովանդակ մարդ է ու այսօր նաեւ իմ սպորտի մեջ լինելու մեղավորը, ով թույլ չտվեց ինձ հուսահատվել, իր նվիրումով ու օգնությամբ, որը թվարկել չեմ կարող, նա իմ ձեռքերն է նաեւ, շնորհակալ եմ իմ առաջին մարզիչին՝ Համիկ Հակոբյանին, ով մեզ՝ զինհաշմանդամ տղաներիս անմնացորդ նվիրված էր եւ է… Քանի որ գրանցված եմ Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեում (International Paralympic Committee) որպես երկու ձեռք չունեցող լիցենզավորված պարալողորդ (para swimming), S5, SB5 եւ SM5 դասակարգերում (classification) շատ–շատ եմ ցանկանում, որ մրցույթները շատ լինեն, եւ իրականում կան մրցույթներ՝ առաջիկայում Միացյալ Արաբական Էմիրության մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի է ունենալու Աշխարհի պարա լողի մրցաշար, որին մեծ ցանկություն ունեմ մասնակցելու, մնում է հնարավորությունը, որի ֆիզիկական մասը ապահովում եմ ես իմ մարզումներով, իսկ ֆինանսական մասը կապահովի հովանավորը, իր հնարավորության եւ ցանկության դեպքում, Աստված առաջ: Բացի դա, աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են հաշմանդամային լողի՝ պարա լողի միջազգային մրցումներ, բայց Հայաստանի ներգրավվածությունը խիստ պասիվ է եւ դա ինձ տխրեցնում է։ Լողի հանդեպ սերն է, որ թույլ չի տալիս կոտրվել ու հիասթափվել… Լողալ սովորել եմ մանկուց, Աշտարակի ձորում, մեր առաջին լողավազանը Քասախ գետն էր, իսկ ջրացատկի հարթակները Աշտարակի ձորի ժայռերն ու քարափները: Այսօր լողը ինքնին թանկ սպորտաձեւ է, չես կարող տանը նստած մարզվել, ապրում եմ Աշտարակ քաղաքում, պարապմունքներս Օլիմպավան մարզական կենտրոնում է, որը գտնվում է Երեւանում։ Զինվորի տան լողի ծրագրի փակվելուց հետո ես մարզումներս շարունակեցի, իմ ջանքերով, իսկ հետագայում, եթե չլիներ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված դիմում-խնդրանքս եւ նրա աջակցությունը՝ թույլ տալ անվճար պարապմունքներս Օլիմպավանի լողավազանում, բնականաբար, առանց դրա չէի կարող նման պրոֆեսիոնալ լողավազանում շարունակել մարզումներս, որոնք ինձ համար թե՛ որպես սիրած սպորտաձեւ են կարեւոր եւ թե՛ նաեւ շատ կարեւոր են որպես առողջ ապրելակերպի գրավական, սրտաբանի խորհրդով այս մարզաձեւը ինձ համար ուղղակի անհրաժեշտություն է, որը միշտ պիտի շարունակեմ։ Ոչ մի այլ տեսակի աջակցություն որեւէ մեկից դեռ չեմ ստացել, քանի որ ունեմ զույգ վերին վերջույթների անպուտացիա, զինհաշմանդամ եմ, ով ունի կինեզիստի, օգնականի, տրանսպորտի հարցերի հետ կապված շատ խնդիրներ, բայց այդ ամենը հոգում ենք միայն մենք՝ ամուսիններով, իհարկե, շատ ու շատ դժվարություններ հաղթահարելով, որոնք արտաքնապես տեսանելի չեն մեր բնավորության պատճառով միայն, բայց դա բնավ չի նշանակում, որ այս կեցվածքը ընդունելի է հասարակության կամ այն պատկան մարմինների կողմից, ովքեր ի պաշտոնե պետք է զբաղվեն նման հարցերով։ Սա կարեւոր քայլ է հասարակությանը դեմքով շրջելու դեպի մեր նման անհատները, որոնք օրինակելի են ոչ միայն իրենց կարգավիճակի մարդկանց կյանքում, այլեւ մարդ տեսակի բացահայտում են ու խթան պայքարելու, չհանձնվելու եւ իրական արդյունք ստեղծելու։
–Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում եք ապրում։ Համայնքի պատկան մարմինները արդյո՞ք տեղյակ են Ձեր մասին, այն բացառիկ կարողությունների մասին, որոնցով արդյունքներ եք գրանցել կյանքում։
–Մարզային կառույցները տարեկան միջոցառումների կտրվածքով անշուշտ ՀՀ բյուջեից ստանում են գումարներ ինչ-ինչ միջոցառումների համար, որոնք ոչ տեսնում ենք, ոչ իմանում, գուցե դրանք իսկապես տեղի են ունենում, բայց մի՞թե չի կարելի այդ մշակութային ծրագրերի մեջ ներառել նաեւ անհատների, որոնք իրենց գործով շատ ավելին կարող են անել, քան կարելի է պատկերացնել, ստեղծել աջակցություններ, ներդրում անել անհատի վրա, սպորտն էլ, մշակույթի շատ ասպարեզներ էլ հենված են անհատի, անձի ներուժի վրա… Ժամանակն է դեմքով շրջվել դեպի իրականը եւ կարեւորը, որը կարող է շոշափելի արդյունք ստեղծել։
–Աջակցություն նման հարցերում ցուցաբերե՞լ են Ձեր նման անհատի նկատմամբ, ով ոչ միայն մերժում է հաշմանդամության պարտադրած սահմանափակումները, այլեւ կարծրատիպեր է կոտրում։ Դուք աշխատասիրության մարմնացում եք, Ձեր ողջ տեսանելի կյանքով, որի մեջ արձանագրած Ձեր առաջընթացը արդեն իսկ արժանի է խրախուսանքի, ուշադրության եւ հոգածության, քանի որ այն մաքսիմալը, ինչը դուք եք անում՝ մինիմալ պահանջների եւ լուծելի հարցերի խնդիր ունի միայն, որը ցանկության դեպքում կարող են լուծել։
–Անտարբերությունը չարիք է եւ մեծ մեղք. այդպիսին է մնալու բոլոր ժամանակներում, իսկ մենք մեր ժամանակի տերն ենք եւ ապագայի պատասխանատուն, դա այդպես է։
–Տեսակով պայքարող անհատ եք, ով ձեռքերը կորցնելուց հետո հաշմանդամությունը չի համարել դատավճիռ եւ շարունակում եք իսկապես զարմացնել Ձեր անցած ճանապարհով, որտեղ ձեռքբերումներն իրական ու շոշափելի են, նկարում եք, գեղանկարչության ժողվարպետի կոչում ունեք նաեւ:
–Արարչաստեղծ, ամենափրկիչ ուժին հավատում եմ, լինելով մասնագիտությամբ ճշգրիտ գիտության հետեւորդ, մասնագիտությամբ ֆիզիկ–ծրագրավորող եմ, բայց իմ կյանքում շատ եմ զգացել Աստծո գոյությունը եւ միշտ մտածել եմ, որ մենք՝ մարդիկս, ինչով ենք ցույց տալիս մեր հավատն ու սերը հանդեպ ՆԱ… Գեղանկարչությամբ զբաղվելը դա այն խորհրդավոր ուժն էր, որը «Ճանապարհ դեպի լույս» անվանված առաջին կտավովս սկիզբ դրեց իմ կյանքում մի նոր իմաստի, հավատարիմ ընկերոջ գոյության, որը արվեստն է, մաքրող, փրկող ու թեւեր տվող ուժ ունեցող արվեստը։ Սա իմ սիրո փոխադարձությունն է Աստվածային երեւույթին, այս կերպ։ Սկզբում նկարում էի ձեռքի պրոթեզներով, տասնհինգ տարի, եռակի անգամ շատ իրենց պիտանելիության ժամկետից այդ պրոթեզները ինձ ծառայեցին, բազմաթիվ անգամ վերանորոգվելով: Հիմա նկարում եմ ոտքով, տեւական ժամանակ է, ինչ այդպես եմ նկարում, չդավաճանելով իմ ու Աստծո միջեւ եղած այս երկխոսությանս։ Բազմաթիվ ցուցահանդեսներ եմ ունեցել, անհատական եւ խմբակային, բայց բացառիկներից էր շուրջ մեկ ամիս տեւած «Վերածնունդ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին իմ եւ արվեստաբան կնոջս գործերը, խորը ու մեծ իմաստ ուներ այդ խորագիրն ու ցուցահանդեսը, որը նոր զարթոնքի սկիզբ էր ավետում հայ իրականության մեջ եւ մեր կյանքում:
–Անել անհնարինն ու անել այն սովորականի նման՝ ասես այդպես էլ պիտի լիներ, իսկ արձագանքները, շատերին մոտիվացնելը, դրական, շոկային էմոցիաներ տալը մեծ էներգիա է տանում այն փոխանցողից, իսկ տեղը ինչո՞վ է լցվում, կա՞ փոխադարձ լիցքավորման այդ էներգետիկան:
–Նորից կրկնեմ, որ անտարբերությունը դա մեղք է, որը մեր հասարակության կամ դարի հիվանդությունն է դարձել: Իմ բոլոր ցուցահանդեսներն ու աշխատանքները ունեցել են հրաշալի արձագանքներ, մեծ ճանաչելիություն շրջապատում, եթերում, մամուլում եւ այլն, բայց… Ի՞նչ է պետք ինձ նման անհատ ստեղծագործողին, զինհաշմանդամ պարալողորդին, շատ բան, որի մասին անպայմա՞ն է բողոքի լեզվով խոսել… Չեմ ուզում դա անել: Որտե՞ղ է պետական ուշադրությունը, պատկան մարմինների ուշադրությունը, ինչու մեր նման մարդկանց հանդեպ չի արվում այն, ինչ բոլոր զարգացած, եվրոպական երկրներում կգտնես, մեզանից հազար անգամ քիչ բան անող, մեր կարգավիճակին մոտ մարդկանց հանդեպ: Մինիմալն անգամ մի՞թե հնարավոր չէ անելգ մշակել ծրագիր, ընդգրկել դրանում մեր նման մարդկանց, առաջ տանել, ճանաչելի դարձնել, մոտիվացիա ստեղծել: Հարթակ տրամադրել, խրախուսել, աջակցել եւ ստանալ արդյունք… Անհատների հանդեպ ունենալ վերաբերմունք, որովհետեւ որքան էլ հակառակը առաջ մղվի, միեւնույն է, անհատներն են որոշել ու առաջ տարել կյանքը, ոլորտները… Անհատներն են եղել գիտական բացահայտումների գագաթը, հանճարեղ մարդիկ խմբերով չեին շրջում եւ չունեին խմբային մտածողություն, այդպես է եղել նաեւ գեղարվեստում, վերածննդի ժամանակաշրջանին նայեք, նայեք մերժվածների ակումբին, բոլորը անհատներ էին: Մի մասն իր ժամանակի մեջ գնահատված ու մինչ օրս փառաբանվող, մի մասը՝ հետո: Լողի ասպարեզի մեր մեծերին նայեք, Դավիթ Համբարձումյան, Շավարշ Կարապետյան եւ այլք, անհատներ էին, որոնք պատմություն կերտեցին։
Իմ արարելու, ստեղծելու, կյանքին լիարժեքորեն մասնակից լինելու փաստը շատ շատերի համար ստիմուլ է, ես դա գիտեմ հազար տոկոսով… Մնում է, որ փոխադարձության օրենքն էլ գործի, անվերջ տալով չսպառվելու համար… Առայժմ ես դա ստանում եմ ընտրված մարդկանց կողմից, որոնք իմ ընկերներն են, իմ կինն է, ստանում եմ իմ պարտեզից, որը իմ եւ կնոջս համատեղ ստեղծագործությունն է, ԳԱրմին ԳԱրդենը, մեր ձեռքով տնկված ու մեծ ջանքերով մշակվող, խնամվող մի ինքնատիպ դենդրոպարկ-թանգարանային պարտեզ մեր անուններով անվանակոչված։
–Ո՞րն է Ձեր պահանջը ինքներդ ձեզնից եւ հասարակությունից:
–Ես կյանքն ու հայրենիքս ռեալ գործով եմ սիրում, ոչ թե բառերով, ես այն ներսից եմ սիրում, կպած իմ հայրենիքին, անգամ ձեռքերս կորցնելուց հետո, կարող էի ավելի ապահով կյանք փնտրել եվրոպաներում, բայց օտար լինել չեմ ուզում, հայրենիքս, տունս դա ինձ համար պատասխանատվություն է: Անշուշտ, ծանր բան է պատասխանատվություն ունենալը, բայց կարեւոր ու պարտադիր պայման է, եթե քեզանից մի բան ներկայացնում ես կյանքում եւ շրջապատում, եղի՛ր այդպիսին… Հիմա, ցավոք, մեզանում ճիշտ հակառակն է, դրա համար էլ բողոքելու տեղ միշտ կա ու կա… Ուզում եմ հակառակը լինի։
Հարցազրույցը՝
Արմինե ՄԵԼԻՔ–ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ արվեստաբան
«Առավոտ» օրաթերթ
17.09.2025